կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 11:02
Առանց Կատեգորիա

Տարածքային ամբողջականության խնդիր՝ Կոտայքում

Տարածքային ամբողջականության խնդիր՝ Կոտայքում

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին հարցնում են՝ ի՞նչ կարող ես անել: Ասում է՝ կարող եմ բոչկա գլորել: Է՞լ ինչ կարող ես անել` հարցնում են: Կարող եմ չգլորել՝ պատասխանում է:

 

Առաջիկայում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: Դա հերթական ընտրություն չէ: Պռոշյանի գյուղապետի կյանքն ընդհատվել է դավադիր գնդակից: Գյուղում բողոք կա: Եվ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շատ լավ գիտի այդ մասին, բայց, ինչպես ասացինք, կարող է բոչկա գլորել գյուղի վրա կամ չգլորել: Օրինակ` կարող է գյուղապետի պաշտոնակատար նշանակել ընտրություններից առաջ, կարող է նաև չնշանակել՝ հաշվի առնելով, որ մեկ ամիս անց գյուղապետի ընտրություններ են: Սթափ ուղեղով մտածող մարդը կասի՝ ի՞նչ վատ բան կա գյուղապետի պաշտոնակատար ունենալու մեջ, մանավանդ, որ գյուղում հարցեր կան, օրինակ` աղբահանությունը, որ առանց գյուղապետի հնարավոր չէ իրականացնել: Մենք էլ ենք ասում՝ հարց չկա, հարգելի' Կովալենկո, նշանակիր, բայց հաշվի առ, որ գյուղում բողոք կա իրենց գյուղապետի սպանության հարցով, և մարդիկ չեն ուզում, թեկուզ պաշտոնակատարի իրավունքներով, իրենց գլխին ունենալ մեկին, ով գյուղում առանձնապես չի փայլում իր ունեցած ռեպուտացիայով: Մարզպետը թեև կնոջ է նշանակել (իսկ կնոջ դեմ բողոքելը միշտ էլ դժվար է), միևնույն է, գյուղը համաձայն չէ այդ որոշման հետ: Ի՞նչ անել: Եվ հարց է առաջանում՝ կարո՞ղ է մարզպետը բոչկա չգլորել և սպասել մինչև ընտրություններ: Կարո՞ղ է մարզպետը ասել՝ գյուղապետարանով որոշեք ձեր գյուղապետի պաշտոնակատարին: Կարող է, իհարկե, բայց, պարզվում է, որ անպայման ուզում է բոչկա գլորել գյուղի վրա և իր հավատարիմներից մեկին, ով գյուղում լավ ռեպուտացիա չունի, նշանակել գյուղապետի պաշտոնակատար:

 

Հիմա՝ ուղիղ հարց Կովալենկո Շահգալդյանին՝ Արմենուհի Մելիքյանին նշանակել ես Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատար, ողջ գյուղը ոտքի ես հանել էդ խեղճ կնոջ և քո դեմ, որ ի՞նչ անես: Առանց այն էլ մարզպետները ժողովրդի աչքի լույսը չեն: Հիմա, դու եկել ես, մատդ մտցնում ես կրետի բույնը, որ ի՞նչ անես: Վիճակից ելք կա, անշուշտ: Դրա համար մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պետք է այնքան համարձակություն ունենա, որ անձամբ այցելի գյուղ և փորձի հասկանալ, թե ինչ են ուզում իր մարզի այդ համայնքի բնակիչները: Բայց, քանի որ հարգարժան մարզպետը երես չունի Պռոշյանում երևալու (մարզպետն է՞լ իր մարզի գյուղից թռած ման գա), հեռակա հրամաններ է արձակում, որոնք գյուղում, բնական է, ընդունվում են թրերով: Պռոշյանում, եղբայր, մարդիկ չեն ուզում ապրել ՀՀԿ-ական գյուղապետի ղեկավարության ներքո: Մի՞թե դժվար է հասկանալ այս պարզ իրողությունն ու անհրաժեշտ հետևությունն անել ստեղծված լարված իրադրությունից: Ինչո՞ւ լարել առանց այն էլ ծայրաստիճան լարված մթնոլորտը:

 

Ի՞նչ նկատի ունի Կովալենկո Շահգալդյանի դրածո տիկինը, երբ ակնարկում է՝ աման, աման, ես չեմ կարող հարաբերվել մարդկանց հետ, ովքեր զենքի մշակույթ ունեն: Տիկի'ն, զենքի մշակույթ կրելը ամոթ բան չէ: Դա առաջին հերթին յուրայինի վրա չկրակելն է, այլ ոչ թե այն, ինչ դուք եք պատկերացնում: Երանի թե զենքի այդպիսի մշակույթ ունենային ձեզ հովանավորող Կովալենկո Շահգալդյանն ու իր կուսակից ընկերները: Վատ չէր լինի, եթե Կովալենկո Շահգալդյանը հանդես գար հայտարարությամբ, որ Պռոշյանում կայանալիք ընտրություններին ինքը չի միջամտելու, և այդ ընտրություններում հաղթելու է արժանավոր թեկնածուն՝ նա, ում ընտրելու է պռոշյանցին: Սա կլիներ մարզպետի՝ ՀՀ նախագահի փոխանորդի խոսք և, անշուշտ, որոշակի դրական լիցքեր կհաղորդեր հասարակությանը առ մարզպետների ինստիտուտը:

 

Ցավոք, այս պահի դրությամբ Կովալենկո Շահգալդյանն անում է քայլեր, որոնք, ընդհակառակը, պռոշյանցիների աչքում նրան ավելի շատ Սյունիքի մարզպետի կերպարին են մոտեցնում, որից մեկ քայլ անդին անփառունակ հրաժարականն է: Եթե դրան է ձգտում Կովալը, կամ, լինելով համակարգի վինտիկ, չի կարողանում այլ կերպ մոտենալ հարցին, ուրեմն թող, որպես համակարգային, օր առաջ գնա Լիսկայի հետևից և ավելորդ տեղն էլ Պռոշյանում պառակտում չառաջացնի:

 

Գանք մեր հոդվածի սկզբին: Օրենքը թույլ է տալիս մարզպետ Կովալենկո Շահգալդյանին բոչկա գլորել Պռոշյանի ու պռոշյանցիների վրա: Բայց այդ նույն օրենքը չի արգելում մարզպետին չգլորել այդ բոչկան, այլ գնալ գյուղ և անձամբ հարաբերվել գյուղացիների հետ, որոնց ընտրած գյուղապետին սպանել են դավադրաբար: Ասել է՝ խնդիրը մի քիչ էլ մարդկային հարաբերությունների հարթության մեջ է: Այսինքն, մարզպետ լինելով հանդերձ, մի քիչ էլ մարդ պետք է լինել: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է մարզպետ աշխատել ու չմտնել այդ նույն մարզի գյուղը: Ստացվում է, որ դու թերի մարզպետ ես, մի գյուղ պակաս մարզպետ: Արժե՞ լինել այդպիսին: Եթե Կովալին ձեռք է տալիս, մեզ՝ առավել ևս: Խնդրեմ, Պռոշյանը հանեք Կոտայքի մարզից և մտցրեք Արագածոտնի մարզ, մանավանդ, որ գյուղի կապն Աշտարակի հետ ավելի սերտ է, քան Հրազդանի, որտեղ մեկ-մեկ երևում է քաջարի Կովալը:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ