կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-25 13:10
Առանց Կատեգորիա

Իրենց սրբի տեղ դրած` վանքի հավերն են ուտում

Իրենց սրբի տեղ դրած` վանքի հավերն են ուտում

Այսօր առավոտյան, օրվա մամուլն աչքի անցկացնելով, երկու հրապարակում գրավեց մեր ուշադրությունը. վերաբերում էին նույն ընկերությանը` «Իդեալ համակարգ» խանութների ցանցին:

 

«Առավոտը» մի հրապարակում էր տպագրել, ըստ որի` Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի «Նոր Վարագավանք» վանական համալիրը նորոգվում է «Իդեալ համակարգ» խանութների ցանցի սեփականատեր Նորայր Խաչատրյանի ֆինանսական օժանդակությամբ: Որոշ տվյալներով՝ այդ նպատակով հատկացվել է շուրջ 1 միլիոն դոլար: Շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, վերանորոգման աոաջին փուլի համար արդեն տրամադրվել է 120 միլիոն դրամ:

 

Չանդրադառնանք հրապարակման այն հատվածին, որ շինարարական աշխատանքները որակով չեն կատարվում եւ այլն: Խոսենք այլ երեւույթի մասին. առաջին հայացքից մարդիկ բարեգործություն են կատարում` եկեղեցի են նորոգում, կարեւոր մշակութային կոթող փրկում: Ասել է թե` մարդիկ Աստծո հետ համերաշխության ուխտ են կապում: Համենայն դեպս, այդպես է ընկալվում եկեղեցի կառուցելը կամ նորոգելը հայության շրջանում:

 

Բայց հենց այս հրապարակումն ընթերցելուց մի քանի րոպե հետո բացում ենք մեկ այլ` «Հայկական ժամանակ» օրաթերթը ու կարդում բոլորովին այլ «բարեգործական տրամաբանության» տիրույթում գտնվող երեւույթի մասին. «ՀԺ»-ն նույն` «Իդեալ համակարգ» խանութների ցանցի մասին արդեն ողբերգական թեմայով հրապարակում ուներ: Օրաթերթի մեր գործընկերները տեղեկացնում են, որ երեկ երեկոյան «ՀԺ»-ն ահազանգ է ստացել երեւանյան մի շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարևանուհուն` ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի Ամալյա Նազարեթյանին, բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան:

 

Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը գտնվում է շենքի երկրորդ հարկում, որի աոաջին հարկը զբաղեցնում է «Իդեալ» խանութը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը, որպես բնակիչ, դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն:

 

«Եվ ահա օրերից մի օր այս հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների` հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Ավելի ուշ հարևանները պարզել են, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակից Գագիկ Աղբալյանն այցելել է նշված շենք, զրուցել եւս չորս հարևանների հետ, ովքեր միաբերան հայտարարել են, որ Նազարեթյանը միանգամայն նորմալ վարք է դրսևորել եւ որեւէ հոգեկան խնդիր չի ունեցել:

 

Եթե այս ամենը ճիշտ է, իսկ մենք չենք ուզում կասկածի տակ առնել մեր գործընկերների աշխատանքը, ուրեմն շատ շուտով տիկին Ամալյան իսկապես հոգեկան հիվանդ կդառնա: Հաստատ: Ինչպես ասում է ժողովուրդը` «Տերովին տերը տարավ, անտերին` գելը»: Ուղղակի այս դեպքում «գելը» բավականին «բարեպաշտ» է` եկեղեցի է նորոգում, ընդ որում` այդ եկեղեցու նորոգման համար պատրաստ է վճարել մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Բայց մեկ բնակարանի համար կամ մեկ մարդու հետ լեզու գտնելու փոխարեն նրան կարող է ուղարկել հոգեբուժարան, որովհետեւ դիմացինը օլիգարխի կամ չինովնիկի ծանոթ-բարեկամ չէ, այլ միայնակ թոշակառու:

 

Հետաքրքիր է, որ, ինչպես «Հայկական ժամանակին» հայտնել է ահազանգած հարեւանուհին, Նազարեթյանին «մեկուսացնելու» գործողությունը տեղի է ունեցել մեկ հոգեբույժի ու չորս ոստիկանի մասնակցությամբ: Այսինքն` «Իդեալ համակարգ»-ի տերերը ամեն ինչ արել են իրավապահների գիտությամբ, ավելին` անմիջական մասնակցությամբ: Իսկ ինչո՞ւ, կարծում ենք այն պարզ պատճառով, որ այս խանութների ցանցի հետ կապվում է նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անունը` որպես տերերից մեկ: Կամ էլ չի բացառվում որ տերերից մեկին, տվյալ դեպքում` Ներսիկ Նազարյանին, արդեն փոխարինել են մեկ այլ բարձրաստիճան ոստիկանով: Կարճ ասած` հնարավոր է` բիզնեսի վերաբաշխում տեղի ունեցած լինի. Մեզանից հեռու չէ…

 

Ստացվում է այնպես, որ եկեղեցի նորոգող, Աստծո հետ ուխտ կապող «բարեպաշտները» կարողանում են օրը ցերեկով նորմալ, ինտելիգենտ, բայց միայնակ ու անտեր թոշակառուին ուղղակի վերցնել ու տեղափոխել հոգեբուժարան: Ի դեպ, մեր գործընկերները փորձել են հոգեբուժարանում տեսակցել Ամալյա Նազարեթյանին, սակայն հոգեբուժարանի աշխատակիցները չեն թույլատրել` պատճառաբանելով, թե նա իրեն շատ ագրեսիվ է պահում եւ կարող է վնասել այցելուներին…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ