Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» խմբագրականում գրում է. «Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում կատարվածը «Հայլուր» նայող հեռուստադիտողի համար այդպես էլ մնաց չբացահայտված: Իսկ ի՞նչ տեսավ այդ օրը «Հայլուրի» հիմնական թողարկման ժամանակ հայ հեռուստադիտողը: Սերժ Սարգսյանը երդվեց. Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը, Սերժ Սարգսյանը ընդունեց իր նստավայրի մոտ կայացած զորահանդեսը, Սերժ Սարգսյանը ընդունեց այս երկրի պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը ընդունեց այն երկրի պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը...
Հիմնական թողարկմանը 46 րոպե Սերժ Սարգսյանի մասին խոսելուց հետո, ընդամենը 2 րոպեանոց ռեպորտաժ հեռարձակվեց «Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը» խորագրով, որտեղ ցուցադրվում էին այդ օրը առավոտյան տեղի ունեցած հանրահավաքից կադրեր, որին զուգահեռ մեկնաբանը ասում էր, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը իր հերթական հանրահավաքի ժամանակ ներկաներին ներկայացրել իր պայքարի հետագա քայլերը և անդրադարձել է այլ պետություններին՝ մասնավորապես Ռուսաստանին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին քննադատության ենթարկելով նրանց որոշումները:
Երբ վերջապես թվում էր, որ խոսվելու է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի մասին, երևում է խոշոր կադր Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի զրույցից, և լսվում «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցություններից հետո որոշվել է երթը շարունակել ոստիկանության առաջարկած երթուղով, հավաքվածների մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարժվել է դեպի Ծիծեռնակաբերդ»: Վերջ: Այսքան բան:
Ոչ մի կադր կամ խոսք այն մասին, թե ինչպես է ամբողջ քաղաքը ոստիկաններով լցված, ինչպիսի լարված մթնոլորտ է եղել, որի արդյունքում բախումներ են եղել: Ոչ մի անդրադարձ, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Սարտիրոսյանին: Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված 21 քաղաքացիների մասին նույնիսկ ակնարկ չկա...
Ինչու՞ Հանրային հեռուստաալիքը չի լուսաբանել և չի ներկայացրել Բաղրամյան պողոտայի դեպքերը: Երբ այս հարցը մեր թղթակից Թագուհի Հովհաննիսյանը ուղղել է «Հայլուր» լրատվականի խմբագիր Արմեն Ամիրխանյանին, ստացել է ցնցող պատասխան. «Բայց ի՞նչ է եղել որ»,- ասել է նա: Պարզ է դառնում, որ այս պատասխանը ուղիղ համեմատական է լուսաբանմանը:
«Հանրահավաք է տեղի ունեցել, ցույց է տեղի ունեցել, այլընտրանքային երդում է տեղի ունեցել, դրանք բնորոշիչ չեն»: Մեր թղթակցի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ հայ հանդիսատեսին հետաքրքիր չի, թե ինչպես են բախվում իրենց հայրենակիցները ոստիկանների հետ, նա ասել է, որ թողարկման ժամանակ դրել են այն կադրը, որը թղթակիցը հասցրել է բերել դեպքի վայրից: «Այն իրադարձությունները, որոնք համարում ենք ոչ այնքան լայն լուսաբանում ունեցող, լուսաբանում ենք իրենց կարևորության ծավալի չափով: Ավաղ, մենք ենք այստեղ կոչված եթեր տալ այն, ինչ-որ հանրությանը հետաքրքիր է»,- ասել է նա և ավելացրել, որ հանրայինը ունի հանրային պարտավորություններ, որոնք կատարում է: Չարաչար սխալվում է «Հայլուրի» խմբագիրը:
Ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների, հանրայինը «նստած» է բյուջեի, այսինքն հարկատուների վզին: Տարեկան մենք՝ հարկատուներս, այդ ձրիակեր հեռուստաընկերությանը մոտ 7 միլիոն դոլար ենք տալիս: Իսկ անգամ պաշտոնական տվյալներով, այդ հարկատուների ավելի քան 1/3-րդը քվեարկել է այն մարդու օգտին, ում կողմնակիցների երթը «բնորոշիչ չէ» «Հայլուրի» համար: Այդ «կարևորություն չունեցող» իրադարձությունը արդեն օրեր շարունակ չի իջնում Ֆեյսբուքի «եթերից»: Ու հետևյալ տարօրինակ հարցն է ծագում: Ինչո՞ւ էր մեկ այլ ձրիակեր կառույց՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի հազար ոստիկան բերել լցրել Երևանի կենտրոն, եթե ոչ մի կարևոր բան այնտեղ տեղի չէր ունենում: Ու ընդհանրապես, բացի Սերժ Սարգսյանի գործունեությունից, Հայաստանում որևէ կարևոր բան տեղի ունենո՞ւմ է: Դատելով «Հայլուրի» եթերներից՝ ոչ»: