Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ կառավարության հայտարարած հակակոռուպցիոն ու տնտեսման քաղաքականությանն ուղղված քայլերին:
Հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը նոր սկսում հավասար հարկային պայմանների քաղաքականությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ օրենքը միշտ է եղել, սակայն եղել են դեպքեր, որ ոմանց ճկուն մտքի շնորհիվ օրենքը շրջանցվել է, ահա ինչու կառավարությունը նորից ու նորից է անդրադառնում այդ հարցերին` փորձելով հասնել նրան, որ օրենքը հավասար լինի բոլորի համար:
«Չպետք է մեղավորներ փնտրել, պարզապես եթե կան թերացումներ, դրան պետք է հետևի պատասխանատվություն: Սակայն ռեֆորմները պետք է աստիճանաբար լինեն, ժամանակի ընթացքում, որովհետև միանգամից կտրուկ արվող ռեֆորմները վտանգավոր են ու խնդրահարույց»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք բարեփոխումների ալիքը չի հասնի այն պատգամավորներին, որոնք գործարարությամբ են զբաղվում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ գործարարությունը պետք է տարանջատվի քաղաքականությունից, և եթե կան գործարարությամբ զբաղվող պատգամավորներ, ուրեմն պետք է հետևություններ անեն:
Հարցին, թե ի՞նչ առաջարկներ է ներկայացնելու ՀՀԿ խմբակցությունը՝ տնտեսման քաղաքականությանն ուղղված, պատգամավորն արձագանքեց, որ բանավոր արդեն հնչեցրել են առաջարկություններ, հիմա պատրաստվում են գրավոր ձևակերպել դրանք: Նա նշեց, որ ՀՀԿ-ն ոչ թե միասնական առաջարկներ պետք է ներկայացնի, այլ խմբակցության պատգամավորները` առանձին-առանձին, կարող են կառավարությանը ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահոգությունները: Բաղդասարյանի կարծիքով՝ խնայողական ռեժիմին անցնելու` կառավարության քայլերը չպետք է լինեն միանգամյա, այլ պետք է լինեն հետևողական:
«Մենք կներկայացնենք օրենքի նախագիծ, որում կլինեն կոռուպցիայի դեմ պայքարի գործիքները: Որևէ կառավարություն հավերժական չէ, և երբ կառավարությունները կամ իշխանությունները փոփոխվում են, որոշումները մնում են` օդից կախված: Ուստի կարևոր է հետևողական լինել օրենքի իրականացման ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ոչ ոք էլ չի թաքցրել, որ տնտեսության մեջ, մաքսային համակարգում կան խնդիրներ, կան բողոքներ` ներկրման հետ կապված, և հիմա վարչապետը հայտարարում է, որ եթե նման դեպքեր լինեն, ինքը պատրաստ է անմիջապես արձագանքել, և յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է ապրանք ներմուծել, նրանց մուտքը ազատ կլինի: Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պատասխանատվության ինստիտուտը պետք է երկրում ուժեղացնել:
Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետի հետ, որ վերջին 22 տարվա մեջ Հայաստանը հող կորցրեց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ վերջին հազարամյակում հայկական կողմը հող գրավեց: Մեկ-երկու օրվա խնդիր էր այդ դիրքերը հետ վերադարձնելը, բայց դրա արդյունքները կարող էին ծանր լինել: Պետք էր մտածել հետևանքների մասին, ոչ թե այն հողի մասին, որը որևէ ռազմավարական նշանակություն չունեցող ամայի, չմշակվող տարածք է: Պետք չէ ծանրանալ այդ խնդրի վրա»:
Պատգամավորը հավելեց, որ այսօր Հայաստանի նպատակը խաղաղության հասնելն է, իսկ եթե Ադրբեջանը չի ցանկանա խաղաղություն, ապա Հայաստանը պատրաստ կլինի ցանկացած զարգացումների դիմակայել: