կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 15:33
Առանց Կատեգորիա

Հայի հետքը Վաշինգտոն նահանգում

Հայի հետքը Վաշինգտոն նահանգում

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում օրեր առաջ խնձորի պլանտացիաների տերերը բողոք են բարձրացրել, որ իրենց բերքը հավաքելու համար աշխատողներ չունեն: Ֆերմերները դրանում մեղադրում են դաշնային կառավարությանը, որը վերջին ժամանակներս որոշ փոփոխություններ է մտցրել ներգաղթյալների մասին օրենքում` դժվարացնելով մուտքը ԱՄՆ:

 

Երբ ֆերմերները փորձել են աշխատատեղերը լրացնել տեղի բնակիչների հաշվին, վերջիններս մեծ գումարներ են պահանջել նման աշխատանքի համար: «Մեզ մարդկանց ուժ է հարկավոր եւ հենց դրա համար էլ այդքան մեծ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն ենք աճեցնում: Մենք չենք կարող դրանք հավաքել առանց աշխատողների»,- հայտարարել են ֆերմերները:

 

Ի դեպ, յուրաքանչյուր տարի Վաշինգտոն նահանգում ձեռքով հավաքվում է 15 մլրդ հատ խնձոր (1,15 մլրդ դոլար), որը կազմում է երկրագնդի ամբողջ բերքի կեսը: Խնձորի արտադրությունում առաջատար դիրք զբաղեցնող Վաշինգտոն նահանգում, թարմ եւ չորացրած այդ մրգից բացի, արտադրում են նաեւ մարմելադ: Նահանգի Քաշմեր քաղաքում դեռեւս 93 տարի առաջ հայերը սկսեցին մի գործունեություն վարել, որն իր տեսակի մեջ առաջինն էր ԱՄՆ-ում: Ինչպես հետո պարզեցինք, ամեն ինչ սկսվել էր այն բանից, երբ կանգ էր առել Ամերիկայի պետականության երջանկությունը, եւ երբ Վաշինգտոնում սկսեցին նոր գործարանների կառուցումը:

 

Այս ամենից եւ ամերիկյան քաղաքականությամբ ոգեշնչված երկու հայեր` Արմեն Դերձակյանը եւ Մարկ Բալաբյանը, հասնում են Ամերիկա` աշխատանք փնտրելու: Ցանկանալով նորություն մտցնել ամերիկացիների համար՝ հենց Քաշմեր քաղաքում հիմնադրում են Liberty Orchards («Ազատության այգիներ») կորպորացիան եւ Aplets & Cotlets («Խնձորենի եւ ծիրանենի») հրուշակեղենի գործարանը:

 

Արմեն Դերձակյանն էմիգրանտ է, որ արեւմտյան կիսագունդ է հասել Օսմանյան կայսրությունից` աշխատանք փնտրելու նպատակով: Գործարանի կողմից տպագրված բրոշյուրներում եւ խանութում փակցված պատմական ակնարկից այցելուները կարդում էին հետեւյալ տողերը. «Գործարանի հիմնադիրները եկել են Թուրքիայից, քանի որ հենց այդ ժամանակ այդ պետությունում բավական լուրջ քաղաքական իրադարձություններ էին ծավալվում: Նրանք ներկայացան որպես հայ»:

 

Քաշմերի խնձորենիներն ամբողջ աշխարհում հայտնի են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ եւ համային երանգներով: Անգամ գործարանի աշխատողներն ասում էին, որ գործարանի հիմնադիրը, առաջին անգամ ուտելով Քաշմերի խնձորրը, բացականչում է. «Սա նույն համն ունի, ինչը կերել եմ իմ ծննդավայրում»:

 

Կորպորացիայի եւ գործարանի հիմնադրման տարեթիվ համարվում է 1918-ը, երբ մեր հայրենակիցներն սկսել են ավելի լուրջ գործունեություն ծավալել, իսկ ամենածաղկուն ժամանակաշրջանը 1935-40 թվականներն էին, երբ Սիեթլում բացվում է առաջին մասնաճյուղը: Քաշմերի գործարանին կից մեծ խանութի վաճառողուհիները մեզ պատմեցին, որ իրենց բնակավայրում շատերն են օգտագործում իրենց գործարանի արտադրանքը, եւ բոլորն էլ գիտեն, որ արտադրամասը հիմնադրել են հայերը: «Գիտեք, շատ լավ արտադրանք են տալիս ու հետաքրքիր տուփերի մեջ են վաճառում, որը հարմար է նվեր տանելու եւ հյուրասիրելու համար»,- ասում է խանութում մեզ հանդիպած ամերիկացին:

 

Ի դեպ, ամերիկյան մարքեթինգում Արմեն Դերձակյանը ժամանակին համարվել է լավագույն մարքեթոլոգներից մեկը, եւ հենց նրա աշխատանքի շնորհիվ իր արտադրած հրուշակեղենը մնում է նահանագի բնակչության սննդի անբաժանելի մասը: Դերձակյանը ցանկացել էր անել այնպես, որ իրենց արտադրատեսակը մտնի ճաշացանկ, եւ այլ ուտեսների հետ ամեն օր մարդիկ օգտագործեն մարմելադ եւ լոխում: Սակայն 1963թ. ԱՄՆ-ում կայացած ուտեսների մասին հատուկ համաժողովում նրան այդպես էլ չի հաջողվում ամենօրյա ճաշացանկում ներառել մարմելադը` պատճառաբանությամբ, թե մարդիկ գնում են այնքան, որքան ցանկանում են: Բայց ինը տարի անց Սիեթլում անցկացված «Քաղցրավենիքի» փառատոնում Aplets & Cotlets-ին շնորհվում է «Գրան պրի»:

 

Գործարանում այժմ աշխատում է 30 մարդ, սակայն մրգի սեզոնին աշխատողների թիվը հասնում է 200-ի: «Մեկ ամսում գործարանն արտադրում է 10 հազար տուփ քաղցրավենիք: Իսկ յուրաքանչյուր տարի 6 հազար տոննա քաղցրավենիք է արտահանվում ԱՄՆ բոլոր նահանգներ, Կանադա, Մեքսիկա, քիչ քանակությամբ էլ` Լատինական Ամերիկա»,- ասաց գործարանի աշխատակցուհին` հավելելով, որ ընկերությունն այժմ արտադրում է 40 տեսակ քաղցրավենիք, որոնց բաղադրատոմսերում գերակշռում են արաբականը եւ հայկականը:

 

Ի դեպ, այսօր կորպորացիան եւ Aplets & Cotlets հրուշակեղենի գործարանը ղեկավարում է Արմեն Դերձակյանի թոռը` Գրեգ Թեյլորը, որի խոսքերով` չնայած գործարանի մեկդարյա կենսագրությանը, այն աշխատում է ավելի ոգեշնչված: Գործարանն ամեն տարի ընդունում է 80 հազար այցելուների: Այս քաղաք այցելելով, այլ տեսարժան վայրեր տեսնելուց բացի, հայերն անպայման այցելում են նաեւ այստեղ, շրջում եւ գրառում հուշամատյանում:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Քաշմեր (Վաշինգտոն նահանգ)-Երեւան

Լուսանկարը` հեղինակի