կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-05 13:55
Հասարակություն

Հայ պատանիները հաղթանակած են վերադարձել Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնից

Հայ պատանիները հաղթանակած են վերադարձել Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնից

Հայ պատանիները հաղթանակներ են գրանցել Վրաստանում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնում: «Վրաստանից՝ սիրով» խորագրի ներքո անցկացված միջազգային իրադարձությանը մասնակցել են խմբեր  Հայաստանից ու մարզերից և գրավել մրցանակային հորիզոնականներ: Նշենք, որ պատանիների մասնակցությունը Բաթում քաղաքում անցկացված իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի:

 «Այս տարի կրկին մեր մասնակիցները փայլեցին Բաթումի օպերային թատրրոնում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնում: Այս մրցույթ-փառատոնը ներառում է արվեստի տարբեր ճյուղեր՝ երգ, պար, նկարչություն, թատրոն, ասմունք և այլն: Մրցույթին մասնակցել է 58 հայ պատանի, և նրանց մեծ մասը գրավել է մրցանակային տեղեր»,- նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով նաև Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներից էր:

Մրցութային ժյուրին բաղկացած էր 9 երկրների ոլորտի առաջատար մասնագետներից, պրոֆեսիոնալներից, ովքեր գնահատել են մասնակիցների կատարողական վարպետությունը, շարժումների տեխնիկան, համարի կոմպոզիցիոն կառուցվածքը, տաղանդը և այլ կարևոր հանգամանքներ:

Ռոլանդ Ռեյի (Աբրահամյան) խոսքով՝ միջազգային մրցույթին մասնակցել են 1500-ից ավելի պատանի արտիստներ 15 երկրներից: Նրա հավաստմամբ՝ Հայաստանն առաջին անգամ չէ մասնակցում այս բացառիկ իրադարձությանը, քանի որ «Մինորա» մշակութային կենտրոնը մրցույթ-փառատոնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է:

Հայ պատանիները ներկայացել են տարբեր ոճերում ու տարիքային խմբերում, հանդես եկել ինքնատիպ ելույթներով և վերադարձել հայրենիք հաղթանակներով՝ գրավելով I, II, III տեղերը` տարբեր տարիքային խմբերում: Նշենք, որ իրադարձությանը մասնակցել են Ջիվանու աշուղական դպրոցի` Արմինե Հունանյանի վոկալի խումբը, Հրազդանի «Արամազդ» թատերախումբը, Նոր Գեղիի «Կանթեղ» երգչախումբը, Ծաղկաձորի արվեստի դպրոցի պարային խումբը, Մարալիկի «Անի» պարային համույթը, Երևանի «Արարատ» պարային համույթը, ինչպես նաև ասմունքող Վանաձորից:

Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: