Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ամենաինտրիգային և ամենակոշտ դիմակայության սպասումներ առաջ բերող ընտրական նախնական գործընթացը Հայաստանում, կարելի է ասել, ավարտվեց անփառունակ կերպով մինչև նախագահական ընտրությունները: Արդեն իսկ գրեթե հարյուր տոկոսով պարզ է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում կարող է պարզապես հաղթել «ըստ պահանջի», և նույնիսկ ընդդիմության համար ձայներ ապահովելու խնդիր կառաջանա:
Սերժ Սարգսյանը երևի թե տոնում է իր հաղթանակը, որը, սակայն, այնքան էլ հաղթանակ չէ: Նա հաղթել է իր մրցակիցներին, սակայն չի հաղթել իրավիճակին, այն իրավիճակին, որ կա Հայաստանում, որի հետևանքով Հայաստանից արտագաղթում են, որի հետևանքով աղքատությունն է ավելանում, որի հետևանքով քաղաքացիների համար իրենց հարազատ պետությունը դառնում է օտար, որի հետևանքով մարդն իր պետության մեջ դառնում է անպաշտպան: Այդ իրավիճակին Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հաղթել, այլև նույնիսկ պարտվել է:
Սա մի պարտություն է, որը կարճ ժամանակի մեջ գուցե չի էլ զգացվում, նույնիսկ բավական կոկիկ ձևով քողարկվում է վիճակագրական ցուցանիշների ներքո, որոնք, իբր, վկայում են Հայաստանում տարբեր ոլորտներում աճի տեմպերի մասին: Սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, իրավիճակի հանդեպ Սերժ Սարգսյանի պարտությունն իրեն ավելի է զգալ տալու, և նա կանգնելու է երկընտրանքի առաջ. կա՛մ հաղթել իրավիճակին, այսինքն՝ իր իրական մրցակցին` եթե կարող է, իհարկե, կա՛մ ստեղծել նոր, արհեստական մրցակիցներ, քաղաքական բուտաֆորիաներ, որպեսզի հետո հաղթի դրանց և հաղթանակի տպավորությամբ շարունակի իշխանությունը, կա՛մ փոխանցել իշխանությունը:
Սակայն մի բան հստակ է, իհարկե, որ ամեն անգամ ավելի ու ավելի դժվար է լինելու մրցակցային բուտաֆորիաներ մատուցելը, և, հետևաբար, ավելի ու ավելի ծանր է լինելու իրավիճակից կրած պարտությունը կոկիկ թաքցնելը:
Սերժ Սարգսյանի ներկայիս հաղթանակը ընդամենը թվացյալ է, և կարելի է ասել, որ հաղթանակ պարզապես չկա»,- կարդում ենք «Ժամանակի» խմբագրականում: