Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լինում են, չէ՞, մարդիկ, ովքեր կյանքում շրջապատված են լինում հարազատներով, բայց այդպես էլ մենակությունը հաղթահարել չեն կարողանում. Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պատմվածքում մենակ են բոլորը: Պատմվածքում ոչ մանրամասնորեն, բայց ամբողջական կարծիք ձեւավորելու տեսքով ներկայացված են Սովետական Հայաստանից մինչեւ Հայաստանի անկախանալն ընկած ժամանակահատվածի կարեւոր դետալները: Ասլիբեկյանի պատմվածքը բազմածավալ է. կարճ, բայց ամփոփ խոսքով հեղինակը վեր է հանել մի քանի կարեւոր թեմաներ: Պատմվածքը խիտ է եւ տարբեր եզրեր ունի: Պատմվածքի ընթացքը սահուն է, դինամիկ, տեսարանների արագ փոփոխությունը ընթերցողին անընդհատ հետոն իմանալուն գծի վրա է պահում:
Հունաստանում ապրող ազգությամբ հայ երկու քույրերից մեկին` Զարուհուն, հանգիստ չեն տալիս Սովետական Հայաստանի մասին լսածները, որոնք այնքան ուռճացված էին, լուսավոր, որ քչերն էին դիմանում Հայաստան վերադառնալու գայթակղությանը: Զարուհու քույրը` Մերսեդեսը, ավելի իրատես էր. արդյունքում Մերսեդեսն այդպես էլ հայրենիք չվերադարձավ: Չնայած բոլոր գործողությունները ծավալվում են Զարուհու շուրջ, սակայն պատմվածքում Մերսեդեսն «առկա» է ամենուր: Թվում է, թե քույրերն ապրում են իրարով, սակայն նրանց միջեւ պատ կար, քանի որ չնայած Զարուհին խոստացել էր քրոջը Հայաստանում առկա իրավիճակի մասին տեղեկացնել նամակով եւ անհրաժեշտության դեպքում քրոջը կանչեր Հայաստան, սակայն Զարուհին այդպես էլ քրոջը Հայաստան գալու մասին բառ անգամ չասաց:
Անդրադառնանք պատմվածքում շոշափվող խնդիրներին. դրսում ապրող հայերը սովորաբար գունավոր պատկերացումներ են ունենում Հայաստանի մասին /քանի որ այդպես ներկայացվում է, ինչպես, օրինակ, Զարուհին էր անում, ով չնայած գոհ չէր Հայաստանից, սակայն քրոջն այդպես էլ բավական երկար ժամանակ ոչինչ չէր ասում/, բայց գալով Հայաստան` բախվում են իրականությանը եւ ծոր է տալիս հիասթափությունը: Հոգեբանական ծանր վիճակում հայտված սփյուռքահայերն այդպես էլ հայրենիքում ընկալվում են որպես դրսեկներ կամ ախպարներ:
Վեպում արծարծված մյուս կարեւոր հարցը Հայաստանի սոցիալական վատ վիճակն է, որը չի փոխվում ոչ մի հասարակարգի ժամանակ: Սովետական Հայաստան` Հայաստանում տիրում է աղքատությունը.«Լենինական: Կայարան: Թշվառության հոտ, թափառող սոված շներ, աղքատիկ հագնված, բայց զվարթ մարդիկ: Աղմուկ-աղաղակ, առևտուր, ամենուրեք շրջում էր աղքատության ուրվականը: Ասես սառը ջուր լցվեց Զարուհու գլխին այս տեսարանից, նա այսպե’ս չէր պատկերացրել հայրենիքի հետ առաջին հանդիպումը: Մի պահ իրեն կորցրած անորոշությունից գամվեց տեղում: Աջ ու ձախից ինչ-որ բան վաճառող մարդկանց ձայներից միայն մեկը որսաց. լայնաժպիտ տղամարդը բղավում էր` քյալլա, քյալլա, ու Զարուհին միանգամից չհասկացավ` ինչ է ասում»: Հետո արդեն գալիս է 1953 թիվը, երբ մահանում է Ստալինը. մարդիկ մի տեսակ թեթեւանում են, բայց շարունակում նույն աղքատության մեջ ապրել: Դրան հաջորդում են Հայաստանի հետանկախության տարիները, որտեղ ավելի է սրվում ամեն ինչ… Այս ամենի ֆոնին հեղինակը հեգնանքով է ներկայացնում կուսակցությունների դերը, ավելի ճիշտ այն, թե որքան անդեմ ու անդեր էին դրանք, եւ ոչ թե ժողովրդի կողքին էին, այլ ժողովրդի դեմ, քանի որ հասցնում էին սովի տարիներին ոչ միայն իրենց կանանց պահել շքեղության մեջ, այլ նաեւ սիրուհիներին: Դառը ժամանակներ էին, մարդիկ ապրում էին, ինչպես կարող էին` միմյանց հաշվին` տրորելով իրար, խորտակելով դիմացինի կյանքը: Ժամանակները փոխվում են, պատմության մեջ մնում են կուսակցությունները` իրենց համար խիստ կարեւոր գործերով, բայց այդպես էլ անտեսանելի եւ անշոշափելի արդյունքով եւ… տարեթվերով. մարդկանց ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում:
Զարուհին աչքի է ընկնում իր միայնությամբ. ո՛չ քույրն է իրականում նրա կողքին եղել, ո՛չ էլ ամուսինն ու երեխաները: Հեղինակը փորձում է ներկայացնել, թե ինչպես են մարդիկ կենցաղով տարված լինելով` հեռվանում միմյանցից ու շատերն անգամ չէին էլ զգում, որ մենակ են. պատմվածքի հերոսները մենակության են մատնված: Ի տարբերություն քրոջ, Զարուհին հասցնում է մահից առաջ գոնե իր երազանքի կատարման մասին... լսել.«Այդ օրերին Զարուհին հրճվանքով լսեց իր հայրենիքի անկախության լուրը, կանչեց դստերը, գորովանքով նայեց երեխաներին` ասաց. «Փառք Աստծո, գոնե թոռներս իրենց ազատ-անկախ երկրի մեջ կմեծնան»: Ասաց` վստահ էր, որ այդ հեքիաթային օրը գալու է, որ վերջ տառապանքին, շուտով նրանք կապրեն արդար երկրում»:
Ի՞նչն է ստիպում Զարուհուն մնալ Հայաստանում, երբ Հայաստան գալուց հետո պարզում է, որ կյանքն այստեղ մեռած է. հավա՞տը, թե արված քայլի արդյունքը շտկելու ներքին ձայնը: Խնդիրն ավելի շուտ հոգեբանական էր, սակայն, մյուս կողմից, Զարուհին մնում է Հայաստանում ապագայի հանդեպ ունեցած հավատի ու հայրենասիրության շնորհիվ, որն այնքան խեղճ ու կրակ էր թվում հերոսուհի գլխին անցած իրադարձությունների կողքին: Զարուհու կերպարը հավաքական է եւ տրագիկ, բայց ոչ` չափազանցված: Զարուհուն բախտը չի ժպտում նաեւ ամուսնության դեպքում. վերջինիս` կարիքից Ռուսաստանում հայտնված ամուսնուն ձերբակալում են եւ տարիներ հետո, ինչպես լինում է մեծամասամբ` «մի լուր հասավ Ռոստովից եկած մի հայից, թե ամուսինը բանտից դուրս եկել ու նոր ընտանիք է կազմել ռուս կնոջ հետ: Զարուհին ո՛չ հավատաց, ո՛չ էլ չհավատաց, ընդունեց իբրև կյանքի հերթական հարված, իբրև` իրողություն»:
Զարուհուն չի հաջողվում նաեւ երջանիկ մայր դառնալ. տղան հոգեկան խանգարում ուներ, իսկ աղջիկն ամուսնանալուց հետո նախընտրում է մոռանալ մորը եւ նրա մոտ վերադառնում միայն այն ժամանակ, երբ ուներ նրա կարիքը, սակայն մայրը դրանից էլ էր գոհ, որ կարողանում է կյանքի վերջին տարիներին ինչ-որ կերպ օգտակար լինել դստերը:
Հայրենասիրությունը կարծես Զարուհուն մաքրել էր ներսից, նա չափից դուրս միամիտ եւ բարեսիրտ էր տվյալ ժամանակների համար, ինչի պատճառով էլ օրերը մի տեսակ մեծ էին իր հագով: Անգամ կյանքի վերջին տարիներին, երբ Զարուհու աչքերը գրեթե չէին տեսնում, շարունակում էր օգնել հարեւաններին` ձեւափոխելով նրանց հագուստները: Զարուհին մահանում է` չիմանալով, որ «հեռանալով փրկվեց այն սև-մութ տարիներից, որոնք հետևելու էին անկախությանը, ու որոնց համեմատ դրախտ կթվար իր ապրած տառապագին կյանքը»: Սակայն նա վստահ էր, որ շուտով գալու է այն հեքիաթային օրը, երբ մարդիկ ապրելու են արդար երկրում:
Ուշագրավ է հեղինակի` ժամանակի դեմքը բնորոշող պատումները, որոնք շատ բնական եւ հայկական են ստացվել եւ ընթերցողին ամբողջական պատկերացում են տալիս ազգի կոլորիտի մասին: Օրինակ, սուրճը մուտք գործելով Հայաստան` կարծես միավորում է մտավորականությունը, որոնք գնում էին առաջին բացօթյա սրճարան` Կազերյոկ, «որտեղ հավաքվող երկարամազ Բիթլզ լսող տղաները, կարճ կիսաշրջազգեստներով աղջիկները, տարբեր նկուղներից դուրս եկած արվեստագետներն ու մտավորականները պնակներից էին ըմպում նորահայտ հեղուկը, պնակների շուրջ էին վայելում արգելքից ազատագրված արտասահմանյան գրողների ու փիլիսոփաների ստեղծագործությունները: Կյանքի որակն իսկապես փոխվեց»:
Մերսեդեսը… Մերսեդեսն ավելի իրատես էր եւ որքան էլ որ Զարուհին քրոջից փորձում էր թաքցնել Հայաստանում տիրող վատ վիճակը եւ իր դժբախտ կյանքը, վերջինս հասկանում էր` ինչ է կատարվում: Այս մասին է փաստում այն հանգամանքը, որ վերջինս այդպես էլ Հայաստան գալ չի ցանկանում, ինչպես նաեւ քրոջ նամակում առկա շռայլ երախտագիտության խոսքերը` իրենց պարբերաբար ծանրոցներ ուղարկելու առթիվ:
Բնավորությամբ ծանր ու նստակյաց Մերսեդեսը կարծես հոգու պարտքն է համարում քրոջն օգնել, անգամ խոր ծերության ժամանակ անձնվիրաբար շարունակում է ծանրոցներ ուղարկել քրոջը: Մերսեդի անձնվիրությունն իր կուլմինացիային է հասնում, երբ վերջնիս աճյունի փոշին համեմունքի փոխարեն կերակուրների մեջ է օգտագործում Զարուհու դուստրը: Ի տարբերություն մորը, Զարուհու աղջիկը չար էր, սակայն կյանքն էր նրան չարացրել.«Նա չէր ներում տիկին Զարուհուն այն բանի համար, որ հասարակ դերձակ էր, որ նրա հայրենադարձ լինելու պատճառով իրեն ամենուրեք «ախպարի ճուտ» էին կանչել, հոր սպեկուլյանտի համբավի համար, ինչի պատճառով, վերջիվերջո, բանտում հայտնվեց, իր չկայացած ճոխ հարսանիքի համար, որ պիտի ամենահիշվողը լիներ սարիթաղցիների կյանքում, հոգեկան հիվանդ եղբոր համար, ում պատճառով շատ էր ամաչել հասարակության մեջ ու վերջապես այն բանի համար, որ Հունաստանի քաղաքացի մայրը մատը մատին չխփեց ժամանակին հեռանալու համար այդ անիծյալ երկրի»:
Աղջիկն անգամ մի պահ չի տատանվում մոր մահից հետո հոգեկան խանգարվածություն ունեցող եղբորը գժանոց տեղափոխել: Սակայն պատմվածքի վերջում աղջիկը կարծես փորձում է դարձի գալ, եւ մոր թաղումն ու տարին նշում ամենայն ճոխությամբ, որի ձեւականությունը եւ անիմաստությունը ցույց տալու համար գալիս է լրացնելու մորաքրոջ աճյունի փոշին «ուտելու» հանգանամքը:
Զարուհու դստեր չարությունն արտագծվում է, երբ նա մոր մահվան լուրը չի հայտնում մորաքրոջը` մեծ կին է, ծանր կտանի պատրվակով, սակայն իրականում նրանք չէին ցանկանում կտրվել դեռւես ուղարկվելիք ծանրոցներից:
Կենցաղով ապրող աղջիկը կարդում էր արդեն անկողին ընկած մորաքրոջ` մորն ուղղված նամակները եւ զարմանում, թե ինչու է «պառավը այդքան անկարեւոր բաներ գրելու վրա ժամանակ ծախսում այնտեղից այստեղ»` հիշեցնելով մորն իրենց երջանիկ մանկությունը: Զարուհու դստերը հասու չէր այդ նամակների խորքերը չափչփելու հնարավորությունը:
Պատմվածքը շատ ավելի խորն է, քան թվում է. հեղինակին հաջողվել է յուրաքանչյուր բարձրացված հարցի մասին տալ ամբողջական պատկերացում` արհեստական ոչ մի նկարագրություն չմտցնելով պատում: Պատմվածքի հերոսների արարքները պատճառաբանված են, ունեն հոգեբանական խորք, իսկ հերոսները հավաքական են եւ ստացված: Պատմվածքը թուլացնում է միայն վերջին տողերը.«Հարևանուհին ծանրոցն ու նամակը ուղարկել էր մեկ ամիս առաջ, միայն թե թյուրիմացությա՞ն, թե՞ անհեթեթ պատահականության բերումով ինչ-որ խառնաշփոթ էր առաջացել ու նամակը տեղ հասավ ծանրոցից մեկ ամիս անց: ...Դժբախտ Մերսեդես, ի՞նչ իմանար, որ մի օր կերակուր էր դառնալու իր ամբողջ գերդաստանի համար»:
Սա պարզեցնում է պատմվածքը, որի ընթացքն ամենեւին էլ նման վերջ չի կանխատեսում: Կարծում եմ, եթե հեղինակը Մերսեդեսի աճյունի փոշին ուտելու փաստը բացապարզելուց հետո վերջին վերջակետը դներ, ավարտն ավելի ուժեղ կլիներ: Քանի որ դրանից հետո եկող վերոնշալ բացատրությունները թուլացնում են ստացված տպավորությունը: Ուշագրավ մի բան եւս` պատմվածքը շատ «տեսանելի» է եւ որոշ փոփոխությունների դեպքում` հիանալի ներկայացում կստացվի:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ