կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-06 19:34
Առանց Կատեգորիա

Սնափառության վնասները

Սնափառության վնասները

Ազգային ժողովը ձայների` 36 կողմ, 61 դեմ հարաբերակցությամբ մերժեց հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած որոշման նախագիծը: Դրանով առաջարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարությանը պարտավորեցնել մինչեւ հաջորդ նստաշրջանը մշակել եւ ներկայացնել ազատ տնտեսական մրցակցության ապահովման եւ ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր:

 

Ինչպես և պետք էր սպասել, որոշման նախագիծը չընդունվեց քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ՕԵԿ տանդեմի դիմադրության պատճառով: Նախագիծը քվեարկության դրվեց` փաստացի առանց քննարկվելու: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, այս կուսակցության համար ուղղակի սենսացիոն համարձակություն դրսորելով, առաջարկել էր 4 ամսով հետաձգել քվեարկությունը` այդ ընթացքում քննարկելու համար: Սակայն ԱԺ նախագահությունը նույնիսկ այս առաջարկությունը բանի տեղ չդրեց: Քաղաքական մեծամասնությունն այնպես արեց, որ այս թեման ԱԺ ամբիոնից չբարձրաձայնվի ընդհանրապես: Ըստ էության` սա նույնն էր, ինչ ընտրական համակարգում փոփոխությունների օրենսդրական փաթեթը քննարկելու համար նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի տապալումը:

 

Իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց, որ ցանկություն չունի կամ պատրաստ չէ քննարկելու մի հարց, որը շոշափում է ՀՀԿ խմբակցության 80 տոկոսի բիզնես, օլիգարխիկ ու կլանային շահերը: Այն հերթական անգամ գործնականում ապացուցեց իր անզորությունը ոչ միայն հասարակության բարոյահոգեբանական ու սոցիալ-տնտեսական հիմքերը քանդող մենաշնորհային համակարգի, այլև դրանից մակաբույծների նման սնվող փոքր շրջանակի հանդեպ իր կատարյալ անզորությունը: Այս քվեարկությամբ վավերացվեց պետության պարտությունը օլիգարխիայի նկատմամբ` անկախ նրանից` ինչպես են հետագայում իրենց քվեարկությունն արդարացնելու ՀՀԿ-ականները:

 

Իշխող կուսակցությունը նման «լուռ» քվեարկությամբ նաև փաստեց, որ հրատապ հարցերի քննարկման տապալումը, դրանց համար պատասխանատվության սանձնումից խուսափումը դարձրել է գործելաոճ, «բարի» ավանդույթ: Թերևս այլ բան հնարավոր էլ չէ պատկերացնել մի ուժից, որի խոսնակը, երկրի օրենսդիր մարմնի փոխնախագահի աթոռն զբաղեցնող անձն ամենայն համոզվածությամբ ու անկեղծությամբ հայտարարում է. «Իշխանությունը նրա համար է, որ ինքը լինի թելադրող ուժը: Ի՞նչ եք ուզում, կարող ա՞ ասենք եկեք, ձեր ուզածով քվեարկենք պրծնենք: Չի կարա էդպիսի բան լինի»: Սա իշխանության լծակներից, ընձեռած «բարիքներից» չափից դուրս երկար օգտվելու պատճառով քաղաքական ու հանրային պատասխանատվության զգացման բթացման և իրականության զգացողությունը կորցնելու հետևանք է, որը ՀՀԿ բանախոսների մոտ սկսել է առանձնակի սրացված, նեւրոտիկ դրսևորումներ ընդունել:

 

Սակայն որքան էլ այս ախտանշանները խղճահարություն առաջացնեն, նման պահվածքը զարմանալի չէ` ՀՀԿ-ում իշխանության նկատմամբ սեփականատիրական պատկերացումների պատճառով: Զարմանալին ավելի շատ այս նախաձեռնության պարագայում ՀԱԿ-ի դրսևորած պահվածքն էր: Երկու շաբաթ առաջ ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը գրեթե նույն տրամաբանությամբ տապալելու փաստն աչքի առաջ ունենալով` ՀԱԿ-ը չէր կարող չիմանալ, թե իր այս նախաձեռնությունն ինչ ճակատագրի է արժանանալու: Եվ չնայած դրան` այն ներկայացրեց որպես անհետաձգելի հարց, այն դեպքում, երբ նույնիսկ խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնեցված չէր: Խնդիրն այն է, որ օլիգոպոլիաների և մոնոպոլիաներիդեմ պայքարի հարցն ընկած էր նաև ՀՅԴ-ի առաջ քաշած` 7 կետանոց քաղաքական պլատֆորմի հիմքում, որը ընդամենը օրեր առաջ էր քննարկվել ՀԱԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում: Ընդհանրապես սա խնդիր է, որն առկա է ընդդիմադիր բոլոր ուժերի առաջնահերթություններում: Փաստորեն, ՀԱԿ-ն շրջանցեց այս օղակները, այս դաշտում ընդհանուր մոտեցումներ ձևավորելու հնարավորությունը: Թույլ տալով որոշման նախագիծը նման հապշտապությամբ դրվի քվեարկության, ՀԱԿ-ը խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերին չափազանց անհարմար դրության մեջ դրեց, որովհետև նրանք փաստացի ստիպված եղան կողմ արտահայտվել մի նախագծի, որը գուցե լրամշակելու, կատարելագործելու, վերափոխելու անհրաժեշտություն էին տեսնում:

 

Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ը պարզապես փորձում է նման ճանապարհներով ստանձնել խորհրդարանական ընդդիմությանը ուղղորդողի հեգեմոն կարգավիճակը և իր պոտենցիալ համախոհներին կամ գործընկերներին պարտադրել շարժվել իր թելադրած խաղի կանոններով` նույնիսկ նման կարևորագույն հիմնախնդիրների քննարկումները տապալելու գնով: Իսկ ընդամենը երեք օր առաջ այս ուժը մեծահոգաբար փոխհամաձայնության գնաց իշխանության հետ` մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկումը հետաձգելով նախագահական ընտրություններից հետո: Այս պայմանավորվածության ձեռքբերումը ՀԱԿ-ը բացատրեց հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը չտապալելու անհրաժեշտությամբ, ինչն անխուսափելի էր լինելու, եթե Կոնգրեսը պնդեր նախագիծը քննարկել ԱԺ այս քառօրյայում:

 

Ուստի հարց է առաջանում` ինչու մի դեպքում նա կարողանում է հանուն գաղափարի, նախաձեռնության գնալ որոշակի զիջումների, իսկ այս դեպքում, այսինքն հակամենաշորհային որոշման այս նախագծի պարագայում, անգամ չցանկացավ նման պայմանավորվածությունների տեսական հնարավորությունները պարզել: Չէ՞ որ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի առաջարկությունը` քվեարկությունը 4 ամսով հետաձգելու վերաբերյալ, ստեղծում էր դրա հնարավորությունը, և այդ ժամանակահատվածը հնարավոր կլիներ ծառայեցնել խնդրի լուծամն հրատապությունը հանրային պահանջի վերածելու և իշխանությանը պարտադրելու համար: Գուցե այդ ժամանակ քաղաքական մեծամասնությունը բոլորովին այլ մոտեցում ցուցաբերեր:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ