կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-07 11:15
Սպորտ

Մեր բաժին ուրախությունը (ֆոտո)

Մեր բաժին ուրախությունը (ֆոտո)
Երեկ առավոտից  Երևանում ֆուտբոլային տրամադրություն էր: Յուրաքանչյուր երրորդը խոսում էր Չեխիա-Հայաստան խաղի մասին: Հայաստանի հավաքականի հաղթանակին սպասողների թիվը մեծ չէր, սակայն հավատում էին, որ ամեն բան հնարավոր է: Հայաստանի ընտրանին մեկ անգամ չէ, որ ապացուցել` դրսում ավելի վստահ է խաղում, քան տանը: Ուստի հենց այդ համոզմունքով էին հավատում երկրպագուները:

 

 Խաղի հենց սկզբից պարզ դարձավհեշտ խաղ չի լինելու: Առաջին րոպեներին չեխերը չէին հեռանում մեր հավաքականի կիսադաշտից, սակայն, բարեբախտաբար, առաջին գոլը հաջողվեց խփել մեզ` ավելի ճիշտ Կառլեն Մկրտչյանին:

 

Հավաքականին դժվարին կացության մեջ թողեցին Արազ Օզբիլիսը և Ռոման Բերեզովսկին, ովքեր վնասվածքի պատճառով լքեցին խաղադաշտը: Ստացվեց` Վարդան Մինասյանը երկու հարկադրված փոփոխություն կատարեց: Անսպասելի էր, երբ լուսատախտակին վառվեց Լևոն Հայրապետյանի համարը: Կիսապաշտպանի փոխարեն պաշտպան հանելով` Մինասյանը հասկացրեց, որ այլևս չի կենտրոնանում հարձակման վրա:

 

Պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել փայլուն խաղով, սակայն բախտը նրան չժպտաց, երբ Ռոսիցկու ուղղած գնդակը, դիպչելով նրա ոտքին հայտնվեց Բերեզովսկուն նոր փոխարինած Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասումԵթե չլիներ Յուրա Մովսիսյանի` վերջին գոլի փոխանցումը, ապա նրան կարելի էր համարել հանդիպման վատագույն խաղացող: Մոսկվայի  «Սպարտակ»-ի հարձակվողը երկու անգամ, գրեթե նույն դիրքից վրիպեց` կորցնելով գոլային 100% հնարավորությունը:

 

Իսկ ահա Գևորգ Ղազարյանին ֆուտբոլային բախտը ժպտաց: Հանդիպման ընթացում նա ևս հրաշալի պահ բաց թողեց, սակայն խաղի վերջին րոպեին նրա խփած գոլը նրան դարձրեց հանդիպման հերոս:

 

 Դանիայի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ընտրանին երկու լուրջ կորուստ ունի: Որակազրկման պատճառով առաջիկա խաղը բաց կթողնեն Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը:

 

Հետխաղյա ճեպազրուցի ժամանակ Հենրիխ Մխիթարյանն ասել էր, որ այս հաղթանակով նրանք փակել են բոլորի բերանը, սակայն մեկընդմիշտ «փակելու»   համար Դանիային և Իտալիային ևս  հաղթել է պետք:

 

Ինչևէ, հաղթանակն այլևս փաստ է: Խաղից հետո դուրս գալով փողոց` հասկանում ես, թե ինչքան քիչ բան է հարկավոր մեզ` ուրախանալու համար: Ժողովուրդը մի պահ մոռացել էր հոգսերի, դժվարությունների, Փակ շուկայի, Կոմիտաս 5-ի, Մաքսային միություն մտնելու մասին: Սա էլ մեր բաժին ուրախությունը....

 

Առջևում Դանիայի հետ հանդիպումն է: Հուսանք և սպասենք...

 

 Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ