կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 12:11
Առանց Կատեգորիա

Մարդու անոնսը

Մարդու անոնսը

Հերոսը դրական կամ բացասական չի լինում։ Ինքը մեկ ամբողջական կերպար է։ 24-ժամյա փաստ։

 

Օրինակ` Սուրիկ Խաչատրյանը հերոս է։ Մարդը, հնարավոր է, կյանքում մի լավ գործ է արել եւ բազում վատ գործեր։ Հերոսն առաջին գծում գտնվող մարդն է։ Այլ կերպ ասած` մյուսներից առանձնացված մարդը։ Այսինքն` խարակտերով աչքի ընկած մարդը։ Սուրիկ Խաչատրյանը հերոս էր, երբ Ղարաբաղի առաջին գծում չէր, հերոս էր, երբ եղբոր որդիները մարդ էին սպանում, հերոս էր, երբ անձամբ ծեծում էր դպրոցական տղային։

 

Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը»՝ Պեչորինը, իսկապես հերոս է։ Նա դարձել է Լերմոնտովի գրչի թիրախ։ Բոլորի նման նա էլ սիրում է, խաբում, կռվում։ Շատ բանով, զուտ «քոնթենթի» առումով հիշեցնում է «մեր» Թուսյանին։ Ցանկանալ նմանվել սրան կամ նրան. դպրոցական այս հարցադրումը զուտ հայկական է՝ Վասակը դավաճան է, Վարդանը՝ հերոս։ Այսինքն` Վասակը իր կյանքի բոլոր օրերից առանձնանում է Եղիշեի կամ «Վարդանանքի» գրչի քմահաճույքով։ Ոչ մի իմաստավորում։ Հերոսն, ընդհանրապես, դժվար իմաստավորվող մարդ է, քանի որ նա մեկ ակնթարթի պոռթկումն է, ճիչն է, ակնթարթ կանգնեցնողն է։

 

Նա կարող է նաեւ իր վարքով ոգեշնչել ինչ-որ մեկին։ Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը 70 դպրոցականի սպանելուց հետո կարծում էր, որ իրեն պետք է ծափահարեն։ Արարքից հետո փնտրում էր համակիրներ։ Որոշ ազգայնական լրատվամիջոցներ փոքր-ինչ զուսպ էին իրենց բացասական վերաբերմունքում։

 

Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեպմենին ոգեւորում էր հենց զոհը։

 

Երեւանյան սրճարանում մեկին «կոտլետ» սարքած 5 թիկնապահները հերոս են։ Ոչ մեկի մտքով չի անցնի պարզապես մարդ ծեծել։ Նույնիսկ պատերազմում սպանությունը հերոսություն չէ։ Հերոսություն է սպանություն կանխելը։ Եթե դեպքը մնա անհայտության մեջ «Հերոսական» ռապոսոդիան կխլացվի։

 

Հերոսները լինում են գրականության մեջ։ Լավն է Թուսյանը, թե` վատը, ոչ մի կապ չունի, նա հերոս է, նրա պատճառով երեխա է սպանվել։ Դպրոցներում Թուսյանը բացասական հերոսի համբավ ունի։ Թուսյանը հերոս չէ, եթե նրա մասին ես գիտեմ ավելի քիչ, քան՝ Նար-Դոսը, եւ հերոս է, եթե ես իմ միջակությունից եմ նայում նրան։

 

Առանց խարակտերի հերոս չէ նույնիսկ Սատանան։

 

Հերոսականն, իհարկե, պոռթկում է խարակտերից, այնպես չէ, որ մարդն իրեն պատրաստել է հերոսականին։ Այդպես վարվում էր Հերոստրատը։ Նա գիտեր, որ հերոսությունը գործողություն է դրական կամ բացասական արարքներից դուրս։ Գրիգորի Գորինը «Մոռանալ Հերոստրատին» պիեսում գրում է, որ Հերոստրատն, իհարկե, «տականք է, բայց ինչ-որ մարդկային բան կա նրա մեջ»։

 

Հերոսական է հնչում «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի կարեւոր է» միտքը, բայց հլը մտածեք, որ աշխարհում այլեւս ընկերներ չկան, կան սոսկ աղբյուրներ երբեւէ եղած ընկերության մասին։ Եվ կա բոլ ճշմարտություն։ Հետեւաբար` Արիստոտելը դառնում է մարդ, որը կործանեց ընկերությունը։ Հերոսության մեկնակետը միջին վիճակագրական մարդն է։ Հերոսության օբյեկտը՝ դիմացինը։

 

Երբ հերոսը շուն է, նրա մեջ ճանաչում ենք մարդուն, որը մենք չենք։ Հերոսությունը մեր կյանքի հանգամանքներից դուրս մնացած վիճակն է։ Ինչ-որ մեկը կատվի ձագին փրկում է ավտոմեքենայի անիվների տակ հայտնվելուց։ Եթե դու այս մասին ոչինչ չես իմանում, կյանքն այն է, ինչ կա, հենց իմանում ես, կյանքը դառնում է մի ուրիշ բան։ Դիցուք` Նար-Դոսի «Սպանված աղավնու» հերոսը խարակտեր ունի։ Նար-Դոսը ոչինչ չի թաքցնում, բայց կերպարի աղքատությունը միայն սրում է «հերոսականը»։ Քրիստոսի մասին էլ գրեթե ոչինչ չգիտենք։ Մեզանից ոչ մեկը չգիտի, թե ինչ մարդ են եղել Նելսոն Ստեփանյանը կամ Հունան Ավետիսյանը, մեզ հայտնի է միայն, թե ինչպես են նրանք զոհվել։ Ինչ մարտական ընկերներ են եղել, ինչպես են դրսեւորվել պատերազմից առաջ, ոչինչ չգիտենք։ Եթե նրանց խարակտերը վերծանենք, միգուցե մեզանից մեկն են, բայց եթե դատենք պատմության էջերով, նրանք իրենց կյանքի վերջին ակնթարթն են, իսկ մարդն այդ ակնթարթից ավելի «լայն» է։ Հետեւաբար, երբ մարդը սրան կամ նրան ասում է հերոս, ինքն իրականում ամբողջ մարդու «անոնսն» է ձեւակերպում։ Այսինքն` ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին պետք է լինի մարդը։ Ժամանակի ընթացքում այդ «անոնսը» դարձել է վարք, հերոսություն, բացառիկ դրսեւորում, երազանք եւ այլն։

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: