կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 20:45
Քաղաքական

Թե ինչպիսի տղամարդ է Տարոն Մարգարյանը

Թե ինչպիսի տղամարդ է Տարոն Մարգարյանը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ավագանու ՀՀԿ-ական անդամ Լեւոն Իգիթյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 20-25 տարի առաջ Երեւանն անհասկանալի հիվանդություն ձեռք բերեց, եւ ինքն այսօր հասկացել է, թե որն էր պատճառը:

 

«Մեր մեծ տունը դարձրել էին քաղաքական վարժությունների դաշտ, դրանք մեր վարժությունները չէին, ինչ-որ մի խումբ մարդիկ իրար հետ քաղաքական կլուբ էին ստեղծել, իրար հետ վիճում էին: Մենք էսօր չենք եկել քաղաքական հարցեր պարզելու, մենք եկել ենք խոսելու մեր մասին՝ մեր տունը ոնց պահենք»,- հայտարարեց Իգիթյանը:

 

Նա ասաց, որ երբ 4 տարի առաջ ընդգրկվեց ավագանու կազմում շատ լուրջ հարցեր էին կուտակվել, եւ «էս թիմը փրկվեց, որովհետեւ լավ լիդեր ուներ»:

 

«Մեր լիդերը Տարոն Մարգարյանն է՝ պինդ տղամարդու ձեռք ունեցող, աշխատել սիրող մարդ: Նա ծնվել եւ մեծացել է մի ընտանիքում, որը տառապանքներով է դեպի լույս գնացել»,- ասաց նա: Իգիթյանն առաջարկում է քաղաքապետի յոթ թեկնածուներին իրար կողք շարել ու նայել, թե ով ինչ է արել:

 

«Եթե բեսդելնիկ ա, իրան չի կարելի վստահել: Տարոն Մարգարյանն այնքան բեռ է արդեն կրել, եւ այդքան հզոր տղամարդ լինելով պատրաստ է այդ բեռը տանել եւ արդեն մեծ փորձ ունի»,- նշեց Իգիթյանը եւ հայտարարեց, որ եկել է «արարման, քարեր հավաքելու ժամանակը»:

 

Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն եւ որ Տարոն Մարգարյանն ուզում է «քաղաքական անպետք վիճակի մեջ կարգուկանոն մտցնել»: «Տարոն Մարգարյանը կառուցող է, մինչեւ գիշերվա 3-ն աշխատում է: 4 տարի համոզվում եմ Տարոն Մարգարյանի՝ լուրջ եւ ուժեղ տղամարդ լինելու մեջ: Այս ընտրությունները ճակատագրական են լինելու»,-նշեց նա:

 

Ուշագրավ է, որ երբ քարոզարշավից հետո Yerkir.am-ի թղթակիցը մոտեցավ Իգիթյանին` ելույթի վերաբերյալ մի քանի պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Կարապետյանը բառի բուն իմաստով փախցրեց Իգիթյանին` չթողնելով որ նա անգամ մեկ հարցի պատասխան տա: