Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 18-ի ընտրություններից գրեթե ցնցված է: «Ես իմ գիտակցական կյանքում այսպիսի ժողովրդավար ընտրություններ չեմ տեսել»,- հայտարարել է ՀՀԿ-ական պաշտոնյան: Նա, մասնավորապես, նկատի ունի այն իրողությունը, որ ընտրություններում հաղթած իշխանության թեկնածուին բավականաչափ բարձր տոկոսներով հետևել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը ընտրության ժողովրդավար որակի կարևորագույն ցուցիչ է: Ուրեմն, Շարմազանովը ցնցված է առավելապես ընտրության արդյունքներից, մինչդեռ հարկ է, որ ցնցվեր ընտրությունների ընթացքից և այդ ընթացքը «պատվով» ուղեկցած համատարած կաշառատվությունից: Հարկ է, որ ցնցվեր ընտրակաշառքը տեղ հասցնելու այն գերկատարյալ մեխանիզմի հայտնագործումից ու փառահեղ փորձարկումից, որ իրականացրել էր իշխանական «հանճարը»:
Այո, զարմանալի է, թե ինչից է հիացած ՀՀԿ մամլո խոսնակը: Այն բանի՞ց, որ միամիտ եվրոպացիներն այդպես էլ գլխի չընկան-չիմացան, թե ինչպե՛ս ու ե՛րբ գործադրվեց ընտրակաշառքը տալու և վերցնելու ՀՀԿ-ական մեխանիզմը, նրանի՞ց, թե որքա՛ն կատարյալ էր այդ մեքենան աշխատում`ՙ հնարավորինս քաղաքակիրթ եղանակով ընտրողի գրպանը խոթելով ընտրակաշառքն ու վերջինիս վրա ընտրատեղամաս գնալու և պարտահատույց լինելու «բարոյական» պարտավորություն բարդելով: Եվ եթե իշխանություններին այդքան հարկավոր էր ընտրությունների ժողովրդավարական լինելը, ապա ինչու՛ են այսօր պատժվում այդ ժողովրդավարությունն ակամա ապահոված մեծ ու փոքր ՀՀԿ-ական պաշտոնյաները` մարզպետից մինչև գյուղապետ: Մի՞թե հետընտրական հաշվեհարդարի սպասումով օր օրի թունավոր դարձող մթնոլորտը որևէ աղերս ունի ընտրությունների ժողովրդավարականության հետ: Եթե ՀՀԿ-ական ժողովրդավարության արգասիքը իրենց իսկ` ՀՀԿ-ականների շրջանում համատարած վախի ու տագնապի ահագնացումն է, ուրեմն հարկ է մի լավ ծանրութեթև անել` արդյո՞ք մեզ ու նրանց պետք էին այսպիսի «ժողովրդավար ընտրություններ»: Եթե նույնիսկ Էդուարդ Շարմազանովն իր «գիտակցական կյանքում» դրանց նմանը չի տեսել:
Լևոն Սարգսյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: