կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-08 11:07
Առանց Կատեգորիա

Ստու­գա­բա­նու­թյուն` ըստ Շար­մա­զա­նո­վի

Ստու­գա­բա­նու­թյուն` ըստ Շար­մա­զա­նո­վի

Նախորդ օրը կայացած ՀՀԿ նիստից հետո, որոնց, ի դեպ, լրագրողական հանրությունն այնպես է հետևում, որ Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոյի նիստերը «գլուխները քարին են տվել», լրագրողների հետ հանդիպել և նիստի որոշ մանրամասների ծանոթացրել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրան հայրենի լրատվադաշտում այնքան են սիրում, որ ինքն էլ ասպետաբար առիթը բաց չի թողնում իր փոխադարձ սերն ու հիացմունքը արտահայտելու լրագրողների հանդեպ, ինչպես որ եղավ նաև այս անգամ:

 

Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ բյուրոյի, ներողություն, գերագույն մարմնի նիստում «գլխավոր քարտուղար» Ս. Սարգսյանն արդյո՞ք խոսել է Սյունիքի նոր մարզպետի թեկնածուի մասին, Շարմազանովը հեգնել է. «Որևէ նշանակման հարց չի քննարկվել: Դա մեր փոխարեն ավելի լավ անում եք դուք` լրագրողներդ» (աղբյուր` News.am): Հեգնելը` հեգնել է, բայց պարոն խոսնակը չիմանալով ջուր է խմել ժողովրդի սրտից. իհարկե, Սյունիքի, սյունեցիների և ամբողջ երկրի համար լավ կլիներ, եթե Սյունիքի մարզպետ նշաակեին ոչ թե հանրապետականները, այլ լրագրողները, քանի որ վերջիններս դժվար թե այդ աթոռին տարիներ շարունակ բազմած պահեին այնպիսի խորշելի կերպարի, որպիսին նախկին մարզպետն էր: Ս. Խաչատրյանի նմանին հանդուրժողը, բնականաբար, հազիվ թե այդ աթոռին հիմա նստեցնի մեկին, ով կարող է 180 աստիճանով տարբերվել նախորդից: 

 

Սա` ի դեպ: Հիմա գանք նույն այդ հանդիպման ժամանակ Շարմազանովի ասած մի խոսքին, որով նա լրջագույն հայտ է ներկայացնում ինքնահաստատվելու նաև… լեզվաբանության ասպարեզում: Սյունիքի նոր մարզպետի հավանական թեկնածուներից Ս. Սարգսյանի զարմիկ (ինչպես լրատվամիջոցները գրեցին) Վարդան Ավետիսյանի մասին խոսելիս Շարմազանովը նախ հերքել է, որ Ավետիսյանը նախագահի զարմիկն է: «Սերժ  Սարգսյանը, ցավոք, զարմիկ չունի,- տրտմել է Շարմազանովը,- քանի որ  մորաքույր չունի»: Չգիտենք` ո՞վ է դպրոցում եղել Շարմազանովի լեզվի դասատուն, բայց, այ, եթե երեխան բախտ ունենար սովորելու աշոտյանական հանրակրթական դպրոցում, դժվար թե չիմանար, որ «զարմիկ»-ը ոչ միայն մորաքրոջ որդին է, որը Ս. Սարգսյանը «ցավոք» չունի, այլ, ամենից առաջ, հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր որդին: Ի դեպ, բառարաններից մեկում «զարմիկ»-ը բացառապես նշանակում է հորեղբոր որդի (Ա. Սուքիասյան, Հոմանիշների բառարան, Երևան, 1967, էջ 197):

 

Այնպես որ` պարո'ն Շարմազանով,  Սերժ Սարգսյանը, ի սփոփանք հայ ժողովրդի, զարմիկ գուցե, այնուամենայնիվ, ունի՞: Հույսներս չկորցնենք:      

 

Լևոն Սարգսյան