Պորտուգալիայի Անադիա քաղաքում ավարտվել է Եվրոպայի` հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնությունը:
39 երկրների պատվիրակների թվում էին նաեւ Հայաստանի երեք մարզիկներ: 18-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը վստահ մրցելույթներ անցկացրեց. նա հաջող հանդես եկավ նոր` բազմամարտ մրցափուլում: Բանն այն է, որ վեց մրցաձև միավորվել, դարձել է բազմամարտ, որն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում:
Հովհաննես Հովհաննիսյանը ընթացքից 200 մ վազքում գրավեց 13-րդ տեղը, ապա առաջինը ճանաչվեց 100 շրջան խմբային մրցավազքում, չորրորդը` 15 կմ, հինգերորդը` 15 կմ, 11-րդը` 4 կմ հետապնդումով անհատական պայքարում և 10 րդը` 1 կմ տեղից մեկնարկում: Ընդհանուր արդյունքով երևանցին գրավեց 9-րդ պատվավոր հորիզոնականը:
Մինչև 23 տարեկան հեծանվորդների մրցավեճում Վարշամ Դարբինյանը 4 կմ անհատական մրցավազքում զբաղեցրեց 14-րդ, իսկ Էդվարդ Մաթոսյանը` 17-րդ տեղը:
Արդյունքները գոհացնող են, քանի որ տղաները լրացրել են միջազգային վարպետի նորմա: Բացի այդ` նշված եռյակի արդյունքները լավագույնն են Հայաստանի մարզիկների մասնակցությամբ Եվրոպայի երիտասարդական բոլոր առաջնություններում:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Լուսանկարը` Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ