Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին մայրաքաղաքում ուղեվարձի բարձրացման դեմ ուղղված երիտասարդական շարժման մասին դիտարկումների ու գնահատականների պակաս չկար, և ինչպես միշտ, այս անգամ էլ յուրօրինակությամբ ու անկրկնելիությամբ աչքի ընկավ իշխանական հատվածը, մասնավորապես` նրա հանրապետական կորիզը:
Շարժման «ազգային-պետական վտանգավորության» մասին փիլիսոփայի լրջությամբ իր խոհերը շտապեց արտահայտել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, նա շարժման ներկայացուցիչներին ուղղակի մեղադրեց ազգային դավաճանության մեջ: Հետաքրքիր է, թե հիմա՞ ինչ կասի փոխնախագահը, երբ «ազգային անվտանգության դեմ ուղղված» շարժումը պսակվել է հաղթանակով: Ըստ ՀՀԿ-ական գործչի` հասարակությունը, փաստորեն, շահում է միայն այն դեպքերում, երբ դուրս է գալիս... «ազգային անվտանգության» դեմ:
Ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս շարժման նկատմամբ իր վերաբերմունքն ու անթաքույց քամահրանքն արտահայտեց մեկ այլ ՀՀԿ «առաջնորդական փոխանորդ»` Գալուստ Սահակյանը: Պարզվեց նույնիսկ` նա, մանկությունից սկսած, հասարակական տրանսպորտից չի օգտվում, և նրա քամահրանքն էլ,ըստ էության, վաղ մանկական տարիքի մնացուկ է:
Շարժման մասին ամենայուրօրինակ տեսակետը, սակայն, արտահայտեց վարչապետը` դարձյալ ի պաշտոնե ՀՀԿ փոխնախագահ: (Չզարմանաք, որ կուսակցական այս համապաշտոն ֆունկցիոներներն այդքան տարբեր կարծիք ունեն նույն երևույթի նկատմամբ. քանիցս առիթ ունեցել ենք ընդգծելու, թե որքան անպարագիծ է ՀՀԿ-ական կուսակցական բազմակարծությունը): Ելույթ ունենալով կառավարության վերջին նիստում և անդրադառնալով ուղեվարձի թանկացման դեմ սկսված երիտասարդական շարժմանը` վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ իրողությունը պետական որոշումներ կայացնելիս, և պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների նկատմամբ»:
Ինչպես երևում է, վարչապետն իսկապես յուրօրինակ պատկերացում ունի քաղաքացիական հասարակության և մանավանդ դրա ձևավորման միջոցների մասին, եթե այդ միջոցների թվում ամենագլխավորն է համարում հասարակության ամենացավոտ` սոցիալական կողմին հարվածելը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ուղեվարձի բարձրացման պարագայում: Վարչապետական այս տրամաբանությամբ առաջնորդվելիս, եթե, դիցուք, առաջիկայում նվազագույն աշխատավարձը 45 հազարի փոխարեն ետ նվազի մինչև 20-25 հազար, թոշակներն էլ, նույն կերպ, նվազեն կրկնակի չափով, արդյունքում` փողոց դուրս գա ողջ հասարակությունը, արագ ու դյուրին այն կվերածվի... քաղաքացիական հասարակության: Եվ կկատարվի քաղաքացիական հասարակություն տենչացող վարչապետի երազանքը: Մնում է միայն հասարակությանը հարցնել` արդյոք ուզո՞ւմ է դառնալ քաղաքացիական... վարչապետի պատկերացրած ճանապարհով:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ