կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 13:44
Առանց Կատեգորիա

Հայաստանում որտե՞ղ է հայ ժողովուրդը

Հայաստանում որտե՞ղ է հայ ժողովուրդը

Տիգրան Սարգսյանը դեռ զբոսնում է: Կառավարության կայքը չի հասցնում տեղեկացնել, թե ում հետ, երբ եւ ինչու է ԱՄՆ-ում հանդիպել ՀՀ վարչապետը, իսկ նա արդեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում է, որտեղ հանդիպել է, ինչպես մեր կայքերն են նշում, մոլորակի 10 լավագույն տնտեսագետներից մեկի` հայազգի Դարոն Աջեմօղլուի հետ: Արդեն հասկացաք, որ հայազգին թրքահպատակ է, ապրում է ԱՄՆ-ում եւ հավանաբար մտածում է Հայաստանը տնտեսական ծաղկում ապրող 10 լավագույն երկրներից մեկը դարձնելու մասին:

 

Նրանք քննարկել են Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային եւ ապագային վերաբերող հարցեր: Ես այսպես եմ հասկանում` վարչապետը հերոսացել է, թե ինչեր է անում այս երկրի համար, սակայն վստահեցրել, որ միայնակ հնարավոր չէ, ներդրողներ են պետք, տնտեսական ծրագրեր են պետք: Երբ խոսում ես տնտեսության անցյալից, ներկայից եւ ապագայից, դու՝ Սերժ Սարգսյանի կառավարության ղեկավարդ, 10 լավագույն տնտեսագետներից մեկին չես ասի, որ բիզնեսներ ունես այս երկրում, որ հարկային արտոնություններ ունես ու քո նման մի 10-15 հոգի կան: Հաստատ չես ասի, որ համախառն արդյունքի 60 տոկոսն իրականում այդ մարդկանց ձեռքին է, այսինքն` շվեյցարական բանկերում: Դու ամերիկաթրքահայ հանճարեղ տնտեսագետին ներկայացնում ես մեր երկրի բյուջեն, բնակչության թիվը (արտագաղթի մասին ոչ մի խոսք, որովհետեւ Դարոնն ինքն էլ է արտագաղթել, էթիկապես սիրուն չէ Դարոնի (մաքուր հայերենով՝ Տարոնի) ներկայությամբ խոսել արտագաղթից):

 

Ես չեմ կասկածում, որ Դարոն Աջեմօղլուն խորը եւ հանգամանալից լռությամբ է լսել մեր վարչապետին` այդպես էլ չիմանալով, թե որ նախադասությանն ինչով հակադարձի: Որովհետեւ ամեն նախադասության մեջ տեսել է, որ պրոբլեմն ու երկիրն իրար չեն կպնում, այստեղ նրանցից մեկը «մուխլյոժ» է անում՝ կա'մ երկիրը, կա'մ վարչապետը: Բայց հասցրել է մտածել՝ կա'մ երկրում ավելի շատ փող կա, քան բյուջեում է, կա'մ ժողովուրդն ավելի շատ է, քան բյուջեն է թույլ տալիս, կա'մ ժողովուրդ չկա այդ երկրում, եթե այս մարդը վարչապետ է, կա'մ էլ բյուջեի թվերն իրականությանը չեն համապատասխանում անկախ նրանից, թե ինչից է խոսում վարչապետը: Ավելի հակված եմ կարծելու, որ Աջեմօղլուն իրեն մտահոգող հարցերի պատասխաններից ոչ մեկը ո'չ ինքնուրույն, ո'չ էլ վարչապետի օգնությամբ չի գտել, որովհետեւ նա միշտ մտածել է տնտեսություն զարգացնելու եւ զարգացման մեխանիզմների մասին, ոչ թե տնտեսության տակից դուրս գալու եւ դրանից միայնակ կամ ամբողջ երկրում 10-15 հոգով շահելու մասին:

 

Որովհետեւ Աջեմօղլուն լսել է Բելգիայի, Իսրայելի եւ Դանիայի նման երկրների մասին, լսել է Մոնակոյի, Սինգապուրի եւ Լյուքսեմբուրգի նման քաղաք պետությունների մասին եւ գիտի, որ տնտեսությունը եւ բյուջեն բոլորովին տարբեր բաներ են: Հաստատ լսել է հայ ժողովրդի ստեղծագործական հանճարի մասին (սնոբներիս աչքում՝ ինքը գոնե վկա) եւ չի հասկանում, թե Հայաստանին մեջ որտե՞ղ է հայ ժողովուրդը, որ երկիրն էս օրին է: Աջեմօղլուն հավանաբար մտմտացել է անձամբ Հայաստան այցելելու մասին, բայց մեր վարչապետը հաստատ կանխած կլինի: Ինչպե՞ս է կանխել: Դե ուղղակի պետք չէ բացառել նաեւ, որ վարչապետը Մասաչուսեթսում напоследок դժգոհել է նաեւ հայ ժողովրդի ծուլությունից, ինչպես վարվել էր այստեղի համալսարաններից մեկում, երբ ասել էր (ոչ բառացի եմ մեջբերում), որ հայերը չեն սիրում աշխատել, աշխատանք կա, աշխատող չկա:


Սեյրան Հանոյան