կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-16 11:19
Քաղաքական

Պարզվում է՝ ՀՅԴ-ի մահը ցանկացող Եղոյանը ժամանակին ջերմ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի դաշնակցական գործիչների հետ․ դիտարկում

Պարզվում է՝ ՀՅԴ-ի մահը ցանկացող Եղոյանը ժամանակին ջերմ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի դաշնակցական գործիչների հետ․ դիտարկում

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն անդրադարձել է նախօրեին Արման Եղոյանի կողմից ՀՅԴ-ի վրա հարձակմանը՝ գրելով․

«Վերջին շրջանին պարոն Արման Եղոյանը, կատաղած է Հ.Յ. Դաշնակցութեան, սփիւռքեան կառոյցներու եւ Հայ Դատի նուիրեալ կամաւոր աշխատող գործիչներու դէմ: Տակաւին քանի մը տարիներ առաջ ինք եւ իր գործընկերները, այս պարագային ՀՀ Ազգային Ժողովէն ներս կը հանդիպէին Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի Նախագահին, Գործադիր Տնօրէնուհիին եւ Հ.Յ. Դաշնակցութեան Միջազգային Քարտուղարութեան անդամին հետ: Արդէն քանի գրառումներ կատարեցի ՔՊ-ի անդամներու քամելեոնի մօտեցուներուն համար: Այսօր «4 պատերու» միջեւ նստած գործիչին համար, թող յիշեն թէ քանի մը տարիներ առաջ ի՞նչ կըսէին եւ որքան գովասանքով կը խօսէին: Պիտի շարունակենք մեր գրառումները: Եղոյանները կուգան ու կերթան: Ազգանուէր կառոյցները մնացել են 136 տարի եւ պիտի շարունակեն մնալ»:

Գասպար Կարապետյանն իր գրառմանը կից նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը հանդիպում են ունեցել ՀայԴատի գրասենյակի պատվիրակության հետ։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։

Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։