|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Ֆեյսբուքներից ու օրվա լրահոսից հոգնած, թե ինչ մտքովս անցավ, մտա ապահով երկրիս միակ ապավեն կուսակցության` ՀՀԿ-ի կայքը` տեսնելու ինչ կա-չկա կուսակցության ներսում, ինչով են շնչում նրա բազմահազարանոց շարքերը, ինչպես են մարզային կառույցները պայքարում կոռուպցիայի և հովանավորչության դեմ, գաղափարական ինչ կարևոր քննարկումներ են ծավալվում կուսակցական բջիջներում: Ի դեպ, ես հենց գաղափարական նորությունների ու խմորումների ակնկալիք ունեի, քանի որ այս կուսակցությունում են մտքի այնպիսի տիտաններ, ինչպիսիք են` Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը և ուրիշներ: Մանավանդ` մեծ հույս ունեի Շարմազանովից. հեչ որ չլինի, մարդը գաղափարական պայքարի առաջնադիրքերում է և ՀՀԿ գաղափարական հերթապահի պոստը չի լքել երբեք, այնքան, որ յուր անձով դարձել է հենց այդ պոստը և պոստուլատը:
Ավաղ, ՀՀԿ պաշտոնական կայքի հուլիսի 23-ի լրատվական պատկերն իմ ակնկալիքից հեռու էր ավելի քան. ո'չ մի «ինտելեկտուալ հետք» Սահակյանից, Աշոտյանից, Շարմազանովից, նույնիսկ սեդրակյանական առտնին հայհոյանքը չէր պայծառացրել ՀՀԿ-ական գորշ առօրյան: Փոխարենը` իմացա, որ այդ օրը վարչապետ Տ. Սարգսյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռուդիքա Պրինարիուին, որի ընթացքում, բնականաբար, հավուր պատշաճի հաճոյախոսություններ են հնչել, դիվանագիտական սիրալիրություններ փոխանակվել. մեր Տիգրանի էլիտար նրբավարությունը` գիտեք:
Հուլիսի 23-ը Հանրապետական կուսակցության համար մեկ ուրիշ անցքով էլ էր նշանավորվել. նույն Տ. Սարգսյանի նախագահությամբ` կառավարությունում տեղի էր ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անշուշտ, ՀՀԿ-ական չլինելով` ես ի զորու չէի ամբողջ խորությամբ հասկանալ սույն հանդիպումների և նիստերի ամբողջ կուսակցական ներքին «բովանդակությունը», դրանց ՀՀԿ-ական «պաթոսը», գաղափարական «հմայքը», ուստի` առաջ անցա:
Մյուս լուրը գաղափարական առումով դարձյալ անհասկանալի էր. Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել էր Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ: Այս լուրի ՀՀԿ-ական ներքին «բովանդակությունն» ու «պաթոսն» էլ լիակատար չըմբռնած` անցա մյուս լուրին, բայց դա արդեն նախորդ օրվան էր վերաբերում, հետևաբար ինձ մնում էր մտովի արձանագրել հուլիսի 23-ի ՀՀԿ-ական օրվա ամբողջ հունձքը` Տ. Սարգսյանը հանդիպել է, Տ. Սարգսյանը նիստում նախագահել է, Երևանն ու Ստեփանակերտը բանակցել են...
Ահավասի'կ ՀՀԿ-ական մեկ օրվա խրոնիկան, ահավասի'կ ինչով են իրենց հուլիս 23-ի օրն ապրել ու շնչել երկրիս համարյա երկու հարյուր հազար հանրապետականները: Եվ պատկերացնելն իսկ սարսափելի է, թե ինչ աղետ կլիներ, եթե խեղճերը հանկարծ չիմանային, թե օրվա ընթացքում ինչ է արել, ում է ընդունել, ում է ճանապարհել երկրի վարչապետը. ՀՀԿ-ականի նրանց օրը հաստատ մեռած կլիներ: Թարսի պես` նախագահն ու ԱԺ նախագահն էլ արձակուրդում են:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ