Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ հարցներ` կո՞ղմ եմ, որ ինքը նստեր հացադուլի, թե՞ ոչ, ես կպատասխանեի` ոչ: Որովհետեւ գիտեմ` ինչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արտաբերած խոսքը, գիտեմ` ինչ արժեք ունի եւ գիտեմ դրա հետեւանքները»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչի արդյունք էր հացադուլը, նա նշեց մամուլում եւ սոցցանցերում տարածված մեկնաբանություններից երկուսը: Առաջին` գնալով իշխանությունը ավելի է սրացնում պայքարը եւ դրա գագաթնակետը Գեղարքունիքի մարզի, մասնավորապես` Սեւանի դեպքերն էին, ուր իշխանությունների կողմից ամբողջությամբ կոորդինացվել էր քրեական տարրը:
Երկրորդ` գլխավոր պատճառը, որի արդյունքում կամ հետեւանքով Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հացադուլի մեջ է, ըստ Ռուբեն Հակոբյանի, այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները բացահայտ կեղծել են ընտրությունները, գիտեն` ինչ է կատարվել, բայց փակել են օրենքի բոլոր դռները եւ թույլ չեն տալիս, որ օրենքն իրականացվի:
«Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ասաց, թե ինքն է կազմակերպել ընտրությունները: Դա անկեղծ էր, իրենք` իշխանությունները, նախագահը, գյուղապետը, մարզպետը եւ այլք, իրենք են կազմակերպել ընտրությունները, այլ ոչ թե համապատասխան մարմինները»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Նա անդրադարձավ իրողությանը, որ բոլորն ասում են, թե իրենք չունեն ընտրությունները կեղծված եւ ապօրինի համարելու հիմնական փաստարկներ: Իսկ Ռուբեն Հակոբյանը նշեց` 579 ընտրատեղամասերում շատ հստակ կատարվել է լցոնում:
«Դրանք այն տեղամասերն են, որտեղ գրանցվել է ընտրողների 90, 95 կամ որոշ դեպքերում` 100 տոկոս մասնակցություն, եւ որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 5 կամ 10 տոկոս ձայն»,- պարզաբանեց բանախոսը:
Ռուբեն Հակոբյանը շեշտեց, թե նորություն չէ, որ ընդդիմությունը հաղթել է համապետական ընտրություններում` սկսած 1996 թվականից, բայց նորություն կարող է լինել այն, որ այս անգամ իսկապես կարող է իր դե փակտո արձանագրած հաղթանակը դարձնել դե յուրե հաղթանակ, եւ սա ժողովրդի պահանջն է լինելու: Ռուբեն Հակոբյանը ասաց, որ իշխանություններն այսօր շատ են խոսում բանակցությունների մասին եւ նշեց, որ իշխանություններն այսօր, ցավոք, չեն պատկերացնում ստեղծված իրավիճակը եւ շարունակում են ապատեղեկատվություններով կամ կեղծիքներով շեղել հասարակության ուշադրությունը կամ հասարակական կարծիք ձեւավորել ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի: Այնուհետեւ բանախոսը իր այս խոսքերն ապացուցելու համար բերեց երկու փաստ:
Լրագրողների խնդրանքով Ռուբեն Հակոբյանը անդրադարձավ նաեւ իրենց` ՍԴ դիմելու որոշմանը եւ հայտնեց, թե ինքը ՍԴ-ի հետ հույսեր կապո՞ւմ է, թե՞ ոչ. սկզբից էլ, երբ քննարկվել է ՍԴ դիմելու հարցը, հստակ է եղել, որ ոչ մի ակնկալիք չունեն:
«Հիմա միակ մարմինը, որը կարող է պաշտոնապես հայտարարել` իրավական բոլոր նորմերին համապատասխան, որ Հայաստանում կամ երկրորդ փուլով ընտրություններ կանցկացվեն, կա’մ նոր ընտրություններ, դա ՍԴ-ն է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա պատմեց, որ ինքը երեկ եղել է ՍԴ-ում եւ շատ տխուր տպավորություն է ստացել: