Միասին կարող ենք
կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-27 16:15
Հասարակություն

Մարդկային ու ազնիվ, ինչպես իր գրականությունը. Կայացավ Չարենցին նվիրված նոր գրքի շնորհանդեսը

Մարդկային ու ազնիվ, ինչպես իր գրականությունը. Կայացավ Չարենցին նվիրված նոր գրքի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» գրքի շնորհանդեսը։

Գիրքը ներկայացնում է մեծ գրողի գրական-մշակութային, մարդկային, գաղափարական ու կուսակցական հարաբերությունները ժամանակի հեղինակությունների հետ։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ Դավիթ Գասպարյանի այս նոր աշխատությունը մեծարժեք ներդրում է չարենցագիտության մեջ, քանի որ այն նորովի և անկողմնակալ հայացքով է լուսաբանում հանճարեղ բանաստեղծի կյանքի ու գործունեության ամենախրթին ու երբեմն քողարկված էջերը։ Ռ. Առաքելյանը նշեց, որ գրքում ընթերցողի առջև բացվում են Չարենցի մարդկային հարաբերությունները՝ նույնքան ազնիվ, որքան նրա գրականությունը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Համազգայինի Կենտրոնական վարչությանը՝ գրքի տպագրությանն աջակցելու համար և հավելեց, որ Միության առաքելություններից կարևորագույնը հենց նման հիմնարար և ազգային արժեք ներկայացնող գործերի կողքին կանգնելն է։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Համո Սուքիասյանը։ Նա նշեց, որ սա առաջին համագործակցությունը չէ Համազգային կրթական և մշակութային միության հետ, և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։ Պարոն Սուքիասյանը փաստեց, որ թեև կարող են լինել տարբեր, երբեմն հակադիր կարծիքներ ու մոտեցումներ Չարենցի և նրա ժամանակաշրջանի բարդ հարաբերությունների վերաբերյալ, այդուհանդերձ, այս գիրքն անկյունաքարային է, քանի որ արծարծում ու վեր է հանում հայ ժողովրդի պատմության ամենաբեկումնային ու դրամատիկ ժամանակները։

Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանն իր հերթին արժևորեց հրատարակությունը՝ նշելով, որ Չարենց անհատի ու պոետի գաղափարական համոզմունքների, դեգերումների բարդ ուղին, նրա ներքին հափշտակություններն ու հիասթափությունները, ինչպես նաև ազգային ինքնության անբեկանելի հիմնասյուները լավագույնս ու խորությամբ բացահայտված են հենց այս գրքում։

Իրենց մասնագիտական վերլուծություններով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր Կարեն Խաչատրյանը և պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ Նրանք անդրադարձան գրքի պատմավավերագրական բացառիկ նշանակությանը՝ շեշտելով, որ Դավիթ Գասպարյանին հաջողվել է արխիվային հարուստ նյութերի հիման վրա վերականգնել դարաշրջանի իրական պատկերը, ինչը թույլ է տալիս Չարենց քաղաքացուն, քաղաքական ու գրական գործչին տեսնել իր ժամանակի իրադարձությունների կիզակետում։

Միջոցառման առանցքային ու հուզիչ պահերից էր մեծանուն կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի խոսքը, ով բազմաթիվ անզուգական երաժշտական գործեր է արարել՝ ներշնչված չարենցյան պոեզիայից։ Վերջինս ասաց, որ Չարենցի բանաստեղծությունն իր մեջ կրում է ներքին հզոր մեղեդայնություն և տիեզերական խորություն, որն անդադար ոգեշնչման աղբյուր է արվեստագետի համար։ Մաեստրոն ընդգծեց, որ Դավիթ Գասպարյանի այս աշխատությունը օգնում է ավելի խորությամբ զգալ ու հասկանալ այն թաքնված ապրումներն ու ցավը, որոնցից ծնվել է չարենցյան հանճարեղ խոսքը, և որ գիրքը լույս է սփռում բանաստեղծի ներաշխարհի ու նրա կրած բարոյական տառապանքների վրա։

Շնորհանդեսի ավարտին ներկաներին իր երախտագիտության խոսքն ուղղեց հեղինակը՝ Դավիթ Գասպարյանը։ Նա պատմեց գրքի ստեղծման ընթացքի, արխիվային նյութերի բացահայտման և այն բացառիկ փաստերի մասին, որոնք տեղ են գտել հրատարակության մեջ՝ հույս հայտնելով, որ գիրքն իր արժանի տեղը կգտնի ինչպես մասնագետների, այնպես էլ Չարենցի արվեստի երկրպագուների սեղանին։