Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը, ճիշտ է, չունի նավթ ու գազ, ինչպես, օրինակ, Պարսից ծոցի ավազանի երկրները, սակայն Հայաստանն ունի այլ` ոչ պակաս կարեւոր բնական հարստություն` խմելու ջուր, քանի որ մարդը ջրի փոխարեն նավթ չի կարող խմել:
Երկիր մոլորակում արդեն խմելու ջրի հիմնախնդիրը համարվում է առաջնային հարցերից մեկը: Մի կողմից` գլոբալ տաքացումը ու, դրանով պայմանավորված, ջրի ավելի շատ գոլորշիացումը, մյուս կողմից` քաղցրահամ ջրային ռեսուրսների` առանց այն էլ սակավությունն ու, դրան հակառակ, բնակչության աճը Երկիր մոլորակը կանգնեցրել են խմելու ջրի ապահովման խնդրի առջեւ: Այս առումով` Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է որպես զարգացած, բայց ոչ միատարր հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին:
Հայաստանում կան 9480 փոքր եւ միջին գետեր, որոնք ունեն 2300 կիլոմետր ընդհանուր երկարություն: Հայաստանի Հանրապետությունում ջրի տարեկան միջին մակերեսային հոսքը կազմում է 7190 միլիոն խորանարդ մետր, ներառյալ` անդրսահմանյան Արաքսն ու Ախուրյանը: ՀՀ-ում այս գետերից տարեկան սպառվում է մոտ 940 միլիոն խորանարդ մետր ջուր: Բացի ազգային տնտեսական օգտագործման տեսանկյունից ավելի կարեւոր դեր խաղացող Սեւան եւ Արփի լճերից, մեր երկրում կան նաեւ ավելի քան 100 փոքր լճեր, որոնցից մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նկատառումներից ելնելով` ներկայումս մեր երկրում ունենք 79 ջրամբար, որոնք բոլորը միասին ամբարում են տարեկան մոտ 1 միլիարդ խորանարդ մետր ջուր: Բայց այս ամենով հանդերձ, փորձագիտական գնահատականներով` առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու: Առաջինը` այսօրվա դրությամբ մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 միլիարդ խորանարդ մետրից, տարեկան օգտագործում ենք 2.5 միլիարդը կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32 տոկոսը: Մնացած ջրերը հոսում են Հայաստանից դուրս:
Մեր 79 արհեստական ջրամբարներում միասին ջրամբարվում է ընդամենը 1 միլիարդ խորանարդ մետր ջուր, որից 265 միլիոնը թուրքերի բաժինն է` Ախուրյանի ջրամբարից: Արդյունքում` մենք ունենք ընդամենը 750-760 միլիոն խորանարդ մետր ջուր` ամբարված ջրամբարներում: Դրան գումարած` մեր անփոխարինելի ռեսուրսներից մեկը` Սեւանը, որտեղ մենք ունենք 35 միլիարդ խորանարդ մետր ջրային պաշարներ եւ ուզում ենք դարձնել 42 միլիարդ խորանարդ մետր:
Բայց ապագայում, ինչպես ժամանակին նշում էր նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, մենք ունենալու ենք երկու խոշորագույն պրոբլեմ` գլոբալ տաքացումը, որը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման, տեղումների որոշակի նվազեցման, հետեւաբար` նաեւ ջրային մակերեսից գոլորշիացման ավելացման:
Արդյունքում, ըստ փորձագիտական գնահատականների, մեր մակերեսային հոսքի 7.3 միլիարդ խորանարդ մետր պաշարները կդառնան 5.4 միլիարդ խորանարդ մետր: Սա մի կողմից: Մյուս կողմից էլ` մեր երկու հարեւանները երկուստեք համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որը կհանգեցնի Արաքսի պաշարների կրճատման:
Այսինքն` այսօրվանից արդեն պետք է մտածել մեր ջրային պաշարներն ինչ-որ ձեւով ամբարելու մասին: Ոչ թե այն պատճառով, որ մեր պահանջարկը բավարարվի, այլ որ մեր ջուրն ունենա այն նույն նշանակությունը, ինչ այսօր ունեն նավթն ու գազը: Նոր ջրամբարների կառուցման ծրագրեր Հայաստանում կան, նույնիսկ կառավարության գործողությունների ծրագրում են ամրագրված կետեր: Սակայն այսօր որևէ տեղ չի դիտարկվում ջրամբարաշինության գործընթաց:
Մեկ այլ խնդիր էլ ունենք ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման առումով. 2030 թվականին նախատեսվում է Սեւանի մակարդակը հասցնել 1900 մետր 50 սանտիմետր նիշին: Այդ դեպքում Սևանի մակարդակն այլևս չի բարձրացվելու, մուտքն ու ելքը կարգավորվելու է` եկածը բաց թողնելու սխեմայով: Այդ դեպքում երկու խնդիր է լուծվելու. մեկը` ամեն տարի 300 միլիոն խորանարդ մետրով Սևանի ջրերը թարմացվելու են, մյուսը` 300 միլիոն խորանարդ մետրով բաց է թողնվելու: Ու եթե այսօրվանից չսկսենք մտածել, թե ինչպես պետք է Սեւանից տարեկան բաց թողնվելիք 300 միլիոն խորանարդ մետր ջրային պաշարներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա մոտ 20 տարուց ջրային այդ ռեսուրսներն էլ կհամալրեն Հայաստանից առանց օգուտ տալու հոսող ջրերի շարքը:
Առավել եւս, ինչպես նշեցինք, մեր հարեւանները հսկայական մասշտաբների ջրաշինարարական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի Արաքսի ջրերը օգտագործեն իրենց կարիքների համար: Արաքսի մակերեսային հոսքն այսօր կազմում է տարեկան մոտ 2.5 միլիարդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացնելուց հետո, կդառնա 1.1 միլիարդ խորանարդ մետր:
Այսինքն` առաջանում է ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր: Ջրի կռիվը նոր է սկսվում` ու համապատասխան միջոցառումներ չիրականացնելու դեպքում մենք կպարտվենք այդ կռվում: Մենք, ինչպես նշում է Վլադիմիր Մովսիսյանը, գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ջրային ռեսուրսների խիստ կարիք կարող է առաջանալ. մեկը պետք է ամբարի ու վաճառի, մյուսը` չպետք է ունենա: Ունենք նաև ստորգետնյա ջրերի որոշակի պաշարներ` 3.3 միլիարդ խորանարդ մետր: Բայց վերջին տարիներին այդ ստորգետնյա ջրերն այն աստիճանի են օգտագործվել, որ մինչև վերջին 1,5 տասնամյակը Արարատյան հարթավայրում մարդիկ տուն կառուցելիս նկուղային հարկ չէին նախատեսում ջրի հավաքվելու պատճառով: Սակայն այսօր նկուղներով տներ կառուցում են` առանց վախենալու ջրածածկ լինելու վտանգից... Հետևություն անելը դժվար չէ...
Գևորգ ԱՎՉՅԱՆ