Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նրանք նման են քարանձավային կյանք վարող բնակիչների. տարիներ առաջ այսպես է նկարագրել հայ ակնարկագիրներից մեկը' բնորոշելով Աշոցքի տարածաշրջանի գյուղացիներին:
Ժամանակներն անցել են ... 21-րդ դարն, այնուամենայնիվ, հայացք գցել է այս հեռավոր բնակավայրերի վրա, սակայն շատերի «քարանձավային մտածելակերպը» չի փոխվել: Այս հանգամանքը պարզ դարձավ դեռևս ԱԺ ընտրությունների ընթացքում, երբ գյուղացու գրպանը սողոսկեց այդ խղճուկ 5000-անոցը: Իսկ արդեն ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ զգացնել տվեցին մարդկային մտքի ճղճիմությունը: Երևան եկան մարդիկ, ովքեր, նախորդ ընտրությունները չմարսած, շտապեցին նոր արկածներ որոնել' իհարկե, քաջ գիտակցելով, որ, նախորդի համեմատ, այս անգամ իրենց հասանելիքը քիչ է լինելու: 5000-անոցի կողքին շրջանառության մեջ դրվեցին ալյուրը (այն էլ ոչ կանխիկ), հացահատիկը, կարտոֆիլը, խոտը: Վերջինս գյուղացու պարագայում ամենահաջողված ընտրակաշառքն է' հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոտն այս տարի ահռելի գնաճ է արձանագրել, և որ Աշոցքում բնակչության ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է:Որոշ գյուղերում բնակիչները առաջնորդվում էին նախորդ ընտրություններից որդեգրած'«Ով փող տա' նրան էլ կընտրենք» սկզբունքով, բայց այս անգամ փողը քչություն էր անում, և վաճառքի հանված ձայների պահանջարկը, նախորդի համեմատ, նվազել էր:
Հարկ է նշել, որ ավագանու և համայնքապետի ընտրությունների օրը Աշոցքի ընտրատեղամասերում հանգիստ էր, ամեն ինչ կատարվում էր օրենքի շրջանակներում, խախտումներ և բախումներ չեղան, քանի որ ամեն բան նախօրոք էր արված: Օրինակ' Զույգաղբյուր համայնքում թեկնածուները «որսի էին ելել» գիշերը' խախտելով խաղաղ բնակիչների քունը: Իսկ թե ո՞ւմ որսն էր հաջող ստացվել, պարզ դարձավ հաջորդ օրը, երբ համայնքի գործող' հանրապետական գյուղապետը հավաքեց ձայների ճնշող մեծամասնությունը:
Բախտը չժպտաց հարևան Ղազանչի գյուղի (ի դեպ' գյուղ մտնող ճանապարհի ցուցատախտակին գրված էր ազանչի և գյուղացիները կատակով մեկնաբանեցին' տարին տարվա վրա մի տառ պակասում ա) ՕԵԿ-ական' արդեն նախկին գյուղապետին: Նա մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ հազիվ է ազատվել գյուղի պարտքերից, եւ որ վերընտրվելու դեպքում կզբաղվի գյուղի խնդիրներով, որոնք, ի դեպ, այնքան շատ էին, որ գյուղացիները չգիտեին' որից սկսեին: Իսկ ընտրվելու շանսեր ունե՞ր, թե՞ ոչ, գյուղապետը վստահ չէր: Նույնը չի կարելի ասել համայնքապետի մեկ այլ' ԲՀԿ-ական կին թեկնածուի մասին, ով իր կուսակիցներին վստահեցրել էր, թե ինքն արդեն իսկ ընտրված է, և որ տանն իր համար հանգիստ քնած է, քանի որ իր համար «գործ անողներ կան» (ի դեպ, ասում են' ԲՀԿ-ն այստեղ բավականին շռայլ է գտնվել): Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Ղազանչիում ՀՀԿ-ական թեկնածուի օգտին «ավելի լավ էին աշխատել»:
Հանրապետականներն իրենց «հիանալի էին դրսևորել» նաև Սեպասարում, Սարագյուղում, Սիզավետում, Գոգհովիտում, Սալուտում և տարածաշրջանի շատ այլ գյուղերում: ԲՀԿ-ի «թափթփված աշխատաոճն» էլ իր բացատրությունն ուներ' համեղ պատառը Գյումրիում էր, նախևառաջ հարկավոր էր այն յուրացնել, իսկ գյուղերում...
Այն, որ այստեղ էլ մարդիկ իրենց կամքով չէին գնում ընտրության, դժգոհում էին թեկնածուներից կամ իրենց վատ կենսապայմաններից, սովորական երևույթ էր, և հիշեցրեց, թե ինչ երկրում ենք ապրում: Գյուղերում իրար դեմ էին ելել ծանոթն ու բարեկամը, ընկերն ու հարևանը, բարձրացել էր թշնամանքի ալիքը, և այդ ամենը' հանուն ինչ-որ կուսակցության հեղինակության:
Ընտրական թոհուբոհն ավարտվեց, գյուղերում դեռ երկար կխոսեն այս մասին' պարապ ժողովուրդ են, ուրիշ զբաղմունք չկա: Իսկ այ վերևներում արդեն մոռացել են թե' իրենց տված խոստումների, թե' կյանքի տարրական պայմաններից զուրկ, միամիտ գյուղացու ճակատագրի մասին: Կատարվեց այն, ինչը բոլորս էլ գիտեինք: Հանուն կուսակցական շահերի ևս մեկ անգամ աղավաղվեց ժողովրդի դիմագիծը: Է~յ գիտի, Մուրացան, ասում էր գյուղն է պետության հիմքը, ազգային դիմագիծը պահող կարևոր օղակը: Էն գյուղացու թասիբն ու պատիվն էլ չկա~, ուր մնաց գյուղ լինի ու էնտեղ էլ ձևավորվի հասարակություն: Գյուղում էլ մարդ է մնացել: Գնացեք Աշոցքի տարածաշրջան, գնացեք Կարմրավան, Թորոս, Վարդաղբյուր, Սեպասար, Ղազանչի, Սալուտ ... Տեսեք քանի օջախում է լույս վառվում, քանիսի տնից է մանկան ճիչ լսվում, քանիսն են ապրում, քանիսը' գոյատևում:
Մի ժամանակ Աշոցքի գյուղացիների տանիքներին արագիլները բույն էին հյուսում. նայում էիր, ակամայից ժպտում: Էն էլ էնքան ասացին «Առաջ, Հայաստան», սրանք էլ նայեցին առաջ, թռա~ն ու էլ ետ չեկան: Տանտերերն էլ կողպեցին իրենց տան դռներն ու հայդա~' արագիլների հետքերով: Բայց ես հաստատ կվերադառնամ, սակայն վախենում եմ, որ մինչ այդ Ցողամարգում էլ մարգ մնացած չի լինի, Կարմրավանը գրված կլինի Կարմիր գրքում, Ղազանչիի ցուցանակն էլ, տառերն էլ' իսպառ վերացած, իսկ մնացած գյուղերի մասին ենթադրեք ինքներդ:
Թագուհի Մելքոնյան
Աշոցք-Երեւան