կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 16:04
Առանց Կատեգորիա

Ռուսները Ադրբեջանին զինում են, որ հայերը Բաքուն չգրավե՞ն

Ռուսները Ադրբեջանին զինում են, որ հայերը Բաքուն չգրավե՞ն

«Դա բիզնես է, շուկա, դա Ռուսաստանի տնտեսությունն է: Այլ հարց է, որ այս դեպքում Ռուսաստանն առաջնությունը տվել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքին»,- Երևանում երեկ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զինտեխնիկա վաճառելու փաստին:

 

Ահա այսպես` առանց այլևայլությունների, ավելորդ ձևականությունների, Հայաստանի անվտանգության առանցքային բաղադրիչը կազմող կազմակերպության բարձրագույն պաշտոնյան փորձում է համոզել, որ կազմակերպության անդամ երկրի կողմից մեկ այլ անդամի հակառակորդին բիզնես նկատառումներով զենք վաճառելը լրիվ նորմալ է ու օրինաչափ: Դա այն դեպքում, երբ ՀԱՊԿ «Կոլեկտիվ անվտանգության մասին» հիմնարար պայմանագրի առաջին հոդվածի երկրորդ պարբերությունը պարզ ու հստակ շարադրում է. «Անդամ պետությունները չեն կարող ընդգրկվել ռազմական միությունների մեջ կամ մասնակցություն ունենալ պետությունների որևէ խմբավորման, ինչպես նաև այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են պայմանագրի մեկ այլ անդամ պետության դեմ»: Սա նշանակում է, որ Ռուսաստանը նման գործարք կնքելիս առնվազն պետք է դիմեր ու ստանար պաշտոնական Երևանի համաձայնությունը:

 

Դատելով այդ մասին լրագրողի հարցադրումից փաստացի խուսափելու` Բորդյուժայի պահվածքից ու այն հայտարարությունից, թե Ռուսաստանն առանց այն էլ շատ բան է անում Հայաստանի համար, պետք է կարծել, որ Ռուսաստանն այդ մասին անգամ հարկ չի համարել տեղյակ պահել Երևանին` դրանով իսկ գործելով նրա թիկունքում: Թե ինչ անվանում դրան կարելի է տալ, թերևս մեկնաբանության կարիք չունի: Սակայն ո'չ Բորդյուժայի նման անբռնազբոս հայտարարություններում, ո'չ էլ Մոսկվայի նման քայլում զարմանալու ոչինչ չկա: Այն ինչ կատարվում է, տիպիկ ռուսական շովինիզմի դրսևորում է, որը հասունացել, իբրև քաղաքականություն ձև ու բովանդակություն է ստացել դարերի ընթացքում` մշտապես խրվելով ու մնալով Ռուսաստանին իրենց դաշնակիցը համարող փոքր երկրների կոկորդում:

 

Այս շովինիզմնի պատճառով էր, որ դարասկզբին` հայերի համար ամենակրիտիկական պահին, Ռուսաստանը զորքերը դուրս բերեց հարավկովկասյան տարածաշրջանից, զինեց ու ֆինանսավորեց թուրքական քեմալական բանակը, որն այդ ռեսուրսները շրջեց առաջին հերթին հայերի դեմ: Նույն բիզնես տրամաբանությամբ էին ռուսները, իշխանական շրջանակների բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ ու վերահսկողությամբ, 90-ականների սկզբներին զինում չեչեն անջատողականներին ու գրոհայիններին, որոնք այդ նույն զենքով 1994-96թթ. չեչենական առաջին պատերազմի ընթացքում սկսեցին ոչնչացնել ռուս զինվորներին ու հատուկ ջոկատայիններին:

 

Ադրբեջանին զենք մատակարարելու պարագայում, իհարկե, իրավիճակը մի փոքր այլ է: Եթե ԼՂ-ում ռազմական գործողությունները վերսկսվեն, Ադրբեջանին վաճառված ռուսական զինտեխնիկայի դեմ կռիվ է տալու ոչ թե ռուս, այլ հայ զինվորը: Ու առայժմ ոչ մի լուրջ նշանակություն չունեն Երևան գործուղվող այն ռուս էմիսարների պնդումները, թե Հայաստանն իր անվտանգության ապահովման իմաստով մտածելու խնդիր չունի, որովհետև Ռուսաստանը նրա կողքին է: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը թե' երկկողմ և թե' ՀԱՊԿ-ի ձևաչափերով «պարտավորվել» է Հայաստանին պաշտպանել վերջինիս նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում, այսինքն` այն ժամանակ, եթե, օրինակ, ադրբեջանական զինուժը հարձակվի Հայաստանի պետական սահմանների վրա: Դրա մասին գիտի նաև Ադրբեջանը, հետևաբար խիստ տրամաբանական է, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն ունենալու պարագայում Բաքուն թիրախ է ընտրելու ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղը: Առ այսօր ո'չ Մոսկվան և ո'չ էլ ՀԱՊԿ-ն որևէ մակարդակով հստակ չեն հայտարարել, որ կմիջամտեն, եթե պատերազմական գործողությունները սկսվեն Ղարաբաղից: Ընդհակառակը` նույն Բորդյուժան բազմիցս նշել է, որ ՀԱՊԿ-ն նախապատվությունը տալիս է առաջնահերթորեն քաղաքական գործիքակազմով կողմերի վրա ազդելուն: Եվ դա տրամաբանական է, որովհետև, եթե անգամ Մոսկվան դրանում լուրջ շահագրգռություն դրսևորի ՀԱՊԿ արագ արձագանքման զորքերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ տեղափոխելու համար անհրաժեշտ է լինելու ստանալ նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների համաձայնությունը, ինչում, սակայն, նրանց մի մասն առանձնապես ոգևորված չէ` Ադրբեջանի հետ խնդիրներ չստեղծելու նկատառումով:

 

Մյուս կողմից` Ռուսաստանն առավել ակտիվորեն զենք է մատակարարում ոչ թե Հայստանի զինված ուժերին, այլ իր 102-րդ ռազմակայանին: Պատահական չէ, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փորձելով ցույց տալ, թե որքան ամուր ու համոզիչ են ռազմավարական հարաբերությունները երկու երկրների միջև, իր հայ կոլեգայի` Արթուր Բաղդասարյանի հետ շտապում են համոզվել հենց ռազմակայանի հագեցվածության մեջ: Եթե նկատի ունենանք նաև այն փաստը, որ ռազմակայանը հիմնականում համալրվում է հայաստանյան մարդկային ներուժով, ապա ակնհայտ է դառնում, որ ցանկացած պարագայում ՌԴ ներգրավումը լինելու է միջնորդավորված, ոչ ուղղակի: Դեռ չենք խոսում այն մասին, որ ռազմաբազայի բալանսում գտնվող զինտեխնիկան Հայաստանը կարող է օգտագործել միայն ռուսական կողմի թույլտվությամբ, իսկ դա քաղաքական նպատակահարմարության հարց է ու պայմանավորված է լինելու տվյալ ժամակահատվածում Մոսկվայի քաղաքական նախընտրություններով ու մարտավարությամբ: Իսկ սա, հատկապես պատերազմի ժամանակ, ուժային բալանսի վրա ազդող որոշիչ գործոն կարող է դառնալ:

 

Բայց Բորդյուժայի վերոնշյալ հայտարարությունը տարակուսելի է ոչ միայն այս պատճառով: Եթե փորձենք վերծանել նրա այն պնդումը, թե զենքն Ադրբեջանին վաճառվել է «տարածաշրջանում հավասարակշռության պահպանան» նկատառումով, ապա ստացվում է, որ Մոսկվան դա արել է, քանի որ համարել է, թե այդ հավասարակշռությունը խախտված է.... Հայաստանի օգտին: Հետևաբար` Ադրբեջանին պետք է զինել, ընդ որում` հարձակողական ժամանակակից տեխնիկայով, որպեսզի այդ բալանսը վերականգնվի: Պատկերացնո՞ւմ եք: Ռուսաստանը, փաստորեն, համարում է, որ Հայաստանին չափից դուրս շատ է զինել, և այն կարող է մի գեղեցիկ օր դուրս գալ իր վերահսկողությունից ու որոշել, նախահարձակ լինելով, հասնել մինչև Բաքու, հետո էլ` Աստծո հաջողությամբ, գուցե շրջվել դեպի Նախիջևան ու Թուրքիա: Ուստի պետք է զսպել հայերի ախորժակը: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտենում է 2.5 մլրդ դոլարի սահմանագծին, իսկ Հայաստանինը դրան զիջում է գրեթե 4 անգամ, երբ այդ երկրի նախագահը ամեն օր ինքն իրեն ոգևորում է, որ ոչ թե պատերազմն է ավարտվել, այլ դրա առաջին փուլը, և շուտով ադրբեջանական դրոշը ծածանվելու է Ստեփանակերտում: Ռուսական կողմից ավելի անհեթեթ ու անլուրջ հիմնավորում դժվար է անգամ պատկերացնել:

 

Բայց դա միայն Ռուսաստանի խնդիրը չէ: Ի վերջո, ուրիշ ի՞նչ կերպ կարելի է վերաբերվել մի երկրի, որի իշխանություններն անգամ չեն համարձակվում լեզվի ծայրով, գոնե ձևի համար պարզաբանում պահանջել իրենց թիկունքից հարվածելու համար:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ