Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս, երբ ֆիլմի նկարահանումների համար տեղանք ընտրելու նպատակով այցելել էի մարզեր, Արարատի մարզում զավեշտալի դեպք պատմեցին: Տարիներ առաջ մի սփյուռքահայ գործարար Սուրենավան գյուղում ներդրում է անում և գյուղացիներից մեկի հետ (անունները միտումնավոր չեմ նշում) ծիրանի այգիներ հիմնում: Նախ նշեմ, որ սփյուռքահայ գործարարին լավ եմ ճանաչում, պարկեշտ անձնավորություն է, ԱՄՆ-ում լուրջ գործարար շրջանակների ներկայացուցիչ, գործընկերն էլ' հողին նվիրված, երկրի հոգսով մտահոգ, Արցախյան ազատամարտում լուրջ ներդրում ունեցած ազատամարտիկ: Մեկ տարի առաջ, երբ զրուցում էի սփյուռքահայ գործարարի հետ, ոգևորված պատմում էր, թե ինչ լավ այգի է հիմնել և առաջիկայում ինչպես է այդ այգուց եկամուտ ստանալու ու մյուսներին համոզելու, որ Հայաստանում հնարավոր է գումարներ ներդնել և շահով աշխատել: Ավաղ, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Նոր-նոր սկսում են հավաքել ծիրանը, երբ այգի են այցելում հարկային պետական տեսչության աշխատակիցները և, արձանագրելով չձևակերպված աշխատուժի առկայություն (խոսքը օրավարձով աշխատող գյուղացիների մասին է, ովքեր պետք է մի քանի օր մասնակցեին ծիրանի հավաքման աշխատանքներին), տեղում սեփականատերերին տուգանում են երեք միլիոն դրամով: Օրենքի տեսանկյունից հարկայինի աշխատակիցները գուցե և ճիշտ են վարվել, թեեւ կարելի էր սկզբում զգուշացնել և հարցը կարգավորել, բայց, մյուս կողմից, պատկերացրեք սփյուռքահայ գործարարի զայրույթը, երբ աշխարհի մյուս կիսագնդում տեղեկանում է ահռելի տուգանքի մասին: Գուցե չարժեր հիշել այս պատմությունը, բայց չես էլ կարող շրջանցել հերթական անարդարությունը, երբ տեղեկանում ես, որ «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը տարիներ շարունակ չի վճարել իր աշխատողների սոցիալական վճարները և բյուջեին պարտք է 322,728.526 ՀՀ դրամ: Հետևաբար' հարց է առաջանում' այդ ինչպե՞ս է պատահում, որ տարիներ շարունակ «Արմավիան» չի վճարում իր աշխատողների սոցիալական վճարները, դա չեն նկատում, իսկ երբ մի գյուղացի իր համագյուղացիներին առաջարկում է օրավարձով տասը օր աշխատել, անմիջապես հայտնվում է հարկային տեսչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում:
Արդյունքում' հերթական սփյուռքահայը «խռովել է» երկրից, վաճառքի է հանել այգին և որոշել այլևս Հայաստանի հետ գործ չունենալ: Գործընկերն էլ, իր հերթին, շվար է մնացել. գնորդ չկա, բոլորը վաճառող են, իսկ մյուս կիսագնդից շտապեցնում են' արագ վաճառիր, թեկուզ' կես գնով: Եվ այս ամենը' մի չարաբաստիկ ակտի պատճառով, որի հեղինակները օրենքը, որպես մուրճ, օգտագործում են հասարակ մարդկանց գլխին հարվածելու համար և թքած ունեն, որ այդ քայլով հիասթափվողների բանակն են զորացնում:
Ուշադրություն դարձնենք' գործը, որ ձեռնակվել էր, որևէ օլիգարխի ոլորտի չէր առնչվում: Ներկրում չէր և ոչ էլ դեղերի կամ հյութերի արտադրություն: Մարդը ծիրանի այգի էր հիմնել: Ընդամենը այգի, որի բարիքն այդպես էլ չվայելեց: Ի դեպ, Արարատյան դաշտավայրում հողն այլևս արժեք չունի, մնացած մարզերի մասին խոսելն էլ ավելի ավելորդ է: Բոլորը օր առաջ ձգտում են վաճառել, թեկուզ' կես գնով, կամ, ինչպես վերջերս ընդունված է ասել, «լիկվիդացիոն գներով»:
Հարություն Հարությունյան