Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պիտի գործենք և ոչինչ չպետք է խնայենք մեր հայրենիքը օր առաջ ավելի պայծառ, ավելի հզոր ու ավելի շենացած տեսնելու համար: Այս մասին սեպտեմբերի 27-ին կազմակերպված խաչերթի ժամանակ նշել է ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:
Նրա խոսքով՝ այսօր նախկինից կրկնակի, եռակի, քառակի պիտի գործենք, 24 ժամ անընդհատ աշխատենք և երբեք չշտապենք, ոչ էլ ուշանանք: «Ինչպես Իսրայելի ժողովուրդը շտապեց և ոսկե հորթ ձուլեց, և պաշտեցին, միգուցե մենք էլ այսպիսի պաշտամունք ենք ունեցել, և Աստված պատժել է մեզ: Այս նշանով խոսել է մեր ազգի և մեր ժողովրդի հետ: Մենք պիտի քաջություն ունենանք առերեսվելու, խոստովանելու մեր մեղքերը, նայելու մեր հոգուն, սրտին, փոխելու մեր կենցաղավարությունը, մեր մտածողությունը, հայրենիքի հանդեպ ունեցած մեր մտածումները, հայրենիքը օր առաջ ավելի պայծառ տեսնելու մեր պատրաստակամությունը, որպեսզի Աստված, տեսնելով այդ հոգևոր դարձը, օգնության հասնի մեր ազգին, այլ ճանապարհ չունենք»,- իր խոսքում նշել է Արցախի թեմի փոխառաջնորդը:
Արցախի մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը կարծում է, որ սեպտեմբերի 27-ի խորհուրդն առաջին հերթին պահանջատիրության ավելի ամուր հիմքերով երկրի ստեղծումն է ու հասարակության ամենալայն խավելի համախմբումը՝ հայրենիքը պաշտպանելու, մեր երեխաների համար ապագա ստեղծելու առումով, քանի որ մենք իրավունք չունենք մեր երեխաների փոխարեն որոշելու, թե որտեղ են նրանք ապրելու, մենք պետք է ընդունելի պայմաններ ստեղծենք, որպեսզի երեխաներն իրենք որոշեն իրենց հետագա ճակատագիրը:
Անդրադառնալով համազգային համախմբման մասին հարցին՝ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ հասարակությանը կազմակերպելը պետության բարձրագույն ֆունկցիան է. «Թե պատերազմից առաջ, թե հետո մինչև այսօր չենք տեսնում, որ պետական բարձրագույն իշխանությունը ընտրել է հասարակութունը համախմբելու ուղի: Ընդհակառակը, մենք ամեն քայլափոխի բախվում ենք հենց իշխանության կողմից հասարակությունը տարբեր ձևերով պառակտելու քայլերի: Այդ պառակտումը սկսվում և ավարտվում է սոցիալական ծայրաստիճան անարդարություններով, որի հեղինակը և մեղավորը գործող իշխանությունն է»:
ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ ի հիշատակ այն լուսավոր տղաների, ովքեր 44-օրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի այսօր Արցախը շարունակի շնչել, շարունակի ապրել, գուցեև կարողանա վերագտնել երբեմնի իր փառքը, հնարավորությունները. «44-օրյա պատերազմը, ինչպես մեր ողջ ժողովրդին, այնպես էլ մեր ուսանողությանը և դասախոսական կազմին հիասթափության ապրումներ բերեց այն առումով, որ մենք կորցրինք մեր լավագույն տղաներին, որ Արցախի տարածքի 75 տոկոսը կորցրինք, բայց ես չեմ կարծում, թե դա հավերժական կորուստ է, ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ այդ տարածքները կրկին հնարավոր կլինի վերադարձնել: Այո՛, սկզբնական շրջանում անորոշությունը, այլայլվածությունը տիրապետող էին, սակայն որոշակի աշխատանք կատարելուց հետո, համախմբումից հետո հնարավոր եղավ այդ շոկային իրավիճակից դուրս գալ, վերաիմաստավորվել և վերագտնել մեր տրամադրություններն ապագայի հանդեպ»:
Ուստի «չպետք է դադարել պայքարել, հետամուտ լինել գաղափարների, հակառակ դեպքում մենք որպես ազգ կկորչենք պարզապես: Պետք է մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ վստահ լինի, որ եթե կա պայքար, դիմադրություն, հավատ ապագայի նկատմամբ, ապա այդ ապագան կգա: Ապագան պետք է կերտենք և ոչ թե սպասենք, որ գա այնպիսին, ինչպիսին ինքն է տրամադրված»:
Խոսելով ցանկալի ապագայի կերտման գործում երիտասարդության դերի մասին՝ Վիտյա Յարամիշյանը հակված է չափազանցնելու երիտասարդության դերը, որովհետև ինչպիսին լինի երիտասարդությունը, այնպիսին էլ լինելու է ապագան: «Իհա՛րկե, նրանք պետք է հավատարիմ լինեն մեր ազգային ավանդույթներին և նույն ուղղությամբ էլ շարունակեն կերտել ապագան:
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ խաչերթի ժամանակ կազմել է անմահների գունդ. երիտասարդներն իրենց գլխավերևում պահում էին 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարները: ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանը նշում է. «Եթե զոհերն իրենց ողջ կյանքն են նվիրել մեր հայրենիքին, մենք մեր կյանքից երկու ժամ կտրում ենք, մոռանում ենք մեր «ես»-ը, անուն-ազգանունը և այդ երկու ժամում կրում ենք այն մարդու անուն-ազգանունը, ում լուսանկարը կրում ենք: Ոգեկոչելով զոհերի հիշատակը՝ ցույց ենք տալիս, որ մեր պայքարն ավարտված չէ, մենք պայքարելու և վերականգնելու ենք վաղեմի փառքը»: