Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատության հրապարակում նախաձեռնված ստորագրահավաքին արդեն մասնակցել են տասնյակհազարավոր քաղաքացիներ: Նրանց թիվն էլ ավելի կմեծանա, երբ մարզերում էլ ստորագրահավաք անցկացվի. լրագրողներին այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ դա ապացուցում է, որ ընտրությունները կեղծվել են:
Նա նշեց, որ այդ ստորագրահավաքն ինքը չի նախաձեռնել: Ապրիլի 9-ին հրավիրված հանրահավաքի նախաձեռնության մասին էլ ասաց, որ ինքն իրավասու չէ որեւէ սահամանդրական, քաղաքացիական նախաձեռնության ընդդիմանալ, որ իրենք ապրիլի 8-ին, 9-ին եւ 10-ին կլինեն Ազատության հրապարակում, իսկ մնացածն ազատ են` կարող են լինել կամ չլինել` իրենց հայեցողությամբ:
Այս օրերին ակտիվորեն քննարկվող ստվերային կառավարության եւ դրա կազմում ընդգրկվածների մասին էլ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրեն ոչ մի ցուցակ չի ներկայացվել, ինքը ներկա է եղել եւ կլինի քաղաքացիական բաց խորհրդի բոլոր նիստերին ու, ամենակարեւորը, պատրաստ է զարգացման տարբեր ուղիների, ինչպես նաեւ ցուցակների:
Իսկ քաղաքացիական խորհուրդների մասին էլ նշեց. «Երբ առաջին 10 նիստերը կայանան, ես նոր կկարողանամ վերլուծել ու մարսել եւ հետո իմ տեսակետը ներկայացնել: Իսկ կառավարությանը` ոչ թե ստվերային, այլ լուսավոր կառավարությանը ես կողմ եմ, որովհետեւ ժողովուրդը հաղթել է»:
Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ լուսավոր կառավարության վարչապետի վերաբերյալ բոլոր առաջարկներն էլ ինքը պատրաստ է լսել` ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջարկը:
Քաղաքական այլ ուժերի հետ կոնսոլիդացիայի վերաբերյալ նա ասաց, որ հայ ժողովուրդը պահանջում է միասնական մոտեցում, որ «Ժառանգությունը» շատ անգամներ իր շահերի ստորադասումով գնացել է կոնսոլիդացիայի, ինչը մեկ-մեկ ստացվել է, մեկ-մեկ չի ստացվել:
«Մենք միշտ փորձել ենք շատ ուժերի հետ դաշինք կազմել: Ուրբաթ օրը մենք կներկայացնենք մեր ցուցակը, որը բաղկացած կլինի տարբեր նախաձեռնություններից ու անուններից»,- ասաց «Ժառանգության» ղեկավարն ու հավելեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին իրենք կմասնակցեն, եւ այդ մասնակցությունը որոշիչ կլինի: