կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 21:50
Քաղաքական

ՀՅԴ-ի խնդիրը սեփական քաղաքապետ ունենալը չէ, այլ Երեւանում իշխանափոխությունը

ՀՅԴ-ի խնդիրը սեփական քաղաքապետ ունենալը չէ, այլ Երեւանում իշխանափոխությունը

Հիմնական հարցն այն է, որ ՀՅԴ-ն կարողանա Երեւանի քաղաքային իշխանությունը փոխել, ու եթե այդ  փոփոխությունները ՀՅԴ-ն միայնակ չկարողանա անել, բնականաբար, կփորձի գտնել  իր պես մտածող քաղաքական ուժեր, որոնց հետ կարելի է այդ միտքը կյանքի կոչել. այսօր, Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը' պատասխանելով քաղաքացիների այն հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն պատկերացնում այլ քաղաքական ուժի ներկայացուցչի` քաղաքապետ լինելու հանգամանքը:

 

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորողը նշեց, որ այսօր հետընտրական համագործակցությունը հնարավոր է, քանի որ ուժերը որքան էլ ճիգ գործադրեն, միեւնույն է, ոչ մի ուժ չի կարողանալու 50 տոկոսից ավելի վստահության քվե ստանալ ու միահեծան քաղաքային իշխանություն ձեւավորել:

 

 

Քաղաքացիները Արմեն Ռուստամյանին հարց ուղղեցին նաեւ հրապարակվող սոցհարցումների արդյունքների վերաբերյալ, որին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը շեշտեց, որ վաղուց արդեն հայտնի է, որ այդ սոցհարցումները պատվիրում են իշխանության ներկայացուցիչները, ու այդ պատճառով նրանց այդ հարցումների արդյունքներում լավ լույսի ներքո են ներկայացնում: Արմեն Ռուստամյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դրանք ոչ թե իրական սոցհարցումներ են, այլ քարոզչամիջոցներ, երբ պատվիրատուները միշտ նույն մարդիկ են, հարցում կոչվածն իրականացնողները` նույնպես:

 

«Եթե մի սոցիոլոգի կանխատեսում չի իրականացնում, ապա նա այլեւս պետք է դադարի իրեն սոցիոլոգ կոչելուց»,- ասաց Արմեն Ռուստամյանը' հավելելով, որ դա նույնն է, որ մի մարդ իրեն գիտնական  հռչակի, բայց նրա առաջարկած թեզերը գիտականորեն ջախջախեն ու ասեն, որ ոչ մի գիտական հիմք չունի, այդ դեպքում տվյալ մարդը ուղղակի հեռանում է գիտության ոլորտից...

 

 

Քաղաքացիներին նաեւ հետաքրքրում էր, թե ինչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն ավագանու կազմում Երեւանի կրթական համակարգի հետ այն դեպքում, երբ այդ համակարգը համատարած կուսակցականացվել է: Այդ հարցին ի պատասխան Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա անթույլատրելի է, քանի որ առաջին հերթին  աշակերտները իրենց ուսուցիչների դեմքով Հանրապետական կուսակցությանն են տեսնում, ու չի կարող այնպես լինել, որ բոլորը նույն գաղափարական, մտածելակերպը եւ աշխարհընկալումն ունենան:

 

Դա Արմեն Ռուստամյանը համեմատեց ԽՍՀՄ տարիների միակուսակցական համակարգի հետ' նշելով, որ ներկա վիճակով իշխող ուժը այնպես է արել, որ պետությունը նույնականացվում է իրենց կուսակցության հետ: Իսկ ՀՅԴ-ական քաղաքապետը այդ վիճակը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում կշտկի: