կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 15:12
Քաղաքական

Ընդդիմությունը չի՞ միավորվի

Ընդդիմությունը չի՞ միավորվի

2012 թվականին 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի ամենակարեւոր փաստաթուղթը, որ ընդունվեց, 2013 թվականի պետական բյուջեն էր. լրագրողներին այսօր ասաց ՕԵԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

 

Նա անդրադարձավ պատճառներին, թե ինչու ՕԵԿ-ը կողմ քվեարկեց բյուջեի նախագծին: Առաջինն ու ամենակարեւորն այն էր, որ կարեւոր ու ծրագրային դրույթները, որ տեղ էին գտել ՕԵԿ նախընտրական ծրագրում, տեղ գտան 2013 թվականի պետական բյուջեում: Պատգամավորը անդրադարձավ այդ դրույթներից մի քանիսին ու նշեց նաեւ, որ 2012 թվականի բյուջեն կարող էր լինել ավելի լավը, սակայն աշխարհաքաղաքական այս պայմաններում, երբ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները դեռեւս վերացված չեն, 2013 թվականին, իսկապես, պետք է ունենանք կանխատեսելի բյուջե, որովհետեւ դեռեւս չգիտենք, թե 2013 թվականին ինչ մարտահրավերներ կարող են լինել:

 

Ինչ վերաբերում է հաջորդ կարեւոր իրադարձությանը, դա, Խաչիկ Հարությունյանի դիտարկմամբ, 2013 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացն էր: Իսկ այս առումով գլխավոր ինտրիգը, որը վերջապես իր հանգուցալուծումը ստացավ, ԲՀԿ-ի հայտարարությունն էր, որ թեկնածու չի առաջադրելու եւ որեւէ թեկնածուի չի սատարելու:

 

 

 

Խաչիկ Հարությունյանը անդրադարձավ նաեւ Ազգային ժողովի ձեւավորման ընթացքում ԲՀԿ-ի դրսեւորած քաղաքական ընթացքին եւ նշեց, թե ԲՀԿ-ն քաղաքական պրակտիկայում եւ քաղաքագիտության մեջ նորամուծություն կատարեց եւ իրեն հռչակեց այլընտրանք: Իսկ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի դիրքորոշումն էլ, պատգամավորի կարծիքով, տեղավորվում է նաեւ այս տրամաբանության մեջ:

 

 

Խոսելով ԲՀԿ ընտրազանգվածի` հնարավոր վերաբաշխումների մասին` Խաչիկ Հարությունյանը նշեց, թե ինքն այս հարցում կտարանջատեր ԱԺ եւ նախագահական ընտրությունները: Ինչ վերաբերում է որոշումից շահողներին եւ տուժողներին, պատգամավորը դժվարացավ ասել, թե ովքեր են շահողները, սակայն տուժողների մասով նշեց, որ երեւի այն շրջանակներն են, որոնք սպասում էին, որ ԲՀԿ-ն անպայման պետք է թեկնածու առաջադրի, եւ իրադարձություններն ու զարգացումներն էլ տանում էին դրան: Բանախոսը կարծում է, որ մնացյալ ընդդիմությունն էլ չի միավորվի եւ հանդես չի գա միասնական թեկնածուով:

 

 

Շատ կարեւոր մի իրողություն կա այս ընտրություններում. համոզված է ՕԵԿ պատգամավորը. Մարդիկ` անհատներ, ովքեր իսկապես ինքնաառաջադրվում են, բավականին մեծ հույսեր ունեն, որ կարող է հաղթեն առաջիկա ընտրություններում: Սա պատգամավորը դրական երեւույթ է համարում, ըստ նրա` այս երեւույթը խոսում է այն մասին, որ երկրում ժողովրդավարության մակարդակը որոշակիորեն բարձրացել է: