Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանության նախարարությունում Վերահսկիչ պալատն ուսումնասիրություն է կատարել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի մասով: Ուսումնասիրությունների արդյունքում առաջարկություններ են ներկայացվել. լրագրողներին այսօր ասաց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը` վարչապետի հանձնարարականով անդրադառնալով ՎՊ հրապարակած տարեկան հաշվետվությանը:
Փոխնախարարը նշեց, որ ՎՊ առաջարկությունները 7-ն են: Նա նշեց, որ առաջին առաջարկությունը կապված էր թափոնների տեղափոխման, պահման հարաբերությունների հստակեցման հետ:
«Ինչ վերաբերում է առաջին հարցին` թափոնների տեղադրումն ու պահումը հստակեցնելուն, ապա այդ հասկացությունը կանոնակարգվում է թափոնների մասին օրենքով»,- ասաց փոխնախարարը:
ՎՊ երկրորդ առաջարկությունը վերաբերում է լրացուցիչ վերլուծությունների հիման վրա կենցաղային աղբի վտանգավորության դասը հստակեցնելուն եւ կենցաղային աղբի տեղադրման դեպքում, տնտեսական ու բնապահպանական օբյեկտիվ պայմաններից ելնելով, աղբի բնապահպանական դրույքաչափի սահմանման հարցը քննարկելուն:
«Թափոնների դասակարգումը հստակ է` կարգավորված «Թափոնների մասին» օրենքով, արտադրական եւ շինարարական աղբը հանդիսանում են վտանգավոր թափոն, իսկ չտեսակավորված կենցաղային աղբը նույնպես վտանգավոր է, բայց ունի վտանգավորության 4-րդ աստիճան եւ դրա համար նախատեսված է 1500 դրամ բնապահպանական վճար»,- նշեց Սիմոն Պապյանը:
Մեկ այլ առաջարկություն էլ ՎՊ-ն արել էր` առաջարկելով ուժեղացնել կենցաղային աղբի տեղադրման տարածքներում տեսչական գործառույթները եւ խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառման իրավական դաշտի զարգացման միջոցառումներ ձեռնարկել: Այս կետի հետ բնապահպանության նախարարությունում համաձայն են:
Լրագրողների հարցին ի պատասխան, Սիմոն Պապյանը նշեց, որ Վերահսկիչ պալատի հայտնած դիրքորոշումներին` կապված վտանգավոր թափոնների կառավարման իրավական դաշտի կարգավորումների հետ, համաձայն են, եւ չեն կարող ասել, թե այդ դաշտում ամեն ինչ լավ է:
«Նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն մշակել ու կազմել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը շուտով կներկայացվի քննարկման»,- նշեց Սիմոն Պապյանը:
Ինչ վերաբերում է ծախսային մասին, ապա Սիմոն Պապյանը նշեց, որ վտանգավոր թափոնների կառավարման ՊՈԱԿ-ը տարեկան բյուջեից ստանում է 11 միլիոն դրամ գումար` իր գործառույթները կազմակերպելու համար, ու այստեղ որեւէ չարաշահում կամ միջոցների անարդյունավետ տնօրինում չկա: նախարարը անդրադարձավ նաեւ Նուբարաշենի աղբանոցին, նախարարության ատկատներին եւ այլ հարցերի:
Սիմոն Պապյանը նշեց նաեւ, որ հանքերից գոյացող թափոնների առաջացրած տնտեսական եւ բնապահպանական վնասները չեն համապատասխանում գանձվող բնապահպանական վճարներին ու այս ոլորտում, իհարկե, խնդիրներ կան: