կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 15:45
Հասարակություն

Քաղաքապետը ներկայացրել է Նուբարաշենի նոր ղեկավարին

Քաղաքապետը ներկայացրել է Նուբարաշենի նոր ղեկավարին

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արթուր Կիրակոսյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝  համատեղ աշխատանքի համար. հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը ծանոթ է նուբարաշենցիների խնդիրներին, աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ,  և պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կնպաստի Նուբարաշեն վարչական շրջանի և, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

 

«Քաղաքապետարանը միշտ աջակից է լինելու և առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում և մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:

 

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու  բնակչությանը հուզող  հարցերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: