Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ի. Բրոդսկին 1988թ. Նյու Յորքում տպագրված` իր То Urania գրքում, որպես թարգմանական գործ, զետեղել է նաեւ այս «բանաստեղծությունը»` «Ստրո՛ւկ, այստեղ արի՛, ծառայիր ինձ» վերտառությամբ։ Այստեղ դրվածը հենց նրա փոքրիկ ծանոթագրումն է։ Իմ ներկայացրածը կարելի է համարել փոխադրություն Բրոդսկուց։
Իսկ ներկայացնում եմ, որովհետեւ նախ` հիշյալ ժամանակների պատկերը չափազանց կարեւոր անկյունից բացող մեկ-երկու տող նկատեցի ու նաեւ` որ հայացքը փոփոխվող բան է, հիմա` սրընթաց փոփոխվող. ինչպե՞ս կընկալվի այսօր արդեն ե՛ւ որպես փիլիսոփայություն, ե՛ւ որպես կատակ ներկայացած տեքստը…
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
«Այս շումերական տեքստը վերագրվում է Ք. Ա. 11-րդ կամ 10-րդ դարերին, եւ մասնագետների շրջանում հայտնի է որպես «Երկխոսություն հոռետեսության մասին»։ Հնում այն ընկալվում էր որպես փիլիսոփայական, իսկ մեր ժամանակներում շատերն այն համարում են կատակ։ Թարգմանության համար ես օգտվել եմ երկու տողացի շարադրանքից. Babylonian Wisdom Literature by W. G. Lambert (Oxford, I960) եւ Ancient Near Eastern Texts Relating to the Old Testament by James B. Pritchard (Princeton, 1955)։
Ի. ԲՐՈԴՍԿԻ
Ստրո՛ւկ, այստեղ արի՛, ծառայիր ինձ
I
- Ստրո՛ւկ, այստեղ արի՛, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Շտա՛պ, երկանի՛վս, լծկան ձիերը բե՛ր: Ես գնում եմ պալատ:
- Գնա պալատ, տեր իմ, գնա պալատ:
Գոհ կլինի արքան, բարեհաճ կլինի նա քո հանդեպ:
- Չէ, չեմ գնա, ստրուկ: Չեմ գնա ես պալատ:
- Ոչ էլ պետք է, տե՛ր իմ: Պալատ գնալ պետք չէ:
Արքան քեզ կուղարկի հեռու արշավանքի.
օտար ճանապարհներ, չարադավան լեռներ.
անլուր կտառապես գիշեր-ցերեկ:
II
- Ստրո՛ւկ, այստեղ արի՛, ծառայիր ինձ։ - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Ջուր բեր եւ ձեռքերս մաքուր լվա, ես ուզում եմ ընթրել։
- Ընթրիր, տեր իմ, ընթրիր։ Երբ հաճախ ես ուտում, բերկրանում է հոգին։
Մարդու ընթրիքն, անշուշտ, իր աստծո ընթրիքն է,
իսկ մաքուր ձեռքերը կնկատի հաստատ Շամաշն ինքը։
- Չե՛մ ընթրելու, ստրո՛ւկ։ Չե՛մ ընթրելու։
- Եւ մի՛ ընթրիր, տեր իմ։ Եւ մի՛ ընթրիր։
Ըմպելիք ու ծարավ եւ ուտելիք ու սով
անբաժան են մարդուց, եւ` իրարից։
Ill
- Ստրո՛ւկ, այստեղ արի՛, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Շտա՛պ, երկանի՛վս, լծկան ձիերը բե՛ր: Գնում եմ դաշտերը։
- Անշուշտ, տե՛ր իմ, գնա՛։ Ազատ թափառական` մարդը
կուշտ է լինում, միշտ ոսկոր է գտնում փողոցային շունը,
չվեկ ծիծեռնակը ավելի լավ գիտի, թե ինչպես բույն հյուսել,
վայրի ավանակը անապատում էլ է թարմ խոտ ուտում։
- Չէ՛, չե՛մ գնա, ստրո՛ւկ, չե՛մ գնա դաշտերը։
- Ոչ էլ հարկավոր է, տե՛ր իմ։ Չարժե՛։
Թափառականը միշտ զոհն է պատահմունքի։
Փողոցային շունը ատամներն է ջարդում։
Չվեկ ծիծեռնակի բույնն են խցում կրով։
Վայրի ավանակը քնում է լերկ գետնին։
IV
- Ստրուկ, այստեղ արի, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Ընտանիք կկազմեմ, զավակներ կունենամ։
- Շատ լավ միտք է, տե՛ր իմ։ Ընտանիք ու զավակ։
Զավակներն են պահում հայրական անունը
եւ հիշում են իրենց աղոթքներում։
- Չէ՛, չե՛մ ուզում, ստրո՛ւկ։ Ընտանիք չեմ կազմի, զավակ չեմ ունենա։
- Ճիշտ ես վարվում, տե՛ր իմ։ Ոչ էլ հարկավոր է։
Ընտանիքըՙ ինչպես կոտրած դուռը, ողջը ճռճռում է։
Երեք զավակներից մեկն է առողջ լինում, երկուսը` միշտ հիվանդ։
Ի՞նչ, ընտանիք կազմե՞լ։ Չէ, գործ չունես։
Զուր կսնանկացնես քո հայրական տունը։
V
- Ստրո՛ւկ, այստեղ արի, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Ես ուզում եմ զիջել իմ թշնամիներին` դատարանում,
եւ զրպարտիչներին ի պատասխան` լռել։
- Անշուշտ, տե՛ր իմ։ Զիջի՛ր քո թնամիներին,
եւ զրպարտիչներին ի պատասխան` լռիր։
- Չէ՛, չեմ լռի, ստրուկ։ Ես չեմ զիջի նրանց։
- Եւ մի՛ զիջիր, իմ տե՛ր, եւ մի՛ լռիր։
Եթե դու բերանդ բաց էլ չանես անգամ,
քո թշմանիները անգթորեն դաժան
կլինեն քո հանդեպ, շատ կլինեն նրանք։
VI
- Ստրուկ, այստեղ արի, ծառայի՛ր ինձ: - Այո, տե՛ր իմ, այո՛, ի՞նչ է կամքդ։
- Ես ուզում եմ չար գործ անել, հասկացա՞ր ինձ։
- Արա՛, տե՛ր իմ։ Անշուշտ, չար գործ արա։
Քանզի եթե չանես, ինչպե՞ս պիտի լցնես որովայնդ։
Ինչպե՞ս չար գործ չանել եւ տաք շոր ունենալ։
- Չէ, չար գործեր, ստրուկ, ես չեմ անի։
- Եւ մի՛ արա, տեր իմ, եւ մի՛ արա։
Չարագործներին միշտ սպանում են հետո,
ողջ-ողջ մաշկազերծ են անում, կուրացնում,
դե եւ` կուրացնում, մաշկազերծ են անում ու նետում են զնդան։
VII
- Ստրուկ, այստեղ արի, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Կին եմ ուզում, ստրուկ, ես ուզում եմ սիրել։ - Սիրիր, տեր իմ, սիրիր։
Միայն կնոջ գրկում դու քո ցավ ու վիշտը կմոռանաս։
- Սիրահարվե՞լ, ստրուկ, չէ՛, չե՛մ ուզում։
- Ոչ էլ սիրահարվիր, տե՛ր իմ, հարկավոր չէ։
Կինը որոգայթ է, ծուղակ, գաղտնի թակարդ։ Պողպատյա դաշույն է`
այրմարդու կոկորդը խրված` խավարի մեջ։
VIII
- Ստրուկ, այստեղ արի, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Փութով ջուր բեր, որ ես իմ ձեռքերը լվամ, զոհ մատուցեմ աստծուն։
- Զոհ մատուցիր աստծուն, աստծուն զոհ մատուցիր։
Եւ դրանով սիրտդ հարստացրու. շռայլ եղիր, լայն բաց քո քսակը։
- Չեմ անելու, ստրուկ։ Զոհ չեմ մատուցելու։
- Եւ դու ճիշտ ես, տեր իմ։ Հարկավոր չէ։
Մի՞թե դու կարող ես աստծուն ընտելացնել,
ինչպես շանը, որ քո հետեւից գա։
Նա քեզանից անվերջ հնազանդություն ու ծես է ուզում,
պահանջում է զոհեր։
IX
- Ստրուկ, այստեղ արի, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Ես ուզում եմ պարտքով փող տալ` տոկոսներով։
- Այո, տուր փողերդ պարտքով ու տոկոսով։
Նա, ով իր փողերը տոկոսով է տալիս, պահպանում է իրենն
ու մի մեծ շահույթն էլ գումարում է դրան։
- Չէ, փող չեմ ներդնի եւ տոկոս էլ, ստրուկ, չեմ սահմանի։
- Ոչ ներդրում արա, ոչ էլ տոկոս ուզիր, պետք չէ, տեր իմ։
Պարտք տալ` ինչպես կնոջ սիրել, իսկ ստանալը նույն է,
թե ունենաս հիմար երեխաներ.
մարդիկ սովորաբար նզովում են նրանց, ում հացն ուտում են։
Նրանք չեն սիրի քեզ եւ կնվազեցնեն եկամուտդ։
X
- Ստրուկ, այստեղ արի, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Ես սխրանք կգործեմ հանուն երկրի։
- Կեցցես, տեր իմ, կեցցես։ Սխրանք գործիր։ Եւ անունդ
Մարդուկի ոսկե մատյանի մեջ կհայտնվի։
- Ոչ մի սխրանք, ստրուկ։ Սխրանք չեմ գործի ես հանուն երկրի։
- Ոչ էլ հարկավոր է, տեր իմ։ Չարժե՛։
Վեր կաց, ոտքով շրջիր հին ավերակներում,
ու գանգերին նայիր ռամիկ մարդկանց, երեւելիների.
ո՞րն է չարագործը, ո՞րն է առաքինին…
XI
- Ստրուկ, այստեղ արի, ծառայիր ինձ: - Այո, տեր իմ, այո, ի՞նչ է կամքդ։
- Եթե դա այդպես է, ապա ի՞նչ է բարին։
- Այ, եթե իմ ու քո ողնաշարը ջարդեն,
հետո գետը նետեն երկուսիս էլ` դա կլինի բարին։
Մարդու ձեռքը երբեք երկինքը չի բռնի,
Ոչ էլ կարող է նա հարթավայրեր, լեռներ` ողջն ընդգրկել։
- Դե եթե այդպես է, պիտի սպանեմ քեզ։
Առաջինը, ստրուկ, թող դու լինես, իսկ ես` հետո։
- Ուրեմն` իմ տերը մտածում է, թե ամբողջ երեք օր
կկարողանա ապրել առանց ի՞նձ։