կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 17:20
Իրավական

Անիրազեկ քաղաքացին հարստացնում է մասնավոր ընկերությունը

Անիրազեկ քաղաքացին հարստացնում է մասնավոր ընկերությունը

Երևանում շարունակվում է  «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից  քաղաքի փողոցները  տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով և համապատասխան գծանշումներով զինելու, այսպես ասած` ավտոկայանատեղիների կահավորման գործընթացը: Մինչև 2014-ի ավարտը  քաղաքում նախատեսված է կահավորել 20 հազար ավտոկայանատեղի:

 

Սակայն պարզվում է, որ նախորդ տարի հիմնադրված ընկերությունը, բացի իր հիմնական գործառույթից,  այն է` Երևանում քաղաքակիրթ ավտոկայանատեղերի կազմակերպում,  այլ լիազորություն էլ ունի. ընկերությունը, Երևանի ավագանու Ն561 որոշմամբ, իրավունք  է ստացել կարգազանց  վարորդների մեքենաները տեղափոխել սեփական տուգանային հրապարակ: Մի գործառույթ, որը մինչ այժմ վերապահված է եղել միայն ՀՀ ոստիկանությանը:

 

Ընկերությունը հստակ սահմանում է, որ եթե ավտոտրանսպորտային միջոցը, առանց տուրքի վճարման, ավտոկայանատեղիում կայանել է 48 ժամից ավելի, ապա ավտոկայանատեղիի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ մեքենան  իր ուժերով տեղափոխել  դրա համար նախատեսված հատուկ տարածք: Ավելին` հատուկ տարածքում  տրանսպորտային միջոցի պահման համար տուրքը վճարվում է, Երևանի ավագանու որոշմամբ,  յուրաքանչյուր ժամի և օրվա համար  սահմանված դրույքաչափի եռապատիկի չափով:


Հատկանշական է, որ ընկերությանը տրված այս գործառույթի մասին մինչև սեպտեմբերի 1-ը հանրությունը տեղյակ չի եղելԵվ ընդհանրապես վճարման նոր համակարգի մասին հասարակության իրազեկվածության մակարդակը շատ ցածր է: Բանն այն է, որ մինչև նոր համակարգի կիրառումը  Երևանի քաղաքապետարանը և մասնավոր ընկերությունը բնակիչներին իրազեկելու գործընթացը միմյանց վրա էին բարդում:  Քաղաքապետարանի նման կեցվածքն ինչ-որ տեղ իր բացատրությունն ունի. ավտոկայանատեղիների համար պետական տուրքի վճարումից ստացված հասույթի միայն 30 % է բաժին ընկնում նրանց, իսկ  մնացած 70 %-ը փոխանցվում է «Փարկինգ սիթի սերվիսին»:

 

Ի դեպ, քաղաքացիներին իրազեկելու գործում իրենց չեն արդարացնում նաև տեղեկատվական վահանակները, որոնց մի մասն ակտիվիստներն արդեն հասցրել են  նկարազարդել:

 

Հետաքրքրական  է նաև այն, որ այս օրերին շատ վարորդների, ովքեր զանգահարել են  «Փարկինգ սիթի»` կայանատեղիի վճարման մասին տեղեկություն ստանալու, պատասխանել են, որ այդ տեղում կարող են վճարում չկատարել, քանի որ դեռևս տեսախցիկներ տեղադրված չեն:
 


Այն, որ վճարման համակարգը ներդրվել է առանց որևէ լուրջ ուսումնասիրության, պարզից էլ պարզ էԱմենապարզ հաշվարկները վկայում են, որ մեր երկրում 50 տարեկանից բարձր քաղաքացիների  կեսից ավելին  դժվարանում է օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից:  Իսկ նոր համակարգը թույլ է տալիս վճարում կատարել բացառապես  sms վճարմամբ,  բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, էլեկտրոնային եղանակով:

 

Ի դեպ, Հայաստանի առաջատար բջջային օպերատորներից մեկը`  «Օրանժ Արմենիա» ընկերությունը, երկար ժամանակ  չէր պատասխանում «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության `orange-ի միջոցով  ավտոկայանատեղերի համար վճարումներ կատարելու առաջարկությանըԱյս հանգամանքը լուրջ գլխացավանք կարող էր առաջացնել «Փարքինգ Սիթիի»  համար, քանի որ «Օրանժի» բաժանորդները չէին կարողանա վճարումներ կատարել: Նոր համակարգի ներդրումից միայն  3 օր անց ընկերությունը համաձայնեց համագործակցել օպերատորի հետ:

 

Թեև բանկերում հավաստիացնում են, որ քաղաքացիներին`  տեխանձնագրերով ներկայանալու դեպքում, արագ կսպասարկեն, սակայն կան բազմաթիվ մեքենաներ, որոնց տեխանձնագրերում գրանցված համարը չի համապատասխանում մեքենայի փաստացի համարին (օրինակ` դեղին համարներով մեքենաներից շատերը): 

 

Մեկ այլ հանգամանք ևս` համակարգը գործում է միայն կանխավճարային եղանակով: Այսինքն` քաղաքացին պարտավոր է վճարումը կատարել նախապես:  Թեեւ 5 րոպե կայանելու համար գումար չի գանձվում, սակայն 1 ժամվա համար վճարվելիք 100 դրամը կարող է շատ արագ վերածվել 5000 դրամ տուգանքի, եթե, իհարկե, քաղաքացին չկարողանա արագ կողմնորոշվել և գումարը փոխանցել նախապես«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի  համապատասխան հոդվածում նշվում է, որ  վճարման պարտավորությունը ծագում է կայանման պահից: Նկատենք, սակայն, որ  կայանման պահից հետո միայն կարող է պարզ դառնալ վճարման չափը: Իսկ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետը սահմանված չէ:

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` իրականում հնարավոր էր այս  գործընթացն  այնպես կազմակերպել, որ հանրությունը շնորհակալություն հայտներ, այլ ոչ թե դժգոհերՕրինակ, ըստ նրա` սկզբում գծանշումներ պետք է կատարվեին այն վայրերում, որտեղ  բնակիչները նախկինում էլ էին վճարում կատարում, այլ ոչ թե այն փողոցբներում, որտեղ երբևէ հսկիչներ չեն եղելԿազմակերպությունն անգամ հարցում է իրականացրել 50 տաքսի ծառայությունների շրջանում և պարզել, որ միայն  3 տաքսի ծառայությունում են  տեղյակ, թե ինչ ասել է կանխավճարային համակարգ, իսկ ներդրված նոր համակարգից շատերն անտեղյակ են:

 

Նշենք նաև, որ քաղաքապետարանի այն  հավաստիացումները, թե  «Փարքինգ Սիթիի» հետ կնքված պայմանագիրը  կարճաժամկետ  է, չի համապատասխանում իրականությանը: Ընկերությունը քաղաքացիներին կսպասարկի առաջիկա 7 տարիներին:


Այս ամենից կարելի է ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանի և մասնավոր ընկերության նպատակը մեկն է` զզվեցնել քաղաքացիներին և համոզել, որ լավագույն տարբերակը տարեկան 12 հազար վճարելն է, ինչը հնարավորություն կտա ողջ տարին մեքենան ցանկացած վայրում ազատ կայանել` խուսափելով  ամենօրյա վճարումների գլխացավանքից և տուգանվելու վտանգից:

 


Իսկ ստեղծված իրավիճակում  միակ ելքը,  թերևս,  օրենքը  փոփոխության ենթարկելն է, ինչը պակաս իրատեսական է:
 Մնում է միայն` որքան հնարավոր է շատ իրազեկել քաղաքացներին վճարման համակարգի մասին, որպեսզի հնարավոր լինի տուգանքներից խուսափել, և թույլ չտալ մասնավոր ընկերությանը մեր գրպանի հաշվին հարստանալ:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ