Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Ս.Հովհաննիսյանի կողմից խարդախություն կատարելու, դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն' Ս.Հովհաննիսյանը, ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու իրավունքներ, այդ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի' թվով երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի առուվաճառքի գործարքներ և խարդախությամբ հափշտակել բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները:
Բացի այդ, ըստ նախաքննության տվյալների' իմանալով, որ մի անձ, վրեժխնդրության շարժառիթով դրդված, 30 000 ԱՄՆ դոլարով մտադիր է պատվիրել եղբոր սպանության համար դատապարտված և «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը, Ս.Հովհաննիսյանը համաձայնել է գտնել սպանություն կատարողին և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև։ Սպանությունն իրագործելու նպատակով' Ս.Հովհաննիսյանը պայմանավորվել է նախկինում երկու անգամ դատապարտված մի քաղաքացու հետ, ով համաձայնության է եկել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող մեկ այլ դատապարտյալի հետ' 7.500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց Ջ.Սլոյանի սպանությունն իրականացնելու շուրջ:
Նախաքննության նյութերի համաձայն' սպանությունը պետք է իրականացվեր' Ջ.Սլոյանին ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության աստիճանի հասցնելու և այդկերպ թունավորումն իրականացնելու միջոցով: ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Իսկ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օպերատիվ հետախուզական մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկվում' նրան հայտնաբերելու ուղղությամբ: