կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 15:52
Առանց Կատեգորիա

Երբ բարոյական չեն նպատակն ու նպատակադրողը

Երբ բարոյական չեն նպատակն ու նպատակադրողը

Դեկտեմբերի 15-ին «Ժողովուրդ» թերթը գրել է, թե իբր նախօրյակին դաշնակցականները նիստ են արել, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել Արմեն Ռուստամյանի եւ Արտյուշ Շահբազյանի միջեւ: Իբրեւ թե վեճն այնքան է «թեժացել», որ Դաշնակցության համար մի աննախադեպ վիճակ է եղել,  եւ կրքերը կարողացել է հանդարտեցնել միայն Վահան Հովհաննիսյանը: Ի դեպ, վեճի նյութը, ոչ ավելի, ոչ պակաս, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերությունների հարցն է եղել:

 

Հիմա պատկերացրեք, որ ես փորձում եմ ժխտել գրվածը՝ բացատրելով,  թե, օրինակ, թերթի նշած օրակարգը Դաշնակցությունը ոչ թե նիստերի, այլ անգամ առօրյա զրույցների մեջ չունի, որ որեւէ մարմնում բավական ժամանակ իրար հետ նիստերի չեն մասնակցել Արտյուշ Շահբազյանն ու Արմեն Ռուստամյանը եւ այլն: Քանի՞ մարդ թերահավատությամբ չի վերաբերվի նման հերքումներին: Ի վերջո, անկրակ ծուխ հո չի՞ լինում: Ես նպատակ էլ չունեմ ջանք գործադրել նման հերքումների համար, ասեմ միայն այն, որ նախորդ ողջ շաբաթվա ընթացքում Արմեն Ռուստամյանը Հայաստանից բացակայել է՝ խորհրդարանական իր պարտականությունների բերմամբ:

 

Այն, որ նման «տեղեկության» համար որեւէ հիմք չկար, խոսում է այն մասին, որ գործ ունենք հերթական պատվիրված կեղծիքի հետ: Հիշենք, որ նախորդող օրերին լրատվամիջոցներով շրջանառվում էր այն «բացահայտումը», թե Դաշնակցությունն է պատճառ դարձել Գագիկ Ծառուկյանի` թեկնածու չառաջադրվելու հարցում: Թող ոչ ոք չկասկածի, որ այս «բոյի» ստեր առաջիկա օրերին եւս լույս աշխարհ են գալու՝ առնվազն մինչեւ կհանգուցալուծվի ՀՅԴ-ի կողմից թեկնածու առաջադրել-չառաջադրելու «ինտրիգը»:

 

Եթե ընթերցողը չի մոռացել` ապատեղեկատվության ու զրպարտանքի գարշահոտ ալիք վերջին անգամ Դաշնակցության դեմ բարձրացավ ամիսներ առաջ՝ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Ինչպես հայտնի է, հիշյալ ընտրություններն ավարտվեցին, եւ ժամանակը փաստեց բոլոր մեղադրանքների բարոյական որակը: Ինչ ասես, մարդիկ, որ հավանաբար անգամ աղոտ պատկերացում ունեն Խորհրդային միության մասին, լավ սերտել են ստալինյան տխրահռչակ արդարադատության գլխավոր սկզբունքը. «Կա մեղադրանք՝ կա մեղք»: Պարզ խոսքով ասած` ցեխ նետիր ինչ-որ մեկի վրա եւ հետո որեւէ մեկը թող ասի, թե դիմացինը ցեխոտված չէ: Ցավոք, ոմանք քաղաքական մրցակցությունը, ընտրապայքարը, պարզապես ինքնակայացումը այլ կերպ չեն կարողանում պատկերացնել, քան մրցակիցներին վարկաբեկելն ու սեւացնելը: Եթե գոնե չնչին չափով ճշմարտություն պարունակեր ավելի քան քսան տարի Դաշնակցության դեմ հնչած կեղծիքն ու զրպարտանքը, ապա ՀՅԴ-ն այսօր գոյություն չէր ունենալու: Հակառակի պես, բացի Դաշնակցությունից, քիչ թե շատ դերակատարություն ունեցած քաղաքական ուժ չկա, որ այս ընթացքում կա'մ չքայքայվեր, կա'մ չպառակտվեր, կա'մ չայլասերվեր ու չհեռանար որդեգրած դավանանքից: Մեկ այլ խոսակցության թեմա է այն, թե մեր լրատվամիջոցներից շատերն ինչ էժան գործիքի են վերածվել սրա ու նրա ձեռքին: Ես այս մասին գրում եմ ոչ թե հրճվանքով ու չարախնդությամբ,  այլ ցավով: Ցավում եմ, որ մեր շուրջն այսքան մանկուրտներ բազմացան, այն դեպքում, երբ ժամանակին քաղաքում ընդամենը մի քանի անբարոյական կար:

 

Արտյուշ ՇԱՀԲԱԶՅԱՆ