|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Կյանքը հաղթանակ չէ, բայց ինքնասպանությունը պարտություն է: Քանիսի՞ն կուզեիր ժպտալ, որ չես ժպտացել: Պարտություն է: Քանիսի՞ն կուզեիր ներել, որ չես ներել: Պարտություն է: Հենց այնպես չի ասում՝ գնա ներիր, նոր արի ինձ մոտ: Ինքը ներողի դարդը չէ միայն, այլեւ՝ ներվողի: Քանի դեռ չես ներել, քանի դեռ չես ժպտացել, քանի դեռ թշնամի ունես, հասունացնում ես ինքնասպանությունը՝ քո կամ ուրիշի: Ինքնասպանությունը պարտություն է: Ինչ-որ մեկին լքել ես այնպես, որ ի վերջո քո սի՞րտն է վերքոտել: Պարտություն է: Մա՞յր ունես: Պարտություն է: Մայր չունե՞ս: Պարտություն է: Խաբվե՞լ ես: պարտություն է: Խաբե՞լ ես, պարտություն է:
Կյանքը երբեք չի դառնա քո տրիումֆը: Ով ուզում ես եղիր: Կյանքը տրիումֆ չի եղել ոչ Սոկրատեսի, ոչ Բուդդայի, ոչ Հիսուս Քրիստոսի համար: Ինքնասպանությունը վրեժ է կյանքի հանդեպ: Ահա թե ինչ կասեմ ձեզ: Դա վրեժ է, երբ դու մեռնում ես 18 տարեկանում, եւ վրեժ է, երբ մեռնում ես 80-ից հետո: Իսկ վրեժը պարտություն է: Որովհետեւ քո հետ կյանքի հարաբերության հակառակ ձեւն է: Մարդը կյանքը շփոթում է մյուս մարդու հետ: Ավելի հաճախ կյանքը շփոթում է հենց իր հետ: Ավելորդ է ասել, որ Աստված կյանքի պատասխանատուն է, ոչ թե մարդու, նա կյանքն է ստեղծել, եւ ոչ՝ մարդուն: Ահա ինչու կյանքը հաղթանակ չէ, իսկ ինքնասպանությունը պարտություն է: Պարտություն է, որովհետեւ քո կամքին հանձնված կյանքը դարձնում ես կամային որոշում հանուն մահվան, դու տեսել ես, ասենք, Սատանային ու հանձնվել: Պարտություն է, որովհետեւ ում պատճառով էլ ինքնասպան լինես, ոչ Աստված է, ոչ էլ Սատանա: Քո պես միս ու արյունով մեկն է: Ինքնասպանությունը չարիք է, որովհետեւ բոլորի համար ստեղծված կյանքը դարձնում է ինչ-որ մեկի հաղթանակը: Այդ ինչ-որ մեկը զրկվում է քավությունից: Այդ ինչ-որ մեկը մեռնում է այս կյանքում իր մահից տասնյակ տարիներ առաջ: Այդ ինչ-որ մեկը, եթե, իհարկե, չի իշխում իր պատճառով տեղի ունեցած ինքնասպանության վրա, արդեն շիրմաքար է քո կյանքի չապրած օրերի վրա:
Ինքնասպանությունը մահվան հակառակն է՝ անկախ նրանից Աստված կա, թե ոչ: Որովհետեւ մահը բովանդակություն է, այն իմաստ չունի առանց կյանքի վերջին օրվա: Ինքնասպանությունը կյանքի վերջին օր չունի, նրանում նախ բացառվում է կյանքը: Այսինքն, մարտահրավեր է: Մահը մարտահրավերներով չի լցվում: Առանց մարտահրավերի, իհարկե, մահ չկա: Կենդանական աշխարհում դա արտահայտվում է ոչ միայն գիշատչի որսով, այլեւ հիվանդ կենդանու ինքնազոհությամբ: Որովհետեւ այդպիսով նա փրկում է առողջներին: Ինքնասպանությունն անավարտ է թողնում աշխարհը, որը շնչում է կյանքով: Կյանքի դրամատիզմը թթվածին է այս աշխարհի համար: Աշխարհը խաղադրույք է դնում ցանկացած կյանքի վրա, իր իմաստն ու արդարացումն է գտնում այդ կյանքում: Բարձրագոչ է, խոսք չկա: Նույնիսկ անիմաստ է 18-20 տարեկան երիտասարդի համար: Բայց հենց հիշի իր ծնողի սերը, կհասկանա, որ չկա ավելի ապրեցնող դրամատիզմ, քան մոր սերն է: Իսկ սերը հենց լինելու նախապայմանն է: Մահը սեր չի բացառում: Մահը չի բացառում ժամանակը, որում դու ապրել ես, մահը, թույլ տվեք ասել, իմաստավորված ամեն ինչի շարունակությունն է: Որովհետեւ նրանում կյանքին պատերազմ հայտարարել չկա: Մահը խաղաղության արտահայտություն է: Ինքնասպանությունն ընկած է կյանքի եւ մահվան միջեւ: Ահա ինչու, մեծ հաշվով այն նույնպես սպանության մի ձեւ է:
Սեյրան Հանոյան