կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 16:27
Հասարակություն

Տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես

Տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես

Արդեն երկու օր է, ինչ այն բազմաբնակարան շենքում, ուր բնակվում եմ, հոսանքի անջատումներ են լինում: Նայում եմ ՀԷՑ-ի կայքը, ուշադրությամբ հետեւում պլանային անջատումների մասին ծանուցումներին, մեր շենքի մասին խոսք անգամ չկա: Որոշեցի զանգահաել ՀԷՑ:

 

Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը պատասխանեց, որ հնարավոր է` այնտեղ վթար եղած լինի, ու այդ պատճառով հոսանքազրկում իրականացված լինի` վթարի հետեւանքները վերացնելու համար: Այնուհետեւ արագ ճշտեց ու տեղեկացրեց, որ մեր շենք մտնող հոսանքի գծերի «նոլերն» ինչ-որ անհասկանալի պատճառներով վնասվել են, ու դրա պատճառով մեր շենքը հոսանքազրկվել է: Ասում եմ` երեկոյան հոսանքազրկվեց, որոշ ժամանակ անց վերականգնվեց, հետո նորից հոսանքազրկվեց: Սարջանյանը պատասխանեց, թե սկզբում ժամանակավոր են միացրել, իսկ այսօր էլ անջատել են` հիմնական վերանորոգման համար:

 

Իհարկե, զանգահարել էի ՀԷՑ մեկ այլ` շատ կարեւոր հարց ճշտելու. սովորաբար նորմալ երկրներում, երբ էլեկտրամատակարարումը դադարել է ինչ-ինչ վթարի կամ այլ պատճառներով, սահմանված է որոշակի ժամկետ, որի ընթացքում պետք է այն վերականգնվի: Հակառակ պարագայում` մատակարար ընկերությունը պարտավոր է բնակիչներին փոխհատուցում տրամադրել` իր պարտավորությունները չկատարելու համար:

 

Այդպիսի դրույթ կա նաեւ Հայաստանում: Պետք է հիշել, որ ըստ «Էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների», որը սահմանվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ լարման մալուխային կամ օդային սնող գծերի, էլեկտրաէներգիայի բաշխման սարքավորումների, ինչպես նաև 0.22 կՎ լարման հաղորդալարերի` մինչև բնակարանները, իսկ առանձնատան (ամառանոցի), կրպակի, ավտոտնակի, օժանդակ շինության դեպքում` մինչև կանգնակը, պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը կրում է մատակարարը:

 

Ինչպես նաեւ` մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին` սահմանված պահանջների համաձայն: Մեր հարցին, թե արդյո՞ք ընկերությունը մեր շենքի պարագայում բնակիչներին` բաժանորդներին, փոխհատուցում տրամադրելու է, ՀԷՑ-ի հասարակայնության եւ ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետը պատասխանեց, որ եթե սահմանված ժամկետի սահմաններում է եղել անջատումը, ապա չի տրվում, իսկ եթե սահմանված ժամկետը գերազանցում է, այդ դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցում տալ` պատճառված անհարմարության համար:

 

Նատալյա Սարջանյանից տեղեկացանք նաեւ, որ սահմանված ժամանակը բազմաբնակարան շենքերի համար 4 ժամն է: Բայց եթե հոսանքը անջատվի, ենթադրենք, 3.5 ժամով, հետո, ենթադրենք, 1 րոպեով նորից վերականգնվի ու հետո նորից 2 ժամով անջատվի, ապա այդ դեպքում նույնպես փոխհատուցում չի նախատեսվում, քանի որ դա նշանակում է, որ ՀԷՑ աշխատակիցներն աշխատել ենհոսանքի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ (այս մոտեցումն, իհարկե, մի քիչ անհասկանալի է, բայց այդպես է սահմանված):

 

Վերեւում հիշատակած «Էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններ»-ում նշվում է, որ քաղաքային բազմաբնակարան շենքերում սահմանված ժամկետը ոչ թե 4, այլ 2 ժամն է, իսկ 4 ժամը վերաբերում է գյուղերի բազմաբնակարան շենքերին` հասկանալի պատճառներով` մինչեւ համապատասխան մասնագետները հասնեն գյուղ ու կատարեն համապատասխան աշխատանքները: Բայց դա էլ էական չէ:

 

Եթե ֆորսմաժորային վիճակ չէ, այսինքն` բնական անգերազանցելի ուժի ազդեցությամբ (Աստված մի արասցե` երկրաշարժ, ջրհեղեղ, հրաբուխ եւ այլն, բնական տարերային եւ տեխնածին աղետներ չլինեն), ապա մնացած բոլոր դեպքերում, երբ նախապես չծանուցված` պլանային անջատումներ չեն, այլ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, անջատումներ, ընկերությունը փոխհատուցում պարտավոր է տալ, եթե անջատումը տեւել է 4 ժամից ավելի:

 

Ընկերությունը պարտավոր է նաեւ փոխհատուցել, եթե էլեկտրականության` նախօրոք չծանուցված անջատումների դեպքում փչանում կամ վնասվում է բաժանորդի էլեկտրական, կենցաղային ինչ-որ գույք կամ տեխնիկա, այդ դեպքում արդեն կապ չունի, թե հոսանքի մատակարարումը քանի ժամով է դադարեցվել:

 

Իհարկե, ընկերության հասրակայնության եւ ԶԼՄ հետ կապի դեպարտամենտի պետը օգնելու պատրաստակամությամբ հավաստիացրեց, որ մենք կարող ենք դիմել ընկերությանը եւ պահանջել մեր վնասված սարքերի համար փոխհատուցում, էլեկտրաէներգիան էլ` թեեւ ժամանակ առ ժամանակ միանում ու անջատվում է, բայց մասնագետները, հնարավոր է` արդեն աշխատում են այդ խնդրի վերացման ուղղությամբ, ուղղակի սա եւս մեկ առիթ էր, որպեսզի բնակիչներին հիշեցնենք. եթե ձեզ մատակարարվող էլեկտրաէներգիան անջատել են ոչ թե նախապես ծանուցելով, ֆորսմաժորային պայմաններում կամ դրա դիմաց գումարները ուշացնելու պատճառով, այլ ինչ-ինչ վթարի կամ այլ պատճառներով, եւ դուք 4 ժամից ավելի հոսանքազրկված եք եղել, կարող եք դիմել ՀԷՑ` փոխհատուցման պահանջով, եւ ընկերությունը պարտավոր է ամսվա վերջում` սպառած էներգիայի վճարների հաշվարկի ժամանակ, այդ տեսակի վնասի մասով վերահաշվարկ կատարել ու ձեզ փոխհատուցում տրամադրել:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ