Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաձայնելով Մարտի 1-ի հանձնաժողովը ձեւավորել նախագահի ընտրություններից հետո` ՀԱԿ-ն առաջինը ճանաչեց այդ ընտրությունների լեգիտիմությունը: Ընդ որում` ՀԱԿ-ն առաջինը հրապարակավ խոստովանեց, որ այդ ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը: Այսպիսով, Մարտի 1-ի հանձնաժողովի ձեւավորումը առավելագույնն է, որ ՀԱԿ-ը կարող է պոկել ընտրություններից հետո ՀՀԿ-ից:
Իսկ ինչպե՞ս է ընտրություններից առաջ ՀԱԿ-ը ճանաչում ընտրության արդյունքները: Երբ Դավիթ Հարությունյանը Գագիկ Ջհանգիրյանին ասում է, որ ՀՀԿ-ն դեմ չէ Մարտի 1-ի հանձնաժողովի ձեւավորմանը, բայց ընտրություններից հետո, Ջհանգիրյանը համաձայնվում է: Ես ներկա եմ եղել, թե ինչ հեշտությամբ դա արեց Մատաղիսի գործի «կնքահայրը»: Նա նույնիսկ չհարցրեց Դավիթ Հարությունյանին, որ եթե խոսքը իրավապահների կատարած գործողությունների իրավաչափության մասին է, ի՞նչ կապ ունեն ընտրությունները: Նախկին զինդատախազաը համաձայնեց, նույնիսկ ժամանակ չտալով Դավիթ Հարությունյանին կարգին փաստարկել, թե ինչու է վերջինս ուզում հատկապես ընտրություններից հետո քննարկել Մարտի 1-ի հանձնաժողովի ձեւավորումը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն, իհարկե, ասաց, որ ընտրություններից առաջ հանձնաժողովի ստեղծումը ՀՀԿ-ն դիտարկում է որպես քաղաքական իրավիճակին ավելորդ լարվածություն հաղորդելու ազդակ:
Գագիկ Ջհանգիրյանի մտքով չանցավ Դավիթ Հարությունյանին հակադարձել, թե` դուք, որպես իշխող քաղաքական ուժ, ուզում եք հանգիստ հաղթել, մենք էլ ուզում ենք հարամել ձեր անամպ հաղթանակը, որովհետեւ մենք նույնպես քաղաքական ուժ ենք եւ քաղաքական խնդիրներ ենք լուծում: Ջհանգիրյանը չհակադարձեց՝ ի՞նչ կապ ունի քաղաքականությունը այն ամենի հետ, ինչ ուզում է անել ՀԱԿ խմբակցությունը: Նա չհարցրեց, թե ինչո՞ւ դուք՝ ՀՀԿ-ականներդ, պետք է Մարտի 1-ի հանձնաժողովի չձեւավորումով լուծեք ձեր քաղաքական խնդիրները, մենք ձեւավորումով չպիտի լուծենք: Դավիթ Հարությունյանը գրեթե լոգոպեդի հստակությամբ Գագիկ Ջհանգիրյանին ասում է՝ մեզ պետք չէ, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը հարամվի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի կատարված աշխատանքների աղմկարարությամբ: ՀԱԿ խմբակցության պատգամավորը չի էլ հակադարձում՝ ինձ ի՞նչ ձեր Սերժ Սարգսյանը, նրա հաղթանակը: Համաձայնում է՝ ընդունելով ՀՀԿ-ի կանխավարկածը՝ Սերժ Սարգսյանի հաղթանակը կասկածի ենթակա չէ:
Որովհետեւ եթե ՀԱԿ-ը համոզված լիներ, որ ընտրարշավում լինելու է պայքար, եւ Սերժ Սարգսյանի հաղթանակը կանխորոշված չէ, պետք է Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծումը նույնպես դարձներ քարոզչական քայլ: Պետք է դարձներ, քանի որ հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք հենց այդ հանձնաժողովի ստեղծմանն են սպասում: ՀԱԿ-ը փաստեց՝ ով ով, ինքն այս ընտրություններում չկա: Պատահական չէ, որ Գագիկ Ջհանգիրյանի քայլը չընկալվեց հենց ՀԱԿ-ում, որովհետեւ այնտեղ հենց ՀՀԿ-ի դիմադրության վրա էին «խաղադրույք» արել, որպեսզի քաղաքական դիվիդենդներ հավաքեին այդ դիմադրությունից: Ջհանգիրյանը Դավիթ Հարությունյանի հետ համաձայնելով` ընդունեց, որ ՀՀԿ-ի հետ, որպես քաղաքակիրթ քաղաքական ուժի, կարելի է քաղաքական պայմանավորվածություններ կայացնել հողին հավասարեցնելով մի ամբողջ ժողովրդի հուսահատությունը, որ ձեռք է բերել ՀՀԿ-ի 15-ամյա իշխանության արդյունքում:
Այսպիսով, Գագիկ Ջհանգիրյանը նախագահի առաջիկա ընտրություններում, գուցե իրենից անկախ, ՀԱԿ-ին դարձրեց Սերժ Սարգսյանի հաղթանակի կողմնակից, միայն թե ընտրություններից հետո մարտի 1-ի հանձնաժողովը ձեւավորի: Նա, ի վերջո, ընդունեց, որ այդ հանձնաժողովի ձեւավորման բարեհաճությունը ՀՀԿ-ի ձեռքում է: Ինքն իր համար պարոն Ջհանգիրյանը գուցե մտածում է, որ Սերժ Սարգսյանը պարտվում է, եւ հաղթում է, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի շնորհիվ էլ հանձնաժողովի ձեւավորման հարցն ավտոմատ լուծվում է: Չէ՞ որ հենց առաջնորդ փոխվի, խորհրդարանում ներկա բոլոր ՀՀԿ-ականներն ավտոմատ կդառնային հաղթած թեկնածուի կողմնակից:
Սեյրան ՀԱՆՈՅԱՆ