կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-20 15:23
Քաղաքական

Սա ժողովուրդ VS Սերժ պայքարն է. ոչինչ կորած չէ

Սա ժողովուրդ VS Սերժ պայքարն է. ոչինչ կորած չէ

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ կորած է եւ կորած չէ: Մի կողմից հուսադրող էր այն, որ ժողովուրդը համախմբվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը, մյուս կողմից` իշխանությունները փորձում են ցույց տալ, որ, միեւնույն է, ամեն ինչ իրենց ձեռքին է` այսկերպ գուցե իրենք իրենց համոզելով, թե որքան հզոր են: Սակայն հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ իշխանությունը պետք է, ամեն դեպքում, առուն թռչի, նոր` հոպ ասի: Ընտրությունների ընթացքի, արդյունքի մասին ներկայացնում ենք որոշ ժամանակակից գրողների եւ գրականագետների կարծիքները:

 

Հասմիկ Սիմոնյան

Նախընտրական քարոզարշավի լիաթոք ծիծաղից հետո սպասում էի բթացած ցավի, որ պետք է, ցուցամատը ծալելով, մեր ճակատին կրակեին, կամ էլ` տափակ հումորի, որ կրկնում են միջազգային դիտորդները՝  չհոգնելով ու չհոգնելով: Բայց... կա'մ մենք միայն թթու դրած սաղմեր ու պահածոյացված ոսկորներ չենք, կա'մ իշխանությունները որոշեցին վերջնականապես չսպանել ժողովրդին ու նվիրեցին Րաֆֆիին: Ամեն դեպքում, մի բան պարզ է. այս թեկնածուն չի եկել իբրև հմուտ հոտաղ իր շլմորած գառների, սա ժողովուրդ VS Սերժ պայքարն է, ոչինչ կորած չի: Էզրա Փաունդն ասում էր՝ խիզախ, ինչպես երբեք, հուսակտուր, ինչպես երբեք: Հիմա մենք ենք, և հույս ունեմ, որ շատ ավելի խիզախ ենք, քան հուսահատ, ավելի շատ տոկուն, ավելի շատ ջահել, հավատում եմ, գիտեմ: Փող վերցնելը, մուրացիկ լինելը միշտ նախավերջին քայլն է, դրանից հետո կա'մ սատկում են շան պես, կա'մ կանգնում ու հաղթում: Մենք հիմա կանգնել ենք: Մինչև հաղթանակ կես քայլ է: Լինենք անվարան:

 

Հովհաննես Իշխանյան

Միայն թեկնածուների անակնկալ գործողություններն էին հետաքրքիր այս ընտրություններում, մյուս կողմից` ժողովրդի վերաբերմունքը նույնն էր. ամբողջ քարոզարշավին չեն հավատում փոփոխության, իսկ հաշվարկի ժամանակ աղոթում են, որ լինի փոփոխություն: Վերջերս Ամասիա գյուղում էի, որտեղ ընտանիքները ամսական 15 000 դրամ աշխատավարձով են ապրում: Եթե շատ երևանաբնակների համար տարօրինակ է, որ 5000 դրամով ձայն կծախեն, որովհետև իրենց մի օրվա սրճարանի փողն է այդքան կազմում, ապա կան բնակավայրեր, որտեղ 5000 դրամով գոյատևում են: Շատ պարզ է` քանի կա հացի խնդիր, ոչ մի քաղաքացիական գիտակցություն ստամոքսդ չի լցնի:

 

Նշան Աբասյան

Ինձ համար մեծ երջանկություն էր տեսնել, որ իմ ժողովուրդն, այնուամենայնիվ, չի կորցրել արժանապատվությունը, չի հուսահատվել, վերջնականապես չի կոտրվել և չի վաճառել ինքն իրեն: Իրեն կաշառք բաժանած թեկնածուի փոխարեն նա ընտրեց կաշառք չառաջարկած, բայց կիրթ, մաքուր անցյալ ունեցող արիստոկրատ քաղաքական գործչին (համենայն դեպս` ժողովուրդը նրան այդպես է ընկալել): Սա, իսկապես, մեծ հաղթանակ է: Իսկ կաշառք վերցնողներ միշտ եղել են: Հիմա ինձ համար կարևորն այն է, որ այդպիսիք, փաստորեն, մեծ կշիռ չունեն մեր հասարակության մեջ:

 

Գեւորգ Թումանյան

Եվս մեկ խայտառակ պարտություն մեր կյանքում: Հեռու չէ այն օրը, որ շատ բաներ ենք կորցնելու: Էս ճիվաղները հայրենիք չունեն, հայրենիքն էլ մի օր կվաճառեն և կհեռանան: Իսկ ի՞նչ անի խեղճ ժողովուրդը, որին բանի տեղ չեն դնում: Բայց դեռ ամեն ինչ կորած չէ, հաստատ:

 

Մարինե Պետրոսյան

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեղադրանքները ժողովրդի հասցեին` թե չի գիտակցում սեփական իրավունքն ու ազատ քվեարկելու փոխարեն ձայնը տալիս ա նրան, ով իրան կաշառում ա` լրիվ անհիմն էին: Ընտրողների մեծագույն մասն ընտրեց հենց նրան, ում համարում էր արժանի, եւ ընտրական հանձնաժողովների իշխանությանը ծառայող անդամները ստիպված եղան երեկոյան գնալ զանգվածային կեղծումների, որ ապահովեն Սերժի կարծեցյալ 58 տոկոսը:

 

Հասմիկ Հակոբյան

Ինքս քաղաքական վերլուծություններից հեռու մարդ եմ, ավելի շուտ ինձ հասարակ մարդկանց տրամադրություն է հետաքրքրում այս հարցում: Այս ընտրություններն ավելի շատ տրագիկոմեդիա ժանրի զարգացումներով շոու էին հիշեցում. ժողովրդական առածանին զարգացավ ևս մի քանի թևավոր արտահայտություններով, էլ չեմ խոսում, անվավեր ճանաչված քվեաթերթիկների վրա ժողովրդական նկարչության ինքնաբուխ երևակայության մասին: Այսքան շատ միտումնավոր անվավեր թերթիկների առատությունը գալիս է ապացուցելու այն մեծ հիասթափությունը, որ մեր ներսում է, որն առաջացել է տարիներ շարունակ ընտրության անիմաստ գնալու գործընթացից: Եվ այս համատարած անհուսության մթնոլորտում հանկարծ հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանի աննախադեպ բարձր ցուցանիշը՝ մի տեսակ անակնկալի բերելով հենց հասարակ ընտրողներին: Տեսակետները տարբեր կարող են լինել այս հարցի շուրջ, քաղաքական վերլուծությունները` նույնպես, սակայն մի բան ակնհայտ է՝ մարդիկ արդեն շատ են հոգնել քաղաքական ճառերից, ու խոստումներից և ամենահասարակ հոգատարության կարիք ունեն: Կարծում եմ` հենց դրանով է պայմանավորված բոլոր իմաստներով այլընտրանքային թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախապատվությունը: Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ու թե ինչու են մարդիկ շարունակում վերցնել այն, ապա կարող եմ ասել, որ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի հասարակ ընտրողը բոլոր իմաստներով չի զգացել իր ձայնի արժեքը՝ 1. իր ձայն ավելին է, քան 5000 դրամը, 2. իր ձայնը, իրոք, վճռորոշ է և ոչ թե փափուկ բարձի դեր է կատարում՝ ուրիշ թեկնածուի անվան տակ դրվելով, 3. իր աշխատավարձը, առանց ընտրակաշառքի էլ, իրեն լիուլի բավարար է:

 

Աշոտ Գաբրիելյան

Ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդն ամեն պարագայում աշխատում է ազատվել այս իշխանություններից, սակայն իշխանավորների աներեսությունն ու պնդաճակատությունը սահմռկելի աստիճանի է հասել: Պարզ դարձավ նաև, որ ժողովուրդը սպասում է մարդամոտ ու մարդավայել վերաբերմունքի: Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրարշավը ցույց տվեց, որ պարզ ու հասարակ մարդկային վերաբերմունքի որքան կարոտ է ժողովուրդը, և Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի հոծությունը սրանով է պայմանավորված: Ինձ թվում է, որ ժողովրդին այս անգամ կաշառել չհաջողվեց, թեպետ եղել են ընտրակաշառք բաժանելու դեպքեր. ի վերուստ կաշառված են մի խումբ պնակալեզ չինովնիկներ, որոնք ամեն ջանք գործադրեցին ժողովրդի քվեի դեմ: Որքան էլ իշխանությունները հանդուրժողականություն քարոզեն, սակայն պարզ է, որ մի ստվար զանգված ատելությամբ է լցված այս իշխանությունների դեմ, ինչը, կարծում եմ, նրանց մտահոգվելու տեղիք պիտի տա, եթե` ոչ, ապա անհնար է այլևս ապրել նման պնդաճակատության ներքո: