Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար արդեն սովորության է վերածվում ամենակոպիտ ձևով քիթները Հայաստանի ներքին գործերի մեջ խոթելը:
Դեռ 2011թ. ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ԵՊՀ-ում ուսանողներին հորդորում էր «թունիսանալ» ու դուրս գալ փողոցներ, իսկ Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքների ժամանակ հարթակներից չէր իջնում:
Եվ ահա երեկ իր մասին որոշեց հիշեցնել նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչը` իրեն թույլ տալով դիվանագիտական էթիկետից ու կոռեկտության սահմաններից դուրս մեկնաբանություններ` ընթացող նախագահական ընտրությունների և դրան խորհրդարանական ընդդիմադիր ուժերի չմասնակցելու վերաբերյալ: Նա ոչ միայն Հայաստանի նախկին ու ներկա բոլոր իշխանություններին անուղղակի ձևով որակեց ոչ լեգիտիմ` հայտարարելով, թե նախկին բոլոր ընտրությունները կեղծվել են, այլև իրեն իրավունք վերապահեց կասկածել քաղաքական ուժերի սկզբունքայնությանը, և նրանց անուղղակիորեն խաղալիք համարել ինչ-որ «հարուստ հովանավորների» ձեռքին:
Իր բնույթով սա ոչ միայն էթիկետի տարրական կանոններին չտիրապետելու, դիվանագիտական կրթվածության բացակայության, այլև սովորական ցինիկության արտահայտություն էր: Որովհետև իր այդ որակումներով դեսպանն իրականում վիրավորում էր ոչ թե առանձին որևէ կուսակցության, թեև անգամ դրա բարոյական իրավունքը չուներ, այլ Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի քաղաքացիների արժանապատվությունը: Չնայած այդ հանգամանքին` պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով Լինչի այս հայտարարություններին որևէ արձագանք այդպես էլ չհետևեց:
Ժամանակին նման արձագանք պաշտոնական մակարդակով չէր հետևել նաև Յովանովիչի և Շմիդտի վերոնշյալ գործողություններին, և ակնհայտ է, որ Լինչին այդ համարձակությունը տվել էր հենց նմանատիպ նախկին դեպքերի նկատմամբ պաշտոնական Երևանի ցուցաբերած, մեղմ ասած, կրավորականությունը:
Այս էր որերորդ անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որն առնվազն պետք է անմիջապես բողոքի նոտա հղեր Մեծ Բրիտանիա, թույլ է տալիս ծաղրուծանակի առարկա դարձնել սեփական պետությունը: Այս պահվածքը կարող է երկու բացատրություն ունենալ` կա'մ ՀՀ ԱԳՆ-ն բացարձակ անգործունակ է, կա'մ էլ պարզապես համարում է, որ նախագահական ընտրությոնների այս ընթացքում իմաստ չունի ավելորդ թեժացնել մթնոլորտը և արևմտյան դիտորդական առաքելություններում ընդգրկված` 20-ից ավելի անգլիացի դիտորդներին նախօրոք տրամադրել իշխանությունների դեմ: Բայց, անկախ պատճառներից, նման պահվածքը որևէ արդարացում չի կարող ունենալ:
Իհարկե, միամտություն է կարծել, որ տիկին Լինչը պարզապես լեզվի սայթաքում է թույլ տվել: Նրա մեկնաբանություններն ունեն կոնկրետ հասցեատերեր ու հետապնդում են կոնկրետ նպատակներ: Սակայն տվյալ դեպքում էականը ոչ այնքան դա է, որքան փաստը, որ այս միջամտության նկատմամբ վերաբերմունքի բացակայությունն ուղղակիորեն բացահայտում է պետական ինստիտուտների, տվյալ դեպքում` ԱԳՆ-ի կողմից ոչ թե պետության, այլ պետական իշխանությանը տիրապետող, ավելի ճիշտ` այն սեփականացրած կուսակցության շահերը սպասարկելու խայտառակ իրողությունը: Արևմտյան դիտորդներին չնախատրամադրելու խնդիր հետապնդելով` ԱԳՆ-ն պարզապես փորձում է ավելորդ բարդություններ չստեղծել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրության հարցում: Այնտեղ հրաշալի հասկանում են, որ առկա իրավիճակում, մրցակցության գրեթե բացարձակ բացակայության և հանրային անտարբերության պայմաններում գործող նախագահի վերընտրության լեգիտիմությունն ապահովվելու է բացառապես ընտրությունների վերաբերյալ դիտորդների կողմից տրվող գնահատականների և եզրակացությունների միջոցով: Այսինքն` ԱԳՆ-ում ևս առաջնորդվում են այն իրականությամբ, որ ֆորմալ առումով ընտրությունների կազմակերպումը, Սերժ Սարգսյանի քարոզարշավը, մարզային այցելությունները, ինչ-որ տեխնոլոգիաների կիրառումը պարզապես դեկորացիա է և թատրոն հենց դրսի հանդիսատեսի համար: Եվ ԱԳՆ-ն պարզապես չի ուզում ոչ մի կերպ անհանգստացնել հանդիսատեսին, անգամ երբ վերջինս տեղից հայհոյանքներ է բաց թողնում:
Մյուս կողմից` իհարկե, ավելին դժվար է սպասել մի կառույցից, որն իր գործունեության արդյունավետությունը չափում է ընդամենը դրսից ստացած «ադաբրյամսներով», որի համար անխտիր բոլոր հարցերում միջազգային հանրության տեսակետներին համահունչ քայլելը, դրանց չհակադրվելը դարձել է լեյտմոտիվ: Իսկ թե ինչի է արժանի շարունակաբար սեփական երեսին ուղղված թուքը անձրևի տեղ դնող պետությունը, Եվրոպայում մեզնից լավ գիտեն:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ