կարևոր
1003 դիտում, 53 րոպե առաջ - 2026-09-15 23:56
Հասարակություն

Արման Եղոյանն այսօր դուրս գալով հունից, ակամա արձանագրելի դարձրեց՝ որքան խորն է Դաշնակցության հունը. Բադալյան

Արման Եղոյանն այսօր դուրս գալով հունից, ակամա արձանագրելի դարձրեց՝ որքան խորն է Դաշնակցության հունը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Դաշնակցությունը կարծում եմ պետք է այդուհանդերձ առանձին շնորհակալություն հայտնի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանին։ Ի վերջո, Եղոյանի «հռետորակն» պոռթկումը այսօր ապահովեց Դաշնակցության հասարակական-քաղաքական բենեֆիս։ Վերջին հաշվով, փոքր ինչ խորամուխ եղեք այսօրվա աղմկոտ դրվագի շրջանակում, եւ փորձեք հանդարտ գնահատել, թե որն է նստվածքը։

Նստվածքը ՀՅԴ հեղինակությունն է, Դաշնակցության անունը, պատմությունը, այո՝ իր բոլոր թերություններով, խնդիրներով հանդերձ։ Իսկ կա՞ որեւէ քաղաքական ուժի բյուրեղյա կամ անթերի կենսագրություն, հետագիծ ու պատմություն։ Իհարկե ոչ։ Բայց կա հավաքական նստվածք, եւ Արման Եղոյանն այսօր խորհրդարանի ամբիոնի վրա դուրս գալով հունից, ակամա արձանագրելի դարձրեց այն, թե որքան խորն է Դաշնակցության հունը։

Հայ ժողովրդի պատմության ընթացքում, երբ Դաշնակցությունը դարձել է դրա մաս, այդ հունն իհարկե ենթարկվել է տարբեր ազդեցությունների, տարբեր թափոնների։ Սա միանգամայն բնական է ցանկացած ուժի դեպքում։ Բայց, ժամանակի ու տարածության մեջ, ՀՅԴ-ն դարձել է հայ ժողովրդի պատմության բնական մասն ու ընթացքի տրամաբանական բաղադրիչը, որն ապահովում է քաղաքական-գաղափարական օրգանականության նվազագույն, բայց կարեւորագույն բալանսը»։

Հիշեցնենք՝ այսօր Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։

Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։