կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 12:02
Քաղաքական

Բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, երբ պատերազմը շարունակվում է. Աշոտյան

Բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, երբ պատերազմը շարունակվում է. Աշոտյան

Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնաղբյուրը ԼՂՀ-ում ապրիլ ամսի պատերազմական գործողություններն են. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին օրակարգերը վերանայվեցին ոչ այնքան բովանդակային մասով, որքան` այդ փոփոխությունների տեմպի եւ խորություն հետ կապված:

«Կարծես կա որոշակի տենդենց որոշ շրջանակներում՝ ստեղծել արհեստական օրակարգեր, որոնք կապ չունեն պետության մարտունակության հետ: Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու եւ նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձ են: Խոսքը վերաբերում է վաղուց օրակարգում եղած հարցերը կյանքի կոչելու հետ` կապված նաեւ ներքաղաքական կյանքի մշտական հարցի հետ՝ ո՞վ է լինելու իշխանություն»,- ասաց Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս, իշխանությունները ձեւավորվում են ընտրություններով, և բարոյական չէ ստեղծել արհեստական օրակարգ, պահանջել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, երբ պարտերազմը շարունակվում է, եւ երբ կա ուժերի մոբիլիզացման կարիք:

«Կան նաեւ դրական տենդենցներ, դրանց աղբյուրը նորից պատերազմն է, որը կուտակած բարոյահոգեբանական լիցքը մենք պարտավոր ենք օգտագործել ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին կյանքում»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ փաստը վկայում է, որ նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակապես լեգիտիմ:

«Այդ շրջանակներն էին, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը,  «Ոչ»-ի ինտենսիվ քարոզ էին անում: Նրանք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը»,- հավելեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ արտաքին քաղաքականությունում իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելը քաղաքական կարճատեսություն է: «ՀՀ-ի` արտաքին աշխարհում ունեցած դիրքն ամրապնդվեց մեր տղաների կյանքի գնով, եւ այդ դիրքը պետք է պահել՝ շարունակելով հասարակական-քաղաքական կոնսոլիդացիան երկրի բարձագույն ղեկավարի շուրջ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը: