կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 12:59
Առանց Կատեգորիա

Պատգամավորական ''ափսոսանքներ''

Պատգամավորական ''ափսոսանքներ''

Լրատվամիջոցների ավետիսը, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ներողություն է խնդրել օրեր առաջ Ազգային ժողովում «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ, մեղմ ասած` զարմանալի է, որովհետև բուն տեքստից ներողության հոտ իսկ չի գալիս. դա ավելի շուտ ինքնաարդարացման և «գողական» մտածելակերպով սարքած մի տարօրինակ տեքստ է` լի խուսանավումներով ու իրավիճակին անհարիր դատողություններով:

 

Հատկանշական է, որ, ի տարբերություն բարձրաստիճան կուսակիցների, ովքեր չզլացան ու չվարանեցին հենց ներողություն խնդրել, պատգամավորը ոչ միայն «ներողություն եմ խնդրում» արտահայտությունն է բացառել տեքստից, այլ նաև ներողության իմաստին հանգեցնող բոլոր ձևակերպումները, և դա միանգամայն հասկանալի է, քանի որ տեքստից ակնհայտ է, որ միջադեպի համար, ըստ Սեդրակյանի, մեղավոր է առավելապես լրագրողը: Ավելին` պատգամավորը վերջինիս մեղադրում է ոչ միայն իրեն` պատգամավորին անթույլատրելի արարքի սադրելու, այլև անազնվության մեջ. լրագրողն, իբր, միջադեպի վերաբերյալ տեսանյութը մոնտաժել է այնպես, որ այնտեղ միայն սպառնալիք հնչեցնող պատգամավորի խոսքն է, մինչդեռ այդ խոսքը հնչել է բնավ ոչ պատահաբար` դրանք հնչեցնելու «վիճակին» պատգամավորին հասցրել են:

 

Ակնհայտ է, որ դեպքի կապակցությամբ պատգամավորը փորձում է իր համար ապահովել յուրատեսակ աֆեկտի վիճակ, երբ մարդն այլևս պատասխանատու չէ արարքների համար: Ի դեպ, այս վարկածը, որով փորձ արվեց սքողել Մ. Սեդրակյանի պատասխանատվությունը կատարվածի մեջ, հորինվեց դեպքից անմիջապես հետո, նույնիսկ պատգամավորի կուսակիցները փորձեցին արդարացնել իրենց գործընկերոջը և ուղղակի մեղադրեցին լրագրողին:

 

Ինչ վերաբերում է այսօր տարածված հայտարարությանը, ապա պետք է ասել, որ, չնայած նախկին հայտարարություններին, թե ինքը ոչ մի դեպքում ներողություն չի խնդրի լրագրողից, այլ վերջինս պիտի ներողություն հայցի, պատգամավորին թերևս պարտադրվել է հանդես գալ ներողությամբ: Եվ նա հանդես է եկել: Մինչդեռ տեքստը, որով Մ. Սեդրակյանն իր «անկեղծ ափսոսանքն» է հայտնում կատարված համար, բնավ էլ ներողության հայց չէ, այլ լրագրողին ուղղակի մեղադրանք հնչեցնելու հայտարարություն:

 

Դժվար է ասել` Մհեր Արշակյանը կընդունի՞ պատգամավորական այս գոռոզ «ափսոսանքն» իբրև ներողության խնդրանք. դա իր որոշելիքն է: Չենք թաքցնում, սակայն, որ եթե անվերապահորեն ընդունի, ապա պիտի ընդունի նաև լրագրողական հանրությունից շատերի «անկեղծ ափսոսանքը»` ուղղված արդեն իրեն:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ