Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայերենը վտանգված է. յուրաքանչյուր հայ, ով հեռանում է հայրենիքից, իր հետ հայերենի մի փոքր մասն է տանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Ըստ նրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանում ռուսալեզու գիմնազիա բացելու հեռանկարը Հայաստանին կկանգնեցնի ՀՀ-ում ռուսախոսության տարածման վտանգի առջեւ: Գյուրջինյանը հիշում է` խորհրդային տարիներին Հայաստանում ռուսերեն խոսելը քաղքենիության նշան էր, եւ մեր օրերում նույնպես կան խմբեր, որոնք երազում են ռուսախոսության ավելացման մասին:
«Այսօր Հայաստանից բազմաթիվ հայեր են գաղթում ՌԴ, եւ տարիներ անց նրանց զավակների համար հայերենը դառնում է «խոհանոցային» լեզու: Եթե Հայաստանում բացվի այդ գիմնազիան, պարզ է, որ այնտեղ ռուսերեն պետք է դասավանդվեն առարկաները, իսկ գիմնազիան ավարտած շրջանավարտի մասնագիտական լեզուն նույնպես ռուսերենը կլինի: Այսինքն` մենք կրկին գալիս ենք այն կետին, որից հազիվ ենք հեռացել. հիշենք, թե ինչպես էին տարիներ առաջ բժշկական համալսարանի ուսանողները միայն ռուսերենը կիրառում»,- ասաց լեզվաբանը:
Ըստ նրա` հայերենի պաշտպանության գործը պետք է պետական հոգածության առարկա լինի եւ ազգային անվտանգության խնդիր համարվի: Եթե պետական մարմինները չեն զբաղվում այդ հարցով, ապա, ըստ լեզվաբանի, հասարակությունը պետք է իր դիրքորոշումն ունենա եւ քայլեր ձեռնարկի:
Yerkir.am-ի հարցին` եթե գիմնազիան չբացվի, Հայաստանն այլեւս ռուսախոսության տարածման խնդիր չի՞ ունենա, Գյուրջինյանը պատասխանեց` կունենա. «Այո, գիմնազիայի բացման հեռանկարն ի չիք դառնալու դեպքում հարցին լուծում չի տրվի: Այդ վտանգը կա ու կլինի: Խնդիրը հասունացել է` անկախ այդ որոշումից, քանի որ հայախոսության տարածքն ու ծավալը գնալով փոքրանում է»:
Վերջում լեզվաբանն իր խոսքն ուղղեց կրթության եւ գիտության, սփյուռքի նախարարություններին` հորդորելով քայլեր ձեռնարկել հայոց լեզվի պահպանման ուղղությամբ: