կարևոր
712 դիտում, 15 ժամ առաջ - 2024-12-28 17:46
Քաղաքական

Արցախի ժողովուրդը պետք է միավորվի Արցախի պետականության շուրջ

Արցախի ժողովուրդը պետք է միավորվի Արցախի պետականության շուրջ

Անցնող տարին ոչինչ չտվեց արցախցիներին՝ ո՛չ վերադարձ, ո՛չ սեփական տանիք, ո՛չ պատանդների վերադարձ, ո՛չ հարազատների շիրիմներին այցելելու հնարավորություն, ո՛չ իրավունքների իրացում․․․:

Արցախցիների իրավունքները շարունակվում են անտեսվել։ Նոր աշխարհակարգում մարդու իրավունքների ճանաչում, ժողովուրդների իրավունքների պաշտպանության բանաձեւեր չեն գործում․ գերտերությունների շահերն են առաջնահերթ։ Դառը իրականության դիմաց հայտնված արցախցիները Մայր Հայրենքում էլ բախվում են մի շարք խնդիրների, որոնք արհեստականորեն բարդացնում են առանց այն էլ դժվարին կացությունը։

ՀՅԴ Արցախի կառույցի համար էլ տարին վերականգնումի տարի էր։ Արցախի կառույցը պահպանվեց, որը հնարավորություն տվեց միավորելու միեւնույն գաղափարի շուրջ համախմբված հայրենակիցների։

Կառույցին ուղեկից միությունների վերակազմավորում, անելիքների վերադասավորում, նոր ռազմավարության ճշտում, Արցախի պետականության գոյատեւման անհրաժեշտություն, պատանդների վերադարձի ուղղությամբ պայքար։

Արցախում գրանցված բազմաթիվ կուսակցություններից շատ քչերն են շարունակել իրենց գործունեությունը Հայաստանում։ Հիմնականում ԱՀ Խորհրդարանական կուսակցություններն են շարունակում գործել։ Պետք է խոստովանենք, որ ժողովրդի մի մասը թեեւ դժգոհ է քաղաքական ուժերից, Արցախի իշխանություններից, որին նպաստում է նաեւ ընդգծված թշնամանքի եւ ատելության տարածումը, սակայն գիտակցում է Արցախի պետականության լինելիության անհրաժեշտությունը։ Հետեւապես, նոր իրողություններում մեր հիմնական անելիքը Արցախի ժողովրդի միավորումն է Արցախի պետական ինստիտուտների շուրջ։ Որքան էլ ցավալի լինի պարտությունը, պետք է համախմբված պայքար՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Արցախի հիմնախնդրի արդար լուծման։

Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է միասնականություն։ Արցախն ունի Սփյուռքի եւ Մայր Հայրենիքի կարիքը։ Չնայած արդյունքները դեռեւս ակնհայտ չեն գերիների վերադարձի, արցախցիների վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ, սակայն ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների, հատկապես Հայ դատի գրասենյակների կողմից մեծ աշխատանք է տարվում նշված ուղղություններով։

Աշխատանքները, որ Դաշնակցության միջոցով իրականացվում է, պետք է համահայակական պայքարի ուղենիշ դառնա։ Մենք դադար չպետք է ունենանք, երբ մեր հայրենակիցները բանտերում են, երբ մեր ժողովուրդը բռնի տեղահանված է իր պապենական օջախից, երբ մեր հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը վնասված է, երբ մեր բռնազավթված երկիրը սպասում է արդարության։

Պետք է պայքարել, համախմբվել, հզորանալ եւ սատար կանգնել մեր ժողովրդին եւ Հայրենիքին, սա է օրվա հրամայականը, նահանջ չկա։

 

«Ապառաժ»-ի խմբագրական

27 դեկտեմբեր, 2024թ․