Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Եթե ընտրություններում ձեր թեկնածությունն առաջադրեք, ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, ոստիկանությունը, բանակը, դուք մեր ժողովրդի մեջ ոչ մի ձայն չեք հավաքի. ձեզ այնքան կծեծեն դալաններում, տղե'րք, որ դուք կարտագաղթեք»,- օրեր առաջ Ազգային ժողովի նիստում, դիմելով իրենից առաջ ելույթ ունեցած Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին, ասել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: ՀՀԿ-ական նշված գործիչների ինքնամեծար պաթետիզմը ակնհայտորեն դուր չէր եկել Վ. Հովհաննիսյանին, և նա արձագանքել էր ՀՀԿ-ական ինքնագոհությանն ու գոռոզամտությանը:
Երեկ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձել է Վահան Հովհաննիսյանի հեգնական դիտարկմանը և իր ափսոսանքը հայտնել: «Ես ցավում եմ,- ասել է նա,- որ Ազգային ժողովում ինտելեկտուալ պատգամավորներից մեկն ուժի դիրքերից է խոսում»: Մեկ հատիկ այս նախադասությունն էլ բավական է, որ ունկնդիրը բավարար պատկերացում կազմի այն մասին, թե ինչ է մտածում արդարադատության նախարարը սեփական երկրի խորհրդարանի, հայրենի իշխանության և հարազատ կուսակցության մասին: Վ. Հովհաննիսյանին համարելով ԱԺ «ինտելեկտուալ պատգամավորներից մեկը»` Թովմասյանը խոստովանության նման մի բան է անում. փաստորեն, ըստ բարձրաստիճան ՀՀԿ-ականի, Ազգային ժողովում կան նաև ոչ ինտելեկտուալներ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդպիսիք` ոչ ինտելեկտուալ, կարող էին լինել միայն իշխող ուժի ներկայացուցիչները, որովհետև միայն նրանք կարող էին, չնայած անբավարար ինտելեկտին ու նույնիսկ դրա չգոյությանը, իշխանության ուժով հայտնվել խորհրդարանում: Ակնհայտ է, որ որևէ իսկապես ընդդիմադիր ուժ իրեն չէր կարող թույլ տալ անգրագետ գեներալ ու կիսագրագետ մեծահարուստ խորհրդարան բերելու «շռայլությունը»:
Այս ակամա խոստովանությունից հետո Թովմասյանը զարգացրել է միտքը` Վ. Հովհաննիսյանին հիշեցնելով, որ անցյալում` 12 տարի առաջ, ինքը, որպես թեկնածու, մասնակցել է համապետական ընտրությունների և այնքան ձայն հավաքել, որ երբևէ չի կարողացել հավաքել նույն Հովհաննիսյանը: Արդարադատության նախարարի այս փաստարկը թերևս կարող էր աշխատել, եթե փաստարկողը չմոռանար մի շատ էական հանգամանք` այն ժամանակ, երբ ընտրատարածքներից մեկում իր ձայնառատ հունձքն էր անում, ինքը ո'չ արդարադատության նախարար էր, ո'չ էլ, առավել ևս, Հանրապետական կուսակցության անդամ: Իսկ այս երկու հանգամանքն այնքան էական էին ընտրողի համար, որ որևէ մեկի մոտ կասկած չի մնում, թե այն օրերի հասարակական ակտիվ գործիչ, մարդու իրավունքների ջերմեռանդ պաշտպան Հրայր Թովմասյանն իսկապես կարող էր արժանանալ ընտրողի վստահությանը:
Բայց այդ օրերից ջրեր են հոսել, այդ «ջրերում» Հրայր Թովմասյանը բարեբախտություն, թե դժբախտություն է ունեցել մկրտվելու իբրև ՀՀԿ-ական, դրանից առաջ` պաշտոն ստանձնելու, հետևաբար` դեռ մեծ հարց է` նա կստանա՞ր նույն ընտրողի ձայները հիմա, երբ առաջվա անբասիր Հրայրը չէ: Այնպես որ, պարո'ն Թովմասյան, դալանների «թեման» այդքան էլ հեշտ չէ փակել:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ