կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 17:26
Առանց Կատեգորիա

ՕԵԿ-ն ''ապահով Հայաստանում'' է

ՕԵԿ-ն ''ապահով Հայաստանում'' է

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ցուցակներից ամենայուրահատուկը «Օրինաց երկիր» կուսակցությանն է: Այն առանձնանում է երկու իմաստով: Նախ` դրանում ընդգրկված են միայն ՕԵԿ-ականներ: Մյուս բոլոր կուսակցություններում կան թե' անկուսակցականներ, թե' այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, իսկ այստեղ միայն ՕԵԿ-ն է՝ 105 հոգի: Մյուս կողմից, ի՞նչ ասես, 170 հազար անդամ ունեցող կուսակցություն է, ցուցակը հազիվ իրենց տեղ աներ:

 

Երկրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ ՕԵԿ-ի ցուցակը, ի տարբերություն մյուսների, կազմված է միայն զբաղված մարդկանցից, որեւէ գործազուրկ չկա: ՕԵԿ ցուցակ են «ներթափանցել» Հայաստանում գտնվող եվրոպական զանազան կրթական կենտրոնների ներկայացուցիչներ, որոնց քավորը, վստահաբար, Արթուր Բաղդասարյանն է: Այսպես` Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի պրոռեկտորն է այստեղ, դեկան եւ եւս մեկ ներկայացուցիչ, 2 փորձագետ «Եվրոպական շարժում»-ից, 2-ական ներկայացուցիչ ունեն Ֆրանսիական համալսարանը եւ Հայաստանի եվրոպական քոլեջը, կան բազում դասախոսներ, ուսուցչուհիներ, ՕԵԿ վերահսկողության ներքո գտնվող նախարարությունների ներկայացուցիչներ. միայն 4 աշխատող կա արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

Ուշագրավ է գործարարների ու անհատ ձեռներեցների կազմը` մեծամասնությամբ 23-30 տարեկան անձինք են:

 

Էլ ի՞նչ ենք բողոքում աշխատատեղերի բացակայությունից, երիտասարդների գործազրկությունից, եթե 23 տարեկանում մեր երկրում հնարավոր է դառնալ հաջողակ գործարար եւ, ոչ ավելի, ոչ պակաս, ընդգրկվել ՕԵԿ-ի ավագանու ցուցակում: Ինչպիսին երկիրն է, այնպիսին պետք է լինի ավագանու ցուցակը, քանի որ այնտեղ ներկայացվում է ժողովրդի, հանրային շրջանակների մակետը:

 

Այս առումով, օրինակ, փայլում է ՀՀԿ ցուցակը. երկրում կան իշխանությանը գովերգող մտավորականներ, նրանք առաջին պլանում են, հետո քարոզարշավին փող հատկացնող գործարարներն են, հաջորդ շարքում թաղային հեղինակություններն են եւ թաղային հեղինակություն պատգամավորների համապատասխան հատկանիշներով օժտված զավակները, կան «խառոշի տղերք», «քուչի տղերք», «հասնող տղերք», «քցող-բռնող» եւ պարզապես «քցող տղերք»: Հանրապետական կուսակցությունն այն կուսակցություններից է, որը մշտապես անդամագրում է ունենում, շատերն են մտնում այս կուսակցություն՝ աշխատանք ունենալու, աշխատանքը պահպանելու, քծնանքի ուժով ինչ-որ տեղ հասնելու ակնկալիքով:

 

Բայց ՀՀԿ-ն որ ՀՀԿ է, ցուցակում էլի գոնե ներկայացրել է մոտ մեկուկես տասնյակ գործազուրկների՝ ցույց տալու համար, որ երկրում կան գործազուրկներ, եւ  ՀՀԿ-ն դեռեւս աշխատելու, փոխելու բաներ ունի: Բայց, արի ու տես, որ Արթուր Բաղադաարյանը կարողացել է ՕԵԿ-ի համար 100 տոկոսանոց զբաղվածություն ապահովել եւ Հանրապետականից էլ դեռ շատ առաջ հայտնվել «ապահով Հայաստանում»:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ