Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում լեզվակռվի բռնվեցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ պատգամավորը բանավեճի առաջարկություն արեց ԿԸՀ նախագահին:
Yerkir.am-ը, ԱԺ նիստերի դահլիճից դուրս, ԿԸՀ նախագահից հետաքրքրվեց, թե ընդունո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի` բանավիճելու առաջարկությունը: «Ես բանավեճի առաջարկ ներկայացնելու` նման ֆորմատ, մշակույթ չգիտեմ: Երբ մարդը գալիս է ԱԺ հարց զեկուցելու, պատգամավորը պետք է օգտվի ընդամենը իր հարց տալու իրավունքից»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:
Անդրադառնալով ԿԸՀ նախագահի այս պարզաբանմանը` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «ՀՀ-ում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. երբ ԱԺ-ում հարց ես բարձրացնում, ասում են` կգնանք սենյակում կքննարկենք: ԱԺ նիստերի դահլիճը հենց քննարկելու համար է: Իրենք ասում են` ԱԺ-ն բանավեճի տեղ չէ, եկեք գնանք սենյակում քննարկենք, խաշանոցում քննարկենք, քաբաբ ուտելով քննարկենք: Ոչ, ԱԺ-ն հենց բանավեճի տեղ է, ԱԺ-ն այն տեղն է, որտեղ մարդկանց հուզող հարցերը պետք է բարձրաձայնվեն»:
Պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծեց, որ եթե ԱԺ-ն «բանավեճի տեղ չէ», ուրեմն Տիգրան Մուկուչյանին կհրավիրի այլ տեղ բանավեճի՝ որեւէ հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում: Նա վստահեցրեց նաեւ, որ «երկու բառ են սովորել, եւ իրենց թվում է, թե իրենց հաջողվել է դրանով իրենց սուտը քողարկել»:
Ի պատասխան մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ վեճը հասավ դաստիարակության թեմային, Փաշինյանը հայտարարեց. «Երբ ես հարց տվեցի, այն էլ` փաստերով արձանագրված, Մուկուչյանն ասաց, թե ինքը դաստիարակված է եւ չի իջնի այդ մակարդակին: Այսինքն` դաստիարակությունը, Մուկուչյանի պատկերացմամբ, ԱԺ ամբիոնից ի լուր հանրության սուտ խոսելն է, այս իշխանության ներկայացուցիչների համար ստախոսությունը, կեղծարարությանը դաստիարակության էտալոններ են: Այսինքն` իրենց պատկերացմամբ` դաստիարակված մարդը ստախոս եւ կեղծարարն է»:
ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ եթե խոսելու լինեն «ասմունքի մրցույթի մասին», ապա կասի, որ «Տիգրան Մուկուչյանն ավելի լավ է ասմունքում, քան ԿԸՀ նախորդ նախագահները, բայց չէ՞ որ սա ասմունքի մրցույթ չէ»: «Եթե Տիգրան Մուկուչյանը լավ է ասմունքում, եկեք մտածենք, թե որտեղ կարելի է օգտագործել ասմունքի` նրա ընդունակությունները»,- եզրափակեց Փաշինյանը: