կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 14:16
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը բացեց փակագծերը

Րաֆֆի Հովհաննիսյանը բացեց փակագծերը

Միայն այն փաստը, որ իր քարոզչանյութը` «Դեպի ապահով Հայաստան» գրառումն` իր լուսանկարով, գտնվում էր հազարավոր շենքերի, շտաբների վրա, ոչ միայն բավարար է, այլեւ հրամայաբար պետք է բերի Սերժ Սարգսյանի պարտությանը. այսօրվա իր բացօթյա ասուլիսում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա պարզաբանեց, որ ոչ մի ժողովրդավարական երկրում այսպիսի փաստը, էլ չասած` ընտրակեղծիքները, ինքնըստինքյան չէր անտեսվի եւ կհանգեցներ ընտրությունների անվավերության:

 

«Այնպես որ` խնդրում եմ չխոսել վերեւից, օրենքից, ժողովրդի անունից: Ես երբեք չեմ խոսում ժողովրդի անունից, քանի որ ժողովուրդն արդեն խոսել է, չխառնե’ք: Որպեսզի չանցնենք փչացած հեռախոսի, խոսքի ձեւախեղումների եւ խոսքը միջնորդավորված փոխանցելու երեւույթին, ես ակնկալում եմ, որ եթե երբեւէ լինի որեւէ գործընթաց, որ մեր երկիրը բերի բարերար ափեր` Սահամանադրության գերակայությամբ, լինելու է հրապարակային, առանց որեւէ մեկի խոսքը խեղաթյուրելու»,- Սերժ Սարգսյանի հետ հետագա հաղորդակցության ձեւաչափի մասին իր պատկերացումները հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նախագահի նախկին թեկնածուն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մեկնաբանություններին, որոնք վերաբերում են իրենց հանդիպման մանրամասներին, նշեց, թե սուտ է այն, թե ինքն ասել է, որ չի հաղթել: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ինքն ասել է, որ գուցե նաեւ սկզբում չափազանցրել է, թե 80 տոկոս վստահության քվե է ստացել, բայց նաեւ նշել է, որ կեղծված են ընտրությունները, համատարած կեղծիքներ են եղել, եւ Սերժ Սարգսյանը դա լավ գիտի:

 

«Ասել եմ` Ձեր թվապատկերը չի համապատասխանում իրականությանը, եւ ես պահանջում եմ, որ Դուք բացեք բոլոր ընտրատեղամասերում արդյունքների պարկերը, որ բոլորս տեսնենք, թե,  նույնիսկ լցոնումներով հանդերձ, որքան է Ձեր վստահության քվեն: Բայց վերանանք տոկոսներից` Դուք ժամանակից շուտ ընդունեցիք եւ տպեցիք շնորհավորանքները: Այս զրույցի համար ենթադրենք, թե յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր ժողովրդի զգալի հատվածներ եւ ինչպիսի լուծում պետք է տանք այս խնդրին` իհարկե, ընտրախախտների պատժման միջոցով»,- իր խոսքերը լրագրողներին ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա խոսեց նաեւ Սերժ Սարգսյանին իր առաջարկների մասին ու նշեց, որ առաջին առաջարկն այն է եղել, որ նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ եւ երկուսով` տղամարդու պես, դեմ առ դեմ բանավեճը տանեն հրապարակ ու բացահայտ բանավիճեն երկրի ներքին, արտաքին քաղաքականությունից եւ այլն, ընդ որում` հրապարակավ, եւ թող իրենցից ոչ ոք իրեն վերջնականապես հաղթանակ չվերագրի: Այս առաջարկը մերժվել է:

 

Երկորդ առաջարկը, ինչպես պատմեց Րաֆֆի Հովհանիսյանը, եղել է այն տարբերակը, որը թույլ կտար Սերժ Սարգսյանին մնալորպես դե ֆակտո նախագահ, սակայն պետք է համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, ամբողջությամբ համամասնական ընտրակարգով մեկ տարում նշանակվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի առկա քաղաքական պատկերն արտացոլվեր: Իսկ ինչ վերաբերում է այս առաջարկի իրականացման անհարմարություններին ու պատճառներին, ապա, նախկին թեկնածուի կարծիքով, անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության պայմաններում բոլոր հարցերին էլ լուծում կտրվեր: Բայց այս առաջարկը նույնպես մերժվել է:

 

«Սխալ էր նաեւ այդ նախադասությունը, թե իր առաջարկած երեք ճանապարհների մեջ երրորդը քննարկվել է: Դա սխալ է` ո'չ ինքը, ո'չ ես երբեք չենք քննարկել իմ մասնակցության հարցը իշխանության կազմում կամ կառավարական որեւէ համակարգում: Հենց ինքը համաձայնեց, որ դա սխալ է, եւ չի համապատասխանում իրականությանը: Դրա ավարտին ես ասացի, որ Դուք մերժեցիք իմ առաջարկները, հարգում եմ Ձեր որոշումը, համարում եմ Ձեր մերժումը անհիմն, բայց Դուք ընդունեցիք Ձեր որոշումը: Ես պարտավոր եմ ներկայացնել մեր ժողովրդին այն առաջարկները, որ ես արեցի, եւ երբեք չի եղել որեւէ դեպք, որ ես որեւէ մեկին խնդրեմ, թե պետք չէ իմ խոսքերը հրապարակել: Այդ հանդիպման ավարտին չկար որեւէ պայմանավորվածություն, որով մեկս մյուսին որեւէ փաստաթուղթ պետք է ուղարկեինք, այլ ես ասացի, որ ներկա դրությամբ իմ առաջարկները սպառվել են, մերժվել են, եւ այլեւս ուժի մեջ չեն, ուստի ես սպասում եմ Ձեր առաջարկներին»,- պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ նա հիշեցրեց, որ դրանից հետո ինքը վերադարձել է հրապարակ` այնտեղ հրավիրելով նաեւ Սերժ Սարգսյանին, ինչը վերջինս նպատակահարմար չի համարել: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գնալ ցանկացած գրասենյակ` ժողովրդի ընտրության քննությունը շարունակելու համար, բայց այդպիսի առաջարկ չի եղել, ինչից հետո` այն ժամանակ, երբ ինքն արդեն սկսել է հացադուլը, նախագահի օգնականը զանգահարել ու իրեն հրավիրել է խորհրդակցության:

 

«Արդեն ես այստեղ էի, ու նրանք մի քիչ ուշացել էին: Դրանից հետո բացվեց այս ստադուլի, կեղծիքադուլի շրջափուլը, եւ այդ ժամանակ եղան մի քանի միջնորդավորված մոտեցումներ, թե ինչպես կարող ենք հանդիպել Ազատության հրապարկում, կամ հնարավո՞ր է արդյոք դուրս գալ հրապարակից: Ես ասացի, որ դուրս չեմ գալու: Այդ միջնորդները` սրտացավ մարդիկ, ուզում էին լուծումներ գտնել, այս վիճակից դուրս գալու համար: Ես գտնում եմ, որ Ազատության հապարակը ամենալավ վայրն է քննարկելու համար:

 

Բայց եթե Սերժ Սարգսյանն ուզում է պահել խորհրդապահության շրջանակներում, ես պատրաստ եմ այստեղ հանդիպել` առանձին: Ես առաջարկեցի հադիպել այս սրճարանում, որտեղ մարդիկ կտեսնեն, որ մենք իրար ձեռք ենք սեղմում, որը նոր մշակույթ է: Առանձին կխոսեինք, բայց ժողովուրդը կտեսներ, թե ինչպես է լուծվում ու կերտվում մեր ապագան»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, որ այս ամենից հետո` վերջում, ինքն առաջարկել է, որ եթե բարդույթ կամ հոգեբանական արգելք կա, ապա իրենք կարող են նաեւ գրավոր հաղորդակցվել` փակ ծրարով, որը միայն ինքը կբացի ու կընթերցի, իսկ հետ, եթե առաջարկ լինի, ինքը նույն ձեւով կպատասխանի: Սա, Ր. Հովհանիսյանի մեկնաբանությամբ, վերջին` պահեստային տարբերակն էր: