Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
50-ամյա Զեմֆիրա Ղուկասյանը երկու երեխաների հետ միասին կարող է դրսում հայտնվել, քանի որ տանտերերը որոշել են վաճառել բնակարանը ու մեկնել արտասահման: Ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել`ամբողջ տան հոգսը թողնելով կնոջ ուսերին:
«Գնորդներն ամեն օր գալիս նայում են, մի օր էլ կհավանեն ու կգնեն բնակարանը, և մենք կրկին կհայտնվենք փողոցում»,- ասաց տիկին Զեմֆիրան, որն իր անչափահաս երեխաների հետ ապրում է Եղվարդում:
Կինն ունի տեսողության հետ կապված խնդիրներ (մի աչքն ընդհանրապես չի տեսնում), այդ պատճառով էլ չի կարողանում աշխատել, ու ընտանիքի միակ եկամուտը կազմում է 27.000 դրամ թոշակն ու նպաստը` միասին, որով կարողանում է միայն տան վարձը վճարել:
Չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ձմեռը մտել է իր իրավունքների մեջ, այնուամենայնիվ, տիկին Զեմֆիրան դեռ չի լուծել բնակարանը տաքացնելու և երեխաներին ձմեռային հագուստով ապահովելու խնդիրը: «Ուտելու համար սրանից-նրանից եմ պարտք անում, որն էլ վճարում եմ թոշակից ու նպաստից մնացած չնչին գումարով: Երեխաները դեռ փոքր են ու կարողանում են սրա-նրա հագուստով յոլա գնալ, բայց չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու, երբ մեծանան»,- իր մտահոգություններն է ներկայացնում նա ու ավելացնում, որ ձմռան վառելիք գնելու հնարավորություն չունի:
Ըստ տիկին Զեմֆիրայի` գյուղում ունեն հողատարածք, բայց հնարավորությունը չի ներում, որ տարածքում ջուր քաշեն ու հողագործությամբ զբաղվեն: «Լավ կլիներ, որ էդ հարցերը լուծվեին, մի հատ էլ դոմիկի ճար կանեի, երեխաներիս հետ լավից-վատից կապրեինք»,- ասաց զրուցակիցս` հավելելով, որ հույսը կապում է երեխաների հետ: Նրանք դպրոցում լավ առաջադիմություն ունեն:
Տիկին Զեմֆիրայի որդու` Հայկի (13 տարեկան է) հասակակիցներն այս տարիքում երազում են լավ հեռախոսի, հագնվելու մասին, բայց տղայի միակ երազանքը տուն ունենալն է: « Որոշել եմ լավ մասնագետ դառնալ, որ լավ փող աշխատեմ ու մեզ համար տուն առնեմ: Ուզում եմ, որ էլ նեղություն չտեսնենք, ապրենք նենց, ոնց որ բոլոր մարդիկ են ապրում»:
Պերճուհի Գեւորգյան
Աննա Մաթեւոսյան